Ալտերնատիվ իրականության ու իմ՝ ՀՀ հանդեպ նողկանքի մասին
Երկու օր ա սիրելիիս հետ խոսելուց թեման միշտ հասնում ա ալտերնատիվ իրականությանը։ Մենք խոսում ենք ծաղիկներից, “Պոլիաննայից,” փարթիներից, հետո ինքը կտրում ասում ա, լավ, կզանգեմ ու կորչում ա։
Մարդուն լավ ճանաչելուց ձայնի ամենափոքր դողոցից միանգամից զգում ես, որ մի բան այն չի։ Իմ սիրելիի ձայնը օրվա կեսը դողում ա։ Հարցնում եմ՝ ի՞նչ ա պատահել։
- Դու գիտես այսքանից հետո հե՞շտ ա ապրել։
Ես գիտեմ, որ էդքանից հետո հեշտ չի ապրել։ Հեշտ չի Շուշիում շրջափակման մեջ ընկնել, հեշտ չի գերեզմանոցում գիշերել, հեշտ չի տեսնել մահացած ընկերներիդ, հեշտ չի նայել, թե ոնց ա քո զենքը սպանում քեզնից մի քիչ հեռու գտնվող տասնյակ մարդկանց, թեկուզ և թշնամի։ Հեշտ չի պատերազմ տեսնել, պատերազմ լսել, պատերազմ ապրել նույնիսկ պատերազմից հետո, և ես ամբողջ սրտով ատում եմ Հայաստանի Հանրապետությունը, որովհետև իմ սիրելին 2 ամիս կռվել է ուտոպիկ Հայաստանի համար, ու այդքանից հետո ոչ մեկ չի հարցրել իրենից՝ բալիկ, դու լա՞վ ես քեզ զգում։
էս մի բալիկը իրան լավ չի զգում։ Իրա ընկերները իրենց լավ չեն զգում։ Մարդ սպանող երեխաները իրենց լավ չեն զգում։ Պատկերացրեք ձեզ՝ զենքը ձեռքներդ, մի շաբաթ միայն գրեչկա կերած,( էն էլ եթե բախտներդ բերել ա) օրերով հողի մեջ քնած, շաբաթներով հանգիստ չտեսած։ Պատկերացրեք ձեզ ու պատկերացրեք, թե ոնց ա ձեր փամփուշտը կայծակնային արագությամբ թռչում ավտոմատից, կտրում տասնյակ մետրեր և խրվում դեռ շնչող, տաք արյուն ունեցող մարդու սիրտ։ Պատկերացրեք՝ ոնց է այդ մարդը վերջին անգամ թարթում, հանում վերջին հոգոցը և թավալվում գետնին՝ այլևս երբեք չբարձրանալու նպատակով։
Ռասկոլնիկովը մի անպետք տատիկ ա սպանել և 300 էջ գժվում էր, խենթանում էր, ինքն իր կյանքը ուտում էր։ Մեր կողքին մեծացած, ապրած տղաները իրենց տարիքի, նույն հետաքրքրությունների մարդկանց են սպանել, բայց ոչ ոք իրենց 300 էջ չի տվել՝ այդ բոլոր զգացմունքերը գրի առնելու ու էդ ամենից ազատվելու համար։ Բոլորին թվում ա թե հայ զինվորները ուրիշ են, էլի։ Հայ զինվորի նմանը չկա։ ԲԱՅՑ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՄԱՐԴ Ա։ հայ զինվորը մարդ ա, ու ինքը արժանի ա մարդկային վերաբերմունքի։
Ինչի՞ մինչև հիմա ոչ մի հոգեբան չի գնացել իմ ընկերոջ մոտ և գոնե մի քանի ձևական հարց տվել։ Ինչի՞ մինչև հիմա, առհասարակ, այն բոլոր 18-20 տարեկան տղաները, որոնք կռվել են, գտնվում են բանակում։ Ինչի՞ մինչև հիմա իմ սիրելին ամեն աստծո օր ստիպված ա “չեսծ” տալ էն սրիկային, ով իրենց վաշտին թողել ա Շուշի ու փախել։ Ինչի՞ ա սաղին թվում, որ եթե տղան զինվոր ա, ուրեմն իր համար մարդ սպանել նորմալ երևույթ ա։
Սիրելիիս գրում եմ, որ սաղ լավ ա լինելու, պատասխանում ա, որ էդ առաջին ֆրազան ա, որը ասում են գժերին, ու իմ աչքերից սկսում են հոսել արցունքներ։ Ինչո՞ւ ա իմ սիրելին հավատում, որ ինքը գժվում ա։
Ես մեծացել եմ դաշնակցական, ոտից գլուխ պատրիոտ ընտանիքում, որտեղ առաջին հերթին հայրենիքն է դրված, հետո մարդկային մնացած արժեքները։ Հայրենիքի հանդեպ իմ սերը էնքան մեծ էր, որ փոքր ժամանակից իմ երազանքը նախագահ դառնալն էր, որ Ղարաբաղի հարցը լուծեմ, իսկ հետո Արևմտյան Հայաստանը միացնեմ մեզ։
Բայց ինչիս ա հիմա պետք էն Հայաստան երկիրը, որը նույնիսկ իր զավակներին ա անտեսում։ Ինչիս ա պետք էն Հայաստան երկիրը, որտեղ իր զավակները հոգու ցավից են մեռնում, իսկ իրանց ցավազրկող են ներառկում, որ մարմինը բթանա։ Ինչիս ա պետք էն Հայաստան երկիրը, որտեղ ես նստած ալտերնատիվ իրականության փաստարկներ եմ կարդում, որ համոզեմ ընկերոջս, որ ինքը գիժ չի, որ էդ ամեն ինչը հնարավոր բան ա։
Ինձ էսպիսի Հայաստան երկիր պետք չի։ Ինձ պետք ա, որ մեր բոլոր տղաներին տանեն հոգեբանների մոտ, որ մեր բոլոր տղաների հետ խոսեն, որ մեր բոլոր տղաներին գրկեն ու ասեն, որ ամեն ինչ մեկ ա լավ ա լինելու։ Էս պոստ-պատերազմյան տրավման ուշ ա երևում, բայց նենց ուժեղ ա խփում, որ երկար ժամանակ էլ ուրիշ բաներից չես կարողանում մտածել։
Եթե դուք ունեք ընկերներ և ծանոթներ, որոնք պատերազմին մասնակցել են՝ խոսեք իրենց հետ, գրկեք նրանց, սիրեք նրանց։ Իրենցից ամեն մեկը հիմա էնպիսի ներքին դրամա ա ապրում, որը մենք չենք կարողանում նույնիսկ ընկալել։
Մարդուն մարդ ա պետք, փորձեք լինել էդ մեկ լսող-հասկացող-կարեկցողը գոնե հիմա։