Ալտերնատիվ իրականության մասին
Չգիտեմ ինչ է կյանքը, ինչպես է աշխատում տիեզերքը և ինչ է կատարվում մահից այն կողմ։ Չգիտեմ նաև հանրահաշիվ, քիմիա, ճապոներեն ու դաշնամուր նվագել։ Չգիտեմների շարքս անվերջ է, իսկ ամենասիրած գիտեմս էլի կապված է չիմացածիս հետ՝ գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։
Իմ սիրելին զինվոր է և պատերազմի ժամանակ կռվում էր Շուշիում, ընդհուպ մինչև ամենավեջին գիշերը, երբ պառկած էր երկու գերեզմանաքարերի արանքում և մտածում էր իր հավանական կամ անհավանական հաջորդ լուսաբացի մասին։ Իմ սիրելին, մինչև զինվոր դառնալը, ֆիզիկ-ինժեներ էր և 13 տարեկանից դրոններ էր հավաքում լաբարատորիայում, գրատախտակին սխեմաներ նկարում, իսկ քնելուց Այզեկ Ազիմով կարդում։ Ոտից գլուխ ռացիոնալ, թվերին նվիրված և հաշվարկներով ապրող, իմ սիրելին այսօր ինձ գրկեց և շշնջաց, որ շնորհակալ է, որ իր ալտերնատիվ իրականության մեջ կամ ես։ Ես էլ շշնջացի, որ ես ապրել եմ միայն մի իրականության մեջ, միշտ եղել եմ ու կամ այնտեղ, որտեղ կամ։ Իմ սիրելին գրկեց ինձ ավելի ամուր և ասաց, – Սա իմ երկրորդ կյանքն է, առաջինի մեջ դու չկայիր։ Ես մի քիչ նայեցի իմ սիրելիին ու նա սկսեց պատմել այն ամենը, ինչից հետո կամ ես պետք է խենթանայի, կամ ինքը։
-Երբ որ շրջափակման մեջ էինք, Շուշիի տակ, էլի, գիշերը ուզեցի գնամ ջուր բերեմ։ Սաղին ասում եմ, որ ճանապարհին ծառի ճյուղ խփեց ճակատիս ու ինձ թվաց թե մեռել եմ, բայց էդ այդպես չէր։ Գիշերը, որ ուզեցի գնամ ջուր խմեմ, դուրս եկա ծառերի արանքից և լսեցի փամփուշտի ձայնը։ Վայրկյաններ էր տևում, բայց ես լսում էի, թե ոնց էր այն մոտենում ինձ, ոնց է կպնում ճակատիս, ոնց է մտնում իմ մեջ։ Վայրկաններ էր տևում, բայց ես հասցրեցի վերհիշել ամբողջ անցած կյանքս, բոլոր ընկերներիս և բարեկամներիս, բոլոր ճամփորդությունները Սևան և լաբարատորիայում անցկացրած ամեն մի գիշեր։ Վայրկյաններ էր տևում և ես զարմանում էի, ինչու չեմ ընկնում հատակին, ինչու չեմ զգում տաք արյան հոսքը, ինչու չեմ զգում մահը։ Ձեռքս փորձեցի շարժել՝ շարժվեց։ Մոտեցրի ճակատիս, վախենալով անցկացրեցի փամփուշտի կպած տեղին։
Հետք չկար։
Դու երևի մտածում ես, որ ես գժվել եմ։ Ես չեմ գժվել։ Քարտեզի վրա գտել եմ այն վայրը, որտեղ շրջափակման մեջ էինք։ Գտել եմ այն վայրը, որտեղ ես կանգնած էի։ Գտել եմ այն վայրը, որից ինձ խփել ա սնայպերը։ Իմիջիայլոց, գուգլի, СВД, ինձ դրանով են սպանել։ Ձեր դասարանցի Տիկոն էլ, երեկ ամբողջ գիշեր միասին լացում էինք։ Նարյադում կանգնած մի պահ հարցրել էր՝ դու ալտերնատիվ իրականությանը հավատո՞ւմ ես, ու մենք միասին սկսեցինք լացել։ Իրան էլ էին սպանել ջաբրաիլում։ Հիմա ողջ ա։ էդ ո՞նց են բացատրում։
Ես շվարած նայեցի սիրելիիս։ Երկու օր առաջ ֆիզիկայի վարժություններ էր լուծում, պատմում էր դրոնների պլատաների մասին ու խնդում էր, որ կոտորակները ուշ եմ սովորել լուծել։
-Սիրելիս, – ասացի,– դու ո՞նց կարող ես մահացած լինել, եթե դու հիմա այստեղ ես։ -Ալտերնատիվ իրականություն։
Ես գիժ չեմ, ճիշտ եմ ասում։ Դու տեսնում ես, որ ես գիժ չեմ։ Ես չեմ գժվել։ Ես երեկվա պես մաքուր հիշում եմ, թե ոնց ա փամփուշտը խոցել ինձ։ Ես էդ տեսել եմ, ես էդ զգացել եմ։ Բայց արի ու տես՝ ես հիմա այստեղ եմ, որովհետև մենք ալտերնատիվ իրականության մեջ ենք, ես ապրում եմ արդեն երկրորրդ կյանքս ու դու կաս այս կյանքում, ու ես քեզ սիրում եմ։