տիգրան

tigransimonyan.com

Յաճախ մեր ուղեղը աշխատում ա մեր տրամաբանութեանը հակառակ։ Երեւի դա կարելի ա ներքին ձայն անուանել։ Մենք ուզում ենք մի բան, ուղեղը ուրիշ։ Փորձում ա վախեցնել, ճնշել, խաղալ զգայարանների հետ ու համոզել իր ուզածը։

Դիցուք կանգնած ես շատ բարձր շինութեան տանիքում, հագիդ կայ պաշտպանիչ ժիլետ, որը հաստ պարանով կապուած ա ամուր հենարանից։ Դու 100% համոզուած ես որ չես ընկնի, բայց միեւնոյն ա վախենում ես ներքեւ նայել։ Էլ չեմ խօսում ցատկելու մասին։

Եթե վերցնենք էս օրինակը ու պրոյեկտենք մեր կեանքի բոլոր իրադարձութիւնների վրայ, տեսանելի կը դառնայ խնդիրը։ Ուղեղը մանիպուլեատիւ, իռացիոնալ, պաշտպանական համակարգ ա, որը հիմնուած ա պատմական յիշողութեան վրայ։

Երբ ուղեղը սկսում ա օվերֆինք անել, նմանւում ա մեքենաների հետեւից վազող ու հաչող շներին։ Վազում ա ամեն մտքի հետեւից, սկսում ա բորբոքուել ու պաշտպանուել դրանցից։ Բայց մեզ պէտք ա, որ նա հանգիստ նստի ու վերլուծի փաստերը։

Մեդիտացիան հէնց էդ վարժութիւնն ա, որ սովորեցնում ա ուղեղին հանգիստ նստել։ Երբ գլխումդ առաջանում ա միտք, փորձում ես նկատել դա, ասում ես՝ — յէյ, սէնց միտք ունեմ։ Ու երբ նկատում ես, արդէն ուրիշ ձեւով ես նայում դրան, չես գնում հետեւից։ Նոյնը զգայարանների հետ՝ — յէյ, սէնց բան եմ զգում։ Երբ կարողանում ես նկատել մարմնիդ եւ ուղեղիդ փոփոխութիւնները, անուղղակի կերպով դառնում ես դրանց ղեկավարը։ Սովորում ես սահել ծովի այլիքների վրայով ու չես մնում ալիքի տակ։

2000-ականները յիշում եմ ձայներով։ Զանգում էր քաղաքային հեռախօսը, մարդիկ ժամերով խօսում էին։ Յետոյ հարեւանը ծեծում էր պառը, կանչում իր տանը խօսելու։ Բոլորը միշտ խօսում էին։ Եթե անգամ տանը մենակ էիր, բակից լսուող երեխաների աղմուկը չէր թողնի լռութիւն լինէր։ Լռութիւնը չլսուած բան էր։ Նոյնիսկ գիշերը լռութիւն չկար։ Ժամացոյցը տկտկում էր, սառնարանը դռռռռում։ Հոսանքով աշխատող ամէն ինչ ձայն ունէր։ Ձայնարկիչները երաժշտութիւնից բացի իրենց սեփական ձայնն ունէին։ Ամէն ինչ խշշշշշում էր։ Նոյնիսկ գազապարպային սպիտակ լոյսի ձողը։ Աւելի ուշ բջջային հեռախօսները եկան։ Դրանց եկող զանգը դեռ երկու վայրկեան առաջ կարելի էր կողքի բարձրախօսից լսել։ Բարձրախօսը սկսում էր տարօրինակ ձայն հանել։ Նոյնը եղաւ ինտերների հետ, դայլափը նոյնպէս ձայն ունէր։ Երեւի ամէն շէնքում կար հարեւան, որի երեխան նուագել գիտէր։ Այն ժամանակ նոյնիսկ տորթի մոմերը նուագել գիտէին։

Իսկ յետոյ... բոլոր ձայները միանգամից կտրուեցին։

Ինձ համար դժուար ա սահմանել յարաբերութիւնների տեսակները, ձեւերը, կանոնները եւ այլն։ Ես յարաբերութիւնները մի ձեւով եմ հասկանում՝ շփուելու փոխադարձ ցանկութիւն։ Բայց դա չի նշանակում, որ ինձ համար յարաբերութիւնները քմահաճոյք ա։

Քմահաճոյք – իր ախորժակին համեմատ անտրամաբան փափաք՝ որոշում, քմայք: Անկայուն կամք, որ կախված է տրամադրութիւնից։

Յարաբերութիւններ ունենալու ցանկութիւնը կամ դրա բացակայութիւնը պէտք ա լինի հիմնաւոր։ Եւ քան զի մարդն էն ա ինչ կայ ու ենթադրաբար չի կեղծում, ապա յարաբերութիւնները ժամանակի հետ խորանում են եւ ոչ հակառակը։

Ինչ վերաբերում ա յարաբերութիւնների ձեւերին ու տեսակներին, դրանք ինձ համար առարկայական չեն։ Այսինքն կապ չունի մարդը ընկեր ա, հարեւան, ծանօթ, բարեկամ, զուգընկեր թե սիրած։ Դուք ինքներդ էք որոշում ինչպէս յարաբերուել, ըստ ձեր ցանկութեան։ Նոյնիսկ պոստֆակտում կարիք չկայ սահմանել յարաբերութեան տեսակը։ Կարեւորը էն ա, որ կողմերը ցանկութիւն ունենան դրա մէջ լինելու։

Սահմանելը վատ ա նրանով, որ սահմանուած բառերի համար արդէն կան սահմանուած կանոններ։ Ու մարդը ոչ թե մտածում ա իր զգացմունքների մասին, այլ տուեալ կանոններին համապատասխանելու։

Յաճախ մարդիկ ասում են, որ սէրը առանձնայատուկ բան ա յարաբերութիւնների մէջ։ Ինձ համար սէրը միատեսակ ու միաձեւ ա։ Ես սիրում եմ բոլոր մարդկանց որոնց հետ յարաբերութիւններ ունեմ։ Ի հարկէ սէրը քանակապէս կարա տարբեր լինի, ինչէս յարաբերութիւնների խորութիւնը, բայց տեսակը բոլոր դէպքերում նոյնն ա։

Ինչ վերաբերում ա սեքսին, ըստ իս դա ոչ մի կապ չունի յարաբերութիւնների հետ։ Ես յարաբերութիւնները չեմ ընտրում սեքսով պայմանաւորուած, ուղիղ հակառակը։

Ամփոփելով միտքս ուզում եմ ասել՝ չնայած բոլոր պատկերացումներին որ մարդիկ ունեն սիրոյ, սեքսի, ընկերութեան եւ այլի մասին, ինձ համար մնում ա էական միայն մի բան, արդեօք կայ փոխադարձ ցանկութիւն շփուելու թե չէ։

Բառերն այնքա՜ն կախարդական են ու ես այնքա՜ն լաւ եմ զգում դա։ Մենք կախարդում ենք իրար ամէն օր, երբ ուզում են կիսուել պատրանքով։ Պատրանքով քան զի ինքներս ենք արդէն կախարդուած։ Մեզ կախարդել են հէնց նոյն մարդիկ ում կախարդել ենք։

Սա անվերջ շրջան է մտերմութեան, երբ ներկայիդ հարցերը անցեալիդ բառերով կը փարատուեն։ Ու դու ինքդ անցեալի բառերով կը փարատես ընկերոջդ։

Շրջանից դուրս անյայտի վախն է, անփորձի ջանքը, որ դժուար է յաղթել։ Բայց անհրաժեշտ է։ Եւ նոր շրջաններ դեռ պէտք է գան, ուր աւելի յարմար կը լինի մնալը, բայց ես այնտեղ էլ մնալ չեմ կարող։ Զի կախարդողի գիտակցումս աւելի շատ է քան կախարդուողինը։

Միայն երանի՜, որ կախարդելիս կախարդուած չլինեմ։

Տաքսու վարորդին ցածր էի գնահատել (էս ե՞րբ աշխարհը սէնց փոխուեց ։Ճ), սպասարկման բաժնից զանգեցին ճշտելու թե ինչ դժգոհութիւն ունեմ։ Զրոյցի վերջում խնդրեցին, որ միշտ գնահատեմ երթը՝ ծառայութեան որակը բարելաւելու համար։ Դրան ի պատասխան ասացի, որ բոլոր այն երթերը որոնք չեմ գնահատել գոհացրել են։

Ասեցի ու զգացի որքան չգնահատուած ա որակեալ աշխատանքը։ Բայց դրանում աւելի շատ արդարութիւն կայ քան անարդարութիւն։ Մենք սահմանել ենք, որ ընդունում ենք լաւ մարդկանց, բարոյականութիւնը, որակեալ աշխատանքը ու հոգատար վերաբերմունքը։ Ապա այլ կերպ լինել չէր կարող, այլ կերպ մարդիկ աշխատանք են կորցնում, ընկերներ, ազատութիւն, յարգանք եւն։

Էն ինչը բացասական չի գնահատուել լռելեան դրական ա գնահատուած։ Ու եթե դու քեզ գնահատուած չես զգում ապա դու դրական իմաստով գնահատուած ես։

Մի յուսահատուի՜ր։

Յ.Գ. Մէկ այլ միտք այն մասին, որ երբ ինքդ բացասական չես գնահատում վատ արարքը լռելեան անցնում ա դրականի տակ։

Երբ փոքր էի, մի յայտնի (ինձ համար) կազմակերպութեան տնօրէն, ում լրիւ պատահաբար էի հանդիպել ու ծանօթացել, ասաց՝ «Մի սպասի որ մարդիկ կը մտածեն քո մասին, բզի բոլորին ու ասա թե քեզ ինչ ա պէտք։ Հակառակ դէպքում ոչ ոք չի իմանայ»։

Իր ասածը էն ժամանակ էդքան էլ ակնյայտ չէր ինձ համար, զի ես խուսափում էի մարդկանց բզել, մինչդեռ մարդիկ չէին խուսափում իրենց պէտք եղած ժամանակ ինձ նեղութիւն տալ։

Ապա իրօք պէտք ա բոլորին բզել ու թքած ունենալ իրենց յարմարաւէտութեան վրայ։ Դա միջոց ա յարաբերութիւնները իլուստրացնելու, միջոց ա կապ պահելու կամ խզելու, միջոց ա հասկանալու թե ում համար ես պատրաստ ջանք թափել ու թե ով ա պատրաստ նոյնը քեզ համար անել։

Եթե դու պատրաստ չես ինձ օգնել ապա ես պէտք ա իմանամ դրա մասին։ Ես պէտք ա լսեմ ու տեսնեմ, պէտք ա քեզ ցոյց տամ, որ դու պատրաստ չես ինձ համար անել այն ինչ գուցէ վաղը ինձնից կը խնդրես։

Ժապաւէնը նախկինում երբեք լոյս չտեսած, էութեամբ զգայուն բայց ամուր մարմնով մենք ենք, որ կը բացուենք գիշերուայ մթութեան մէջ եւ կը ջանանք յիշել միայն գեղեցիկը։

Ժապաւէնը մեզ հասած հին Երեւանն է, դրա կառուցման ու քանդման պատմութիւնը։

Ժապաւէնը մեր մաշուած ու հնացած երկիրն է, որ կը շարունակի ապրել նոր աշխարհում։

Ժապաւէնը մենք ենք։ Ազնիւ խօսք։

Գրասենեակից դուրս գալուց տաքսի կանչեցի եւ սկսեցի համոզել կատուին, որ գնայ։ Դէ կատուն յամառ կենդանի է, նրան համոզել չի ստացուի։

Մինչ կը փակէի դուռը եւ կը մօտենայի մեքենային, վարորդը որոշեց դուրս գալ ծխելու։ Մտածում եմ՝ ի՜նչ լաւ է, մեքենայի օդը չի կեղտոտուի։

Երբ նա տեսաւ որ մօտենում եմ, բերանից հանեց ծխախոտը։ Սիրալիր առաջարկեցի, որ շարունակի, սակայն նա հպարտօրէն մերժեց։ Ծխախոտը գցեց գետնին, յետոյ ոտքով տրորեց այն եւ նստեց մեքենան։ Նա շատ հպարտ էր, որ ինձ սպասել չտուեց իսկ ես շատ դժգոհ, որ շէնքի դիմաց եւս մէկ տրորուած գլանակ յայտնուեց։

Կէսգիշերից յետոյ դարձածս մարդը խնդրում ա, որ մի-քիչ էլ իր համար ապրեմ։ Մերժել չեմ կարող։

Նա իմ ցերեկուայ չարածն ա արել, իմ ընդունուած համալսարանը՝ աւարտել, իմ վերցրած նախագծերը՝ յանձնել։

Ես նրա սկսած գրքերը կարդալով եմ գիրք սիրել, նրա գտած մարդկանց հետ շփուելով եմ մարդ սիրել, նրա թողած մտքերը յիշելով եմ ինձ հասկացել։

Կէսգիշերից յետոյ դարձածս մարդը, լուսաբացից յետոյ ապրածս կեանքի համար ա վիզ դրել։

Թող հիմա արթուն մնայ ու իր սիրած երաժշտութիւնը լսի, նա արժանի ա։

Կարեւոր բաներ չեմ կարող գրել զի չգիտեմ։ Գրասեղանիս մօտ պատուհան կայ, բայց երբեք դուրս չեմ նայում։ Եթե չլիներ կը նայէի։ Պատուհանի հետեւում ճաղեր կայ, որ գող չմտնի։ Ճաղերը գողին կը յիշեցնի բանտ ընկնելու մասին, բայց մինչ նրա գալը ես կը յիշեմ։

Բանտը հասարակութեան մասին ա։ Մարդիկ հաւաքուել միասին որոշել են, թե ով պէտք ա մեկուսացուած լինի։ Էսօր էլ մէկ-մէկ հաւաքւում նման բաներ են որոշում։

Սեղանիս խառը բաներ կայ, եթե իմ սեղանը չլիներ կը նայէի թե ինչ կայ, բայց որ իմն ա՝ գիտեմ։

Երբ գործ եմ անում հեռախօսս լուռ ա, ձայն չի հանում որ չխանգարի, բայց յաճախ գործից դուրս էլ ա լռում։ Ուզում ա հասկացնի, որ առանց բզել կապ չկայ։ Ասում ա՝ «վերցրու մի բան արա, մէկին գրի, միւսին կարդայ, պատասխանի, որ կապ լինի»։

Հիմա գործ չեմ անում: #միշտ։ Սպասում եմ, որ ժամը 3-ը գայ, որ քոլ անեմ։ Քոլը դա մի բան ա, որը գործ կը համարուի։ Եթե հայերէն ասենք «զանգ» գործ չի համարուի (։

Նոյնն էլ միթինգը, որ գործ կը համարուի եւ բնաւ հանդիպումը չի։

Վերջին երկու տարում դասականով եմ գրում բայց դեռ չեմ կողմնորոշուել ձայնաւորից առաջ, վ-ի փոխարէն «ու» գրեմ թե «ւ»։ Սկզբում միշտ «ու» էի գրում բայց հիմա, որ գրականութեան մէջ շատ եմ «ւ»-ի հանդիպում երկմտում եմ։

Եթե շատ երկմտեմ կարող ա երկատուեմ։ Յետոյ նորից կորցնեմ մի կէսիս ու տէնց շարունակ։