Ձախողված պատմություն, բայց էս իմ համար ա։

ՆՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ

Անհարմարության ու բանտարկվածության զգացումը խեղդում է Մովսեսին։ Նա գտնվում է տիեզերանավի կապսուլայում՝ լարերով անշարժ ամրացված իր խցում։ Մովսեսը սառույցի կտոր է, որտեղ ներբեռնված է բանականություն, հիշողություններ և երազներ, անցյալի վերապրումներ և ապագայի ցնորք, որի իրական լինելու մասին նա չի կարող դատել։ Մովսեսը կորցրել է ցանկացած կապ սեփական մարմնի հետ՝ թողնելով միայն բանականությունը, որը որոշում էր նրա էությունը։ Սեփական մարմինը՝ նրա ֆիզիկական ներկայացուցչությունը տիեզերքում, ոչնչացվել էր։ Մովսեսը վերապրում է իր և իր, որպես տեսակի, էվոլյուցիան։ Նրա ամեն մի նեյրոնը կապված է այլ նեյրոնների հետ ու ստեղծում է միասնական գործող համակարգ՝ ուղեղ, որը և՛ բնական է, և՛ արհեստական։ Համակարգի յուրաքանչյուր մակարդակում գեներացվող տեղեկատվությունը ուղարկվում է դեպի գլխավոր համակարգիչ, որը կազմված է բազմաթիվ կլոնային բանականություններից։ Մովսեսի կյանքը հիշողությունների գաղութ է, որոնցից յուրաքանչյուրը ապրում ու մահանում է՝ Մովսեսին հաղորդելով ազդակ, որ նա դեռ կենդանի է, թեև նրա ապագան իր համար ոչինչ չի կարող գեներացնել բացի անցյալի ստվերներից և անիրական երազներից։ *** 2089 թվականի գարուն, Երկիր մոլորակ։ Մովսեսը քայլում էր Մարսյան համերաշխության այգում, որը զարդարված էր երկաթյա քանդակներով՝ պատկերող երկրում երբևէ գոյատևած կենդանի օրգանիզմներին՝ ծառերին։ Մովսեսի հիշողությունները տանում էին նրան դեպի այդ վայրը, քանի որ թվում էր, թե հենց այդ վայրում տրված սահմանումներն են, որ սկզբնավորել էին Մովսեսի ներկայիս էությունը որպես լողացող բանականություն։ Մարսյան Համերաշխության այգին իր հետ բերում էր Մովսեսի բարեկամ Սողոմոնյանի հետ զրույցների պատկերը։ Սողոմոնյանը Մովսեսի հոր և այժմ, նաև, Մովսեսի մտերիմ ընկերն էր. նա գիտնական էր, ով զբաղվում էր տիեզերքում այլ կենդանի օրգանիզմների գոյության մասին տեսությունների վերլուծությամբ։ Սողոմոնյանը տեսաբան էր, որի կարծիքը միշտ կարևոր էր տիեզերքի ցանկացած հետազոտության սկզբնավորման համար։ Սողոմոնյանը քայլում էր Մովսեսի հետ երկաթյա կառույցների այգում և զարմանքով նայում իր շուրջը։ Նրան վախ էին ներշնչում ծառերի երկաթյա հուշարձանները, որոնք ստվերում էին նրա պատկերը ու քողարկում ճշմարտությունը։ Այս երկաթյա ծառերը անկենդան էին և անփոփոխ ապահով պաշտպանն էին արևի վառող ճառագայթներից։ Ծառերի հսկա սաղարթի ներքո մարդիկ թաքնվում էին քաղաքի աղմուկից։ Ծառերը անփոփոխ մետաղի գույն ունեին․ ոչ ոք չէր ցանկացել այս ծառերին պարգևել բնօրինակի հմայքը։ Նրանք գեղեցիկ էին, բայց և՝ միանման․ ծաղիկներ նրանք երբեք չէին տա ու պտուղ էլ չէր լինի, միայն սաղարթ՝ որպես վահան։ – Կար մի ժամանակ, երբ ես տեսություն էի առաջադրել, որ երկրի ծառերի ոչնչացումը կբերի մարդկության ոչնչացմանը։ Ես սխալվել էի։ Մարդիկ, ի վերջո, կարողացան արհեստական կերպով ապահովել թթվածնի մակարդակը օդում՝ առանց ծառերի և, ընդհանրապես, բույսերի։ Ես զարմանում եմ, թե ինչպես է ժամանակը հաղթում իմ տեսություններին և ապացուցում, որ ցանկացած կանխատեսում ավարտի մասին չափազանցություն է։ – Բայց խոստովանեք՝ աշխատանքը իրոք արժանի է հիացմունքի։ Ես երբեք ծառեր չեմ տեսել, և այս կառույցները ինձ թվում են իդեալական։ – Այո, աշխատանքը կատարյալ կրկնօրինակում է, բայց եթե ես տիեզերագնացների հերթական խումբը ուղարկեի նոր մոլորակ, սա այն չէր լինի, ինչը ես կցանկանայի գտնել այդ մոլորակում, քանի որ կենդանի օրգանիզմը կարող է հաղորդակցվել կենդանիի հետ․ մնացած ցանկացած ասոցացիա արհեստական է, ինչպես կեղծամը։ – Իսկ արդյո՞ք արհեստական համակարգեր ստեղծելու կարողությունը չի խոսում մոլորակի բնակիչների ինտելեկտի մասին։ – Ոչ միշտ, Մովսես։ Մարդու բանականությունը առաջնորդում է նրան դեպի նոր հորիզոններ, դեպի զարգացում, սակայն այդ ամենը միայն առաջին հայացքից, որը զուրկ է իրական իմաստից։ Արհեստական կյանքը ստեղծում է պատրանք՝ մենք կարող ենք վերստեղծել այն, ինչը մեր սեփական ձեռքերով ոչնչացրել ենք։ Բայց իրականում կյանքը երբեք չի կարող կրկնվել. ամեն վայրկյանը անկրկնելի է, մենք չենք կարող կանգնեցնել դա և չենք կարող կրկնել։ Մենք կարող ենք միայն ստեղծել դրա հուշարձանը, որպեսզի չունենանք մեղքի զգացում։ Կամ մենք կստեղծենք անկառավարելի ուժ, որին դիմադրել չենք կարողանա, և այն կատարյալ աշխարհը, որը մենք ցանկանում էինք ստեղծել, կապստամբի մեր դեմ՝ իր անկատարելիության մեջ մեղադրելով մեզ։ Արհեստական կյանքը սեփական հավերժության ու կատարելիության խաբկանքն է։ – Ինձ թվում է՝ Դուք շատ խիստ եք դատում։ – Միգուցե: Ես սպասում եմ, որ ժամանակը կհերքի իմ այս տեսությունը նույնպես, – ասաց Սողոմոնյանը դառը ժպիտով, և նորից անդրադառնալով Մովսեսին ասաց, – միգուցե մի օր Մովսեսները քեզ ավելի լավ հասկանան, քան ես։ – Պրոֆեսոր, ես ձեզ իրոք չեմ հասկանում։ – Ես կատակում եմ, Մովսես, դա կատակ է, – Սողոմոնյանը ծիծաղեց սեփական կատակի վրա՝ պարտադրված ծիծաղով, որին միշտ հաջորդում էր դեմքի լրջագույն արտահայտությունը՝ ենթադրող, որ պրոֆեսոր Սողոմոնյանն անդարձ խճճվել է սեփական մտքերի ցանցում, որտեղից նրան էլ ոչ ոք չի կարող ազատել։ Մովսեսը գիտեր, որ այգին պրոֆեսորին անհանգստացնում էր նաև այլ՝ անձնական պատճառներով, ինչպես և իրեն։ Բայց դրա մասին նրանք երբեք չէին խոսում։ Մարսյան համերաշխության այգին վայր էր, որը մատնանշում էր Մարսը բնակեցրած մարդկանց ու Երկիրը բնակեցրած մարդկանց միջև հավերժ համերաշխության կնքումը․ ինչ էլ որ պատահեր, մարդիկ երբեք չպետք է կռվեին միմյանց դեմ։ Մարսյան այգին միակ վայրն էր, որտեղ կային ծառերի հուշարձաններ․ մարդիկ պետք է հասկանային ազդակը, որ չդառնան այս ծառերի նման, բայց ավա՜ղ։ Դա պայման էր, որից հետո տեղի էին ունեցել միջմոլորակային երկու պատերազմներ միևնույն տեսակի ներկայացուցիչների՝ մարդկանց միջև։ Ներտեսակային գոյության պայքարը չէր կանխվել ոչ մի պայմանագրի կնքմամբ։ Այգին համերաշխության խորհրդանիշն էր, որն այդպես էլ չդարձավ իրականություն։ Դա այն էր, ինչ այգու մասին հայտնի էր այլ մարդկանց։ Մովսեսի համար այգին հիշողության մեջ լող էր տվել որպես սեփական «ես»-ը հոգնակի դիտարկելու վայր։ Մարսյան Համերաշխության այգին տապալված խորհրդանիշ էր, ինչի արդյունքը Սողոմոնյանի որդու, և հետո նաև Մովսեսի հոր մահն էր պատերազմում։ Մովսեսը քայլում էր այգում՝ շրջապատված անկենդան հուշարձաններով, Սողոմոնյանի նկատառումների մասին հիշողություններով, երբ ակնթարթորեն այգին անհետացավ ու տեղափոխեց Մովսեսին դեպի այլ վայր, որտեղ Մովսեսի ով լինելը իմաստազրկված էր։ Նա լողում էր սեփական մտքերում՝ գեներացնելով նոր պատկերներ․․․ Սա երազ էր՝ համեմված իրական հուշերով։ Մովսեսը շրջապատված էր Վատանաբե ընկերության վերջին մոդելի կլոններով, որոնք բոլորը պատկերում էին Մովսեսին։ Նրանք բոլորը կենդանի բջիջներից էին, բոլորը՝ Մովսեսի ճշգրիտ պատճեները։ Սակայն այս Մովսեսները անշարժ էին ինչպես ծառերը Մարսյան համերաշխության այգում։ Նրանք գամված էին աթոռներին ու նայում էին Մովսեսին Մովսեսի աչքերով, սակայն անկենդան, բանականությունից զուրկ հայացքով՝ նման համակարգչի անջատված էկրանին։ Նրա սեփական «ես»-ի հուշարձանները բանտարկված էին սենյակում։ Դրանք անջատված, բայց ֆիզիկապես գոյություն ունեցող կենսազանգվածներ էին։ Ո՞վ է նա, եթե ոչ մեկը տասնյակ հուշարձաններից։ Մովսեսը փորձում էր մոռանալ այդ սենյակը, սակայն մղձավանջը կրկնվում էր ու միակ երազը, որը ցանկալի էր, դա այդ իրականությունը որպես երազ ընկալելու երազն էր։ Այն ինչ բանատարկված էր սենյակում՝ Մովսեսների կրկնվող օղակներից կազմված այդ շղթան, մի օր ազատ էր արձակվելու։ Ֆիզիկական կենսազանգվածը ստանալու էր բանական իմաստ ու պայքարելու էր հուշարձանների այգու արևի տակ ջերմանալու իրավունքի համար, թեև արևը չէր կարող ջերմացնել դրանց... *** Մովսեսը լողում էր սեփական աշխարհում, որը մղձավանջ էր՝ երբեք չավարտվող, կրկվող և էվոլյուցիա ապրող։ Նրա նեյրոնները հաղորդակցվում էին այլ Մովսեսների հետ, ինչպես կասեր Սողոմոնյանը՝ «կենդանին կենդանիի հետ»։ Ամբողջ տիեզերքը դարձել էր զարգացող, դինամիկ երազ՝ պտտվող Մովսեսի սառցե ապաստարանում՝ կապված այլ կոլեկտիվ բանականության հետ։ Որտե՞ղ է այն սկիզբը, որտեղ՞ է Մովսեսը՝ ինքը։ Մովսեսն իրեն տեսնում է որպես անվերջ փոքր ու միաժամանակ անվերջ տարածվող մարմին։ Որտե՞ղ են սկսվում Մովեսի մտքերը, որտե՞ղ են ավարտվում նրա ընդարձակումների ազդակները։ Իր էվոլյուցիան սկսվում է ինչ-որ անորոշ կետում. նրա մարմնի ձևը, չափսերը, բանականությունը ընդարձակվում են, բարդանում։ Կա՞ր արդյոք իմաստ լինել այդքան բարդ: Բարդությունը ծնել էր Մովսեսի երազները։ Եթե նա լիներ ավելի պարզ, նա երբեք չէր թռչի այդքան վեր․․․և չէր լինի այդքան ընդարձակ։ Ավելորդ բարդության բեռը նրա սեփական էվոլյուցիայի արդյունքն էր, որը ստեղծել էր Մովսեսին որպես առանձին տեսակ։ Մովսեսը այժմ հեռու էր մարդ լինելուց, բայց նրա բոլոր զգացմունքները հետքն էին նրա երբևէ որպես մարդ գոյատևման։ Նա այժմ ավելի շատ հիշեցնում էր համակարգչի, որին մոռացել են, անջատել․․․ *** 2090 թ․։ Մովսեսը 28 տարեկան երիտասարդ էր՝ մեծ անթափանց աչքերով ու թուխ մաշկով։ Նրան հեշտ է ճանաչելը․ արծվաքիթը ու լայն ճակատը նրան դարձնում են յուրօրինակ։ Դա այն պատկերն էր, որ ուներ նա և Մովսեսները։ Մովսեսը հիշում էր, թե ինչպես էր զբոսնում Երկրի ու Մարսի բազմամարդ փողոցներում, ինչպես էր ամեն անգամ արհամարհանքով և թեթևակի հեգնանքով ընթերցում ազատ պատերին բուսնած Վատանաբե ընկերության պաստառները․ «Միանման էակները չեն պատերազմում»։
«Տեսակային նմանությունը սահմանափակ է։ Մարդը հաշտ է միայն ինքն իր հետ»։ «Կլոնավորումը մարդկության ապագան է»։ «Կլոնավորումը պատերազի կանխման միակ ուղին է»։ Պաստառները սովորաբար պատկերվում էին կապույտ ու կարմիր գույներով՝ որպես երկու մոլորակների խորհրդանիշ։ Երբեմն պաստառներին պատկերվում էր անդեմ մարդկանց ամբոխը․ դա այն կլոնների ամբողջությունն էր, որը երբեք չպետք է պատերազմեր։ Այս պաստառները ծածկում էին քաղաքի դատարկ պատերը, կոչ անում ընդունել կլոնավորման և եղբայրության գաղափարները, որոնք մշակվել էին Վատանաբե ընկերության կողմից։ Ոչ ոք չգիտեր Վատանբե ընկերության իրական հասցեն, չգիտեին, թե ով է Վատանաբեն։ Բոլորը ենթադրում էին, որ առավել հավանական է, որ Վատանաբեի նախնիները ճապոնական կղզիների բնակիչ են եղել, թեև չէին բացառում, որ անվանումը կարող է լինել միջոց, որը օգնում էր Վատանաբեին միշտ ապահով թաքնվել ու գործել ստվերում։ Բոլորը գիտեին, որ Վատանաբե ընկերությունը խոշորագույն ընկերություն է՝ կլոնավորման հետազոտություններով զբաղվող։ Վատանաբեն առեղծված էր, որը շրջում էր պաստառների կերպարանքով։ Պաստառները կանխագուշակում էին Մովսեսի ապագան, էությունը, դրանք շրջապատում էր նրան, գոռում նրա վրա կարգախոսներով։ Բայց Մովսեսը շարունակում էր ապրել այնտեղ, որտեղ ապրում էր։ Իրականությունը սահմանված էր նրա համար չափից պարզ՝ «այստեղ և հիմա»։ Նա չէր տվել իրականության սահմանումը. ավելի խելացի մարդիկ, գուցե Սողոմոնյանի նման հանճարները, ծիծաղեին Մովսեսի վրա։ Սակայն դա այն էր, ինչ նա այդ ժամանակ ի վիճակի էր ընկալել. ազդանշանները լռեցնելը այն էր, ինչի շնորհիվ նա համարվում էր Երկրի նորմալ քաղաքացի։ Իսկ պաստառները ընդամենն անհայտ խելագարի կատակ էին թվում։ Մովսեսը չգիտեր ոչինչ և շարունակում էր ապրել որպես մարդ։ *** 2095 թ․ Մարս։ Մովսեսին տանջում էին մղձավանջները։ Նա տեսնում էր, թե ինչպես է Մովսեսը սպանում կնոջը՝ Աշխենին և իր ընկերներին։ «Դա ես չեմ, ես մեղավոր չեմ»,– կրկնում էր ինքն իրեն Մովսեսը՝ սարսափով գիտակցելով, որ ոստիկանությունը փնտրում է Մովսեսի՝ կարևոր չէ, թե որ։ Այլ երազում Մովսեսը հաճախ էր տեսնում, թե ինչպես է Սողոմոնյանը խիստ հայացքով նայում իրեն, նախատում, անվանում մարդասպան։ Երազները հաջորդում էին մեկը մյուսին։ Աշխենը ինքը վերածվում էր Մովսեսի ու դանակահարում Մովսեսին։ Մովսեսները սկսում են շրջապատել Մովսեսին՝ հարցնելով իր սեփական անցյալից։ Մովսեսը ոչինչ չի հիշում։ Մովսեսի կլոնները գոռում են նրա վրա, ասելով, որ Մովսեսը իրական չէ։ Իր երազում նա միակն է, ով Մովսեսը չէ. քաղաքը վխտում է Մովսեսներով, բայց նա միակն է, ով դեմք չունի ։ Այդ ժամանակ Մովսեսը խելագարության եզրին էր, նա ընդունում էր մեծ քանակությամբ հոգեմետ դեղեր, որոնցից թվում էր թե օգուտ չկա։ Ամիսը մեկ նա ավելացնում էր չափաբաժինը՝ առանց իր բժշկի հետ խորհրդակցելու։ Նա այլևս չէր հասկանում, թե որն է իրականություն և որը երազ, քանի որ երազները միայն իրականության հայելին էին՝ ջարդված ապակու սրեցված եզրերով։ Մովսեսի սավառնող բանականությունը Մովսեսին հիշեցնում է իր վերջին երազի մասին. Մովսեսը պետք է ընտրեր՝ կամ դառնալ Մովսեսների գաղութի առաջնորդը, կամ ոչնչացնել իրեն, աշխարհում թողնելով անթիվ անհամար Մովսեսներ՝ անորոշ ապագայով ու նպատակներով։ Նա ընտրություն չէր կարողացել կատարել, և բոլոր Մովսեսները մահացել էին՝ այդ թվում և նա։ Արդյո՞ք կապսուլայի մեջ բանտարկված ուղեղը կենդանի է, միգուցե նա իրոք մահացել էր, մահացել էին կլոնները և այս վերջին երազը կանխագուշակումն էր նրա մահվան․․․ *** 2092 թ․, Երկիր, Սողոմոնյանի գրասենյակ։ Սողոմոնյանը երեխային բնորոշ ոգևորվածությամբ պատմում էր Մովսեսին իր վերջին հայտնագործության մասին. – Երբ մարդիկ տեղափոխվել էին Երկրից Մարս, մարդիկ իրենց հետ դեպի Մարս էին ներմուծել Երկրի համար սովորական մանրէների։ Այդ մանրէները Մարսում ադապտացվել էին և ձեռք բերել նոր հարմարանքներ։ Իմ տեսության վրա արված ֆիլոգենետիկ հետազոտությունը ցույց էր տվել, որ դրանք արդեն նոր տեսակի մանրէներ են։ Պատկերացնում ես, տղաս, սա աննման արագ էվոլյոցիա է։ 2035 թվականին առաջին տիեզերանավի հետ Մարս ներմուծված բազմաթիվ մանրէներից մեկը մեզ բոլորիս հայտնի Escherichia coli-ն էր։ 2090 թվականին այդ նախնական Escherichia coli-ն արդեն այլ մանրէ էր։ Խոսքը նոր շտամի չէ, այլ ձևափոխված նյութափոխանակությամբ նոր մանրէի մասին է։ Մենք նախնական նրան անվանել ենք Marsus coli: Սակայն կարգաբանները դեռ ինձ հետ երկար են բանավիճելու, ախ այդ … – Այո, ճիշտ եք, կարգաբանները սիրում են կռվել անվանման համար, բոլորը ցանկանում են աշխարհին տալ անվանում՝ դաջվելով պատմության մեջ։ Բայց, պրոֆեսոր, ինձ այլ հարց է անհանգստացնում։ Դուք ինձ պատմել էիք, որ մանրէի սերունդները հենց կլոններ են։ Ե՞րբ իմ կլոնները կվերածվեն Marsus movses-ի։ Երեկ ես տեսել եմ ինձ նման մեկին սրճարանի մոտ, իսկ մեկ այլ մյուսին իմ տանից դուրս գալուց։ Մեկ այլ ինձ նման մարդ, աղբամանում սնունդ էր փնտրում։ Այդ ինձ նման մարդիկ․․․նրանք ինձ սարսափեցնում են։ Ինձ նման այդքան մարդ շրջում է տիեզերքում, նրանք ինձ հետ նույնական են, բայց թվում են այդքան օտար․․․ես կցանկանայի, որ նրանք անհետանան։ – Մովսես, ցանկացած կլոն իրավունք ունի ապրել իր էվոլյուցիան, եթե նա կենդանի էակ է և ֆիզիկապես առկա է ժամանակի ու տարածության հարթակում։ Ես քեզ չեմ կարող օգնել։ Կլոնները իրենք են ընտրում իրենց ուղին։ Միգուցե մի կլոն այլ մոլորակում հայտնվելով դառնա լիովին այլ մարդ։ Ես չգիտեմ, թե ինչպես են առաջացել քո կլոնները, բայց ես գրեթե վստահ եմ, որ դա Վատանաբեի ձեռքի գործն է։ – Պրոֆեսոր, ես չգիտեմ նրանցից ինչ սպասել։ Ես կցանկանայի անտեսել նրանց, բայց նրանք ամենուր են։ Կփորձեմ խոսել հոգեբանիս հետ, սակայն նա հավանաբար համարելու է, որ ես խելագար եմ։ Բայց դուք գիտեք, որ ես խելագար չեմ, դուք նույնպես նրանց տեսել եք։ – Մովսես, տղաս, ես քեզ հավատում եմ. փորձիր հանգստանալ ու մոռանալ նրանց մասին։ Ես հույս ունեմ, որ այդ կլոններից գոնե մեկը ճիշտ ընտրություն կանի։ – Պրոֆեսոր, ձեր ասվածը միգուցե տեղի ունի մանրէների համար, բայց ոչ մարդկանց։ Իմ կլոնները ստեղծվել են Վատանաբե ընկերության կողմից, նրանց գենետիկորեն իդենտիկ բնակիչներով կատարյալ երկրի ցնորքի իրագործման նպատակով։ Բայց եթե նրանք ազատ շրջում են քաղաքով, ապա, հնարավոր է, որ Վատանաբեն ձախողվել է։ Կլոնները հետևում են ինձ։ Դա...խելագարություն է։ – Ոչ Մովսես, խելագարություն չէ, այլ կույր հավատ սեփական գաղափարների նկատմամբ։ Ով էլ որ լինի Վատաբաբեն, նա հավատում է իր գաղափարներին։ – Նրա հավատը ինձ չի օգնելու։ Ես չեմ կիսում նրա գաղափարները, և առավել ևս ես թույլ չեմ տվել կլոնավորել ինձ։ – Հասկանում եմ, Մովսես, իրավիճակը սկսում է դառնալ անկառավարելի։ Պետք է մի բան նախաձեռնել․․․ Այդ ժամանակ Սողոմոնյանը միակ մարդն էր, ում նա վստահում էր։ Մովսեսը հիշում էր, որ այդ ժամանակ Սողոմոնյանի դեմքին կար չթաքնված անհանգստություն, տանջող դիմագիծ, որը Մովսեսը երբեք չէր նկատել Սողոմոնյանի դեմքին։ Թվում էր, թե Սողոմոնյանը գիտեր ավելին հենց Մովսեսի, և ոչ միայն մարսյան մանրէների կլոնների մասին։ *** Մովսեսը կապսուլայում բանտարկված էր և հավերժության, տիեզերքի մասին գեներացվող մտքերը զբաղեցնում էին նրան, և շեղում սեփական անցյալից։ Տիեզերքը չափից մեծ է, բայց այն կրկնում է իրեն բնորոշ ձևերը։ Նա տեսնում էր տիեզերքը որպես սեղանին դասավորված նատյուրմորտ՝ ընտրված և տեղաբաշխված մեկ սեղանի հարթության վրա, որտեղ չկա հնարավորություն փախչելու քեզ ծանոթ ձևերից։ Կան միայն չնչին տարբերություններ, որոնք գծում են սահմանը։ Եվ սահմանը անհետացնող միակ օբյեկտը նա ինքն էր։ Արտաքին և ներքին աշխարհները ազդակներ էին՝ Մովսեսը նա է: Բայց Վատանաբեն, ստեղծելով բազմաթիվ Մովսեսներ, խախտել էր Մովսեսի սեփական անձն ընկալելու մեխանիզմները։ Կլոնները խամաճիկներ էին, որոնք կարողացել են կտրել լարերը և այժմ նրանք ազատ շրջում էին՝ փորձելով փնտրել լարերը ձգողին։ Մովսեսները սպանել էին Մովսեսի կնոջը, Մովսեսի ընկերներին։ Ինչո՞ւ։ Միգուցե Մովսեսները ցանկանում են ապրել ինչպես նա, կամ նրանց հրամայում է Վատանաբեն։ Մովսեսը ատում էր իր կլոններին, բայց և հասկանում էր, որ նրանք կենդանի էակներ են, որոնց շարժող ուժերի մասին դժվար էր որևէ եզրակացություն անել։

«Առաջնորդը չպետք է ունենա կախվածություն։ Մենք քո միակ ժողովուրդն ենք, Մովսես։ Առաջնորդի՛ր մեզ դեպի մեր երկիրը»։

Սա այն գրությունն էր, որը Մովսեսը ամեն օր ստանում էր իր կլոններից։ Նրանք իրենց պահում էին ինչպես վայրի գազանների ոհմակ, որը փնտրում է առաջնորդի։ Նամակները ձեռագիր էին, ինչը տարօրինակ էր այդ ժամանակների համար, և էլ ավելի տարօրինակ էր, որ գրված էին սեփական ձեռագրով։ Մի՞թե Մովսեսը իրոք խելագար է։ Մովսեսը գիտեր, որ չէր ցանկանում լինել այդ առաջնորդը, բայց նա զգում էր նաև, որ կլոնների հետ իր կապը շատ ավելի սերտ է, քան նա ինքը կարող էր ենթադրել...

*** Ինչպես և պայմանավորվել էին, Մովսեսը Սողոմոնյանի հետ հանդիպել էր Մարսի «Թրթուր» սրճարանում։ Այդ սրճարանը հայտնի էր նրանով, որ այդտեղ սուրճին ավելացնում էին երկրից բերված թրթուրների լորձ, որը տալիս էր բնորոշ համ սուրճին։ Լորձը ստանում էին Ապենդիկուլարիաների հատուկ տեսակից, որի լորձը հեշտությամբ լուծվում էր սուրճում։ Հատուկ քիմիական եղանակով լորձը ձևափոխվում էր անհայտ տեխնոլոգիայով։ Որոշները վստահ էին, որ այն ավելի մեծ կախվածություն է առաջացնում, քան սուրճը։ Մովսեսը ինքը սիրում էր լորձե սուճը, որը նրան հանգստացնում էր, ուստի այստեղ հաճախ էր գալիս։ Սրճարանը միշտ լի էր հաճախորդներով, և կարելի էր աննկատ լինել ու հանգիստ զրուցել։ Բայց Սողոմոնյանը չէր եկել զրուցելու։ Սողոմոնյանը հանգիստ խառնում էր իր սուրճը՝ դիտելով թե ինչպես է լորձը կլանվում թափանցիկ բաժակում, ինչպես է սուրճը գունափոխվում ու դառնում կանաչ։ Բայց Սողոմոնյանը չխմեց սուճը․ նա կանգնեց ու քայլեց դեպի Մովսեսը․ առանց Մովսեսին բարևելու վերջինիս գրպանը նետեց մի թուղթ, և հեռացավ։ Թղթի վրա գրված էր.

«Կարմիր ավազի փողոց 5/2: Եղիր այնտեղ ուղիղ ժամը 12:00»։

*** 2097 թ․ Մարս։ Կարմիր ավազի փողոցը ստորգետնյա երկար անցում էր՝ ոտքի տակ սողացող ավազով պատված, կարմիր ինչպես ինքը՝ Մարսը։ Այս փողոցի ավազը ծածկել ու դեռ շարունակում էին ծածկել բազում փորձակենդանիների, ինչպես նաև մարդկանց արյունը։ Կարմիր ավազում չկար որևէ արգելք, ոչ ոք այն չէր վերահսկում և չէր էլ ցանկանում կանխել այնտեղ կատարվածը։ Այստեղ խմբվում էին բոլոր գաղտնի հետազոտություններ իրականացնող գիտնականները։ Կար մի հայտնի խոսք այդ փողոցի մասին.

«Եթե չես ցանկանում դառնալ փորձանմուշ, հեռու մնա Կարմիր ավազից»։ Մովսեսը չգիտեր, թե ուր է նա գնում, բայց վստահում էր Սողոմոնյանին, ուստի նա ճիշտ ժամին կանգնած էր ճիշտ դռան առջև։ Իհարկե, նա զարմացած էր, որ Սողոմոնյանի նման գիտնականը կարող է նման վայրում լաբորատորիա ունենալ, բայց եթե այդտեղ կլուծվեին իր խնդիրները, նա պատրաստ էր հաշտվել իր բարեկամի ցանկացած քայլի հետ։ *** 2099 թ․, Երկիր։ «Հպում» տիեզերանավը ստանում է Սողոմոնյանի ստորագրությամբ հավաստում, որ մեկ ժամից թռչելու է դեպի բաց տիեզերք՝ առանց ուղևորի, ավտոմատ կառավարմամբ։ Թռչելու ուղղությունը անհայտ։

«Սա նախագիծ է՝ ուղղված նոր օրգանիզմների փնտրմանը։ Ես հաստատում եմ այս նախագիծը, ողջ պատասխանատվությունը ինձ վրա է»։

Այս հավաստումը բավական էր, որ տիեզերանավը անմիջապես տիեզերք բաց թողնվեր։ *** 2097 թ․ Մարս։ Մովսեսը քայլում է ստորգետնյա անցումով։ Նա ցանկանում էր հնարավորինս արագ տեսնել Սողոմոնյանին, թեև սկսում է կասկածել, որ այստեղ Սողոմոնյանին կտեսնի։ Սողոմոնյանը խոստացել էր լուծում տալ խնդրին և լուծումը հանձնել էր թերթիկին գրված հասցեի տեսքով։ Մովսեսը սկզբում կարծում էր, որ այստեղ նա կգտներ Սողոմոնյանին, ով կտար Մովսեսին կլոնների հարցի լուծման կախարդական շիճուկը։ Բայց նման շիճուկ դժվար թե գոյություն ունենար։ Սողոմոնյանը հավանաբար այլ ծրագիր ուներ, որի մասին իմանալ կարելի էր միայն լաբորատորիայի դուռը բացելով․․․ Մովսեսը կանգնած է լաբորատորիայի գլխավոր դռան առջև, որը, սակայն, առանց դիմադրության բացվում է։ – Բարի գալուստ պարոն Վատանաբե, Դուք, ինչպես միշտ, ճիշտ ժամանակին եկաք։ Կցանկանա՞ք սուրճ կամ թեյ,– ասում է Qw12 մոդելի տնային ռոբոտը և ուղղորդում Մովսեսին դեպի աշխատասենյակ։ Ռոբոտը անվանում է նրան Վատանաբե, բայց նա Վատանաբեն չէ։ Մի՞թե Մովսեսը իրոք խելագարվել է։ Կասկածը նրան տանջում է, բայց, այնուամենայնիվ, նա մտնում է լաբորատորիա, որտեղ կային բազում կապսուլային դատարկ խցիկներ, որտեղ հեշտությամբ կտեղավորվեր միջին հասակի մարդը․.․իր նման մեկը․․․ Այդ վերջին միտքը Մովսեսը ցրեց՝ փորձելով անտեսել իր միջավայրի ճնշող զարդերին․․․ – Պարոն Վատանաբե, ցանկանում եմ տեղեկացնել, որ Մովսեսների հավաքը ընթանում է բավականին հաջող։ Մնացել է միայն մեկ Մովսես, սակայն նրանով պետք է որ զբաղվեր Սողոմոնյանը,– ասաց ռոբոտը՝ լցնելով թեյը Մովսեսի բաժակի մեջ։ – Սողոմոնյա՞նը,– հարցրեց Մովսեսը՝ փորձելով ցույց չտալ ավելորդ զարմանք։ – Այո, նա Ձեզ հաղորդագրություն էր ուղարկել, որ վերջին Մովսեսին նա կվերացնի և կուղարկի լաբորատորիա։ – Եվ նա դեռ չի՞ ուղարկել, – պատասխանում էր Մովսեսը՝ փորձելով ստանձնել Վատանաբեի դերը։ – Ոչ, պարոն Վատանաբե։ Մենք դեռ սպասում ենք Սողոմոնյանի կլոնին։ Սողոմոնյանը ասել էր, որ այդ կլոնը շատ բարդ վարքագիծ ունի, բայց պրոֆեսորը կառավարում է իրավիճակը։ – Ես հույս ունեմ, որ կառավարում է, Qw12։ Կարո՞ղ ես ինձ միայնակ թողնել, և եթե լուր լինի Մովսեսից կամ Սողոմոնյանից ինձ իմաց կտաս։ – Իհարկե, պարոն Վատանաբե, ինչպես կկամենաք։ Ռոբոտը լքեց սենյակը՝ թողնելով Մովսեսին Վատաբաբեի աշխատասենյակում, որտեղ մեկը մյուսի վրա դարսված էին գիտական գրքեր, Վատանաբեի պաստառները։ Այս սենյակը ինչպես և նախորդները սպիտակ էր ներկված, բայց, ինչը Մովսեսին հանգստացնում էր, այստեղ չկային կապսուլաներ։ Այժմ միակ բանը, ինչ կարող էր նա անել, սպասելն էր Վատանաբեին կամ Սողոմոնյանին։ Նա ուղղորդվել էր դեպի թշնամու որջը, որտեղ պետք է տրվեր վերջնական լուծում։ *** Վատանաբեի դին ընկած էր լաբորատորիայի դռան առջև։ Երբ Վատանաբեն ներս էր ցանկացել մտել, Qw12 -ը սպանել էր նրան։ Qw12 ռոբոտի համար Վատանաբեն ու Մովսեսը լիովին իդենտիկ էին։ Նա գիտեր, թե երբ է սենյակ մտնում Վատանաբեն ու դա միակ ազդակն էր տարբերակման։ Դրա մասին գիտեր նաև Սողոմոնյանը։ Վատանաբեն ու Մովսեսը պարզապես տեղերով փոխվել էին Սողոմոնյանի մատնության շնորհիվ։ Վատանաբեի մահվանից ժամեր անց, Մովսեսին այցելել էր Սողոմոնյանը և պատմել ճշմարտությունը։ Սողոմոնյանը պատմել էր, որ երբ Վատանաբեի հայրը մահացել էր, Վատանաբեի խնամակալը դարձել էր Սողոմոնյանը։ Անցյալում, Վատանաբեն զրուցում էր պրոֆեսորի հետ, ինչպես Մովսեսը, կիսվում իր մտքերով։ Բայց երբեմն տղան իր մտքերը չէր արտահայտում, և դառնում անհաղորդ։ Պատերազմում հորը կորցնելու միտքը Վատանաբեին հանգիստ չէր տվել․ նա մշակել էր իդեալական աշխարհի գաղափարը, որտեղ բոլորը կլինեին հենց Վատանաբեի կլոնները ու խնդրել էր Սողոմոնյանին կլոնավորել իրեն՝ պարզ գիտակցելով, որ Սողոմոնյանը կորցնելով որդուն, կիսում էր Վատանաբեի ցավը։ Սողոմոնյանը, սակայն, չէր կիսում այդ միտքը, բայց ցանկանում էր ինչ-որ կերպ օգնել նրան, ուստի համաձայնել էր։ Բայց Վատանաբեն չէր կարողացել կանգ առնել, և կլոնների քանակը օր օրի ավելանում էր։ Վատանաբեն չէր կարողանում նույնականացնել իրեն կլոնների հետ և պահանջում էր էլ ավելի շատ կլոններ ստեղծել՝ հաճախ մեղադրելով Սողոմոնյանին թերի աշխատանքում։ Կարմիր ավազում ծնվում էին նոր Վատանաբեներ։ Վատանաբեն չէր կառավարում կլոններին, չէր զգում նրանց հետ կապ, ուստի որոշներին բաց էր թողել, իսկ մյուսներին պահում էր վանդակում։ Բաց թողնված կլոններից որոշները սպանել էին Մովսեսի կնոջը, ընկերներին՝ փորձելով գտնել սեփական ուղին։ Մովսեսը Վատանաբեի կլոններից մեկն էր, որը սակայն ապրել էր նորմալ մարդու կյանքով՝ մինչ բացահայտումը, որ շրջապատված է իր նման բազում էակներով։ Վատանաբեն կեղծանունն էր, և նա ինքը արդեն իրեն վաղուց Մովսես չէր ասում․ Վատանաբեն պետք է դառնար նոր աշխարհի տիրակալը, բայց այդ աճեցրած ժողովրդի մասին նա հոգ չէր տարել։ Ինչպես Marsus coli-ն, այնպես էլ Մովսեսը, ով ընդամենը կլոն էր, ապրել էր իր յուրովի էվոլյոցիան։ Մովսեսը միակ կլոնն էր, ով Սողոմոնյանի շնորհիվ Վատանաբեի հետ կիսում էր ոչ միայն ընդհանուր տեսքը, այլև հիշողությունը, ուստի Մովսեսը վստահ էր, որ կլոն չէ։ Սողոմոնյանի հսկողությամբ նա չէր գազազել և ուներ սեփական անհատականության զգացում։ Մովսեսը Սողոմոնյանին հիշեցնում էր անցյալի Վատանաբեին, ում հետ նա կարող էր ժամերով կիսվել իր հետազոտությունների մասին։ Բնօրինակ Վատանաբեն սկսել էր փակվել սեփական աշխարհում, և նման Վատանաբեն Սողոմոնյանին խորթ էր։ Այլ Մովսեսները սխալմամբ Մովսեսին դիտարկել էին որպես առաջնորդ, քանի որ թվում էր թե Մովսեսը անկախ էակ է։ Բայց իրականությունը այն էր, որ Մովսեսը՝ ինքը, ընդամենը Վատանաբեի կլոնն էր՝ ամենաիդեալականը ու բանականը, որը այժմ Սողոմոնյանի ծրագրով փոխարինել էր Վատանաբեին։ Կլոնները սխալվել էին, սխալվել էր նաև Մովսեսը։ Մովսեսը կլոնն էր, իսկ բնօրինակը՝ Վատանաբե: Վատանաբեի լաբորատորիայում բանտարկված Մովսեսները օժտված չէին սեփական որոշում կայացնելու ունակությամբ։ Նրանք փնտրում էին առաջնորդ։ Կլոններն անկենդան թվացող կենսազանգվածն էին, որոնց Մովսեսը հաճախ էր համեմատում արհեստական ծառերի հետ։ Բայց, այնուհանդերձ, այդ էակները նրա կլոններն էին, և նրանք առավել քան կենդանի էին։ Մովսեսի խնդրանքով, Սողոմոնյանը Մովսեսների ուղեղի տեղեկատվությունը ներբեռնել էր «Նոր Հայրենիք» համակարգի մեջ։ Սողոմոնյանը լիովին տիրապետում էր մարդկային բանականության թվայնացման տեխնիկաներին, որոնց շնորհիվ էլ ստեղծվել էր բնօրինակին նույնական հիշողություններով կլոն Մովսեսը։ Մեկը մյուսի հետևից Մովսեսները իրենց գազանային կենսափորձը փոխանցում էին Սողոմոնյանի գրած ծրագրին, թողնելով իրենց հետևից անշունչ մարմիններ։ Կլոնները ոչինչ չէին հասկանում. Մովսեսը համոզել էր, որ նրանց առաջնորդում է դեպի Նոր հայրենիք, որտեղ նրանք երջանիկ կլինեին։ Կլոնները հավատացել էին Մովսեսին և առանց դիմադրության թողնում էին, որ Սողոմոնյանը սարքը միացնի իրենց գլխին։ Միայն Մովսեսը՝ պահպանելով իր կենսաբանական ուղեղը, միացվել էր «Նոր Հայրենիք» համակարգին որպես առաջնորդ բանականություն։ Նա անջատվել էր մարմնից, սառեցվել՝ պահելով մտածային գործառույթներ, և «Հպում» տիեզերանավով բաց թողնվել տիեզերք... *** Սողոմոնյանը չգիտեր, թե արդյոք Մովսեսների համայնքը կգտնի որևէ Նոր հայրենիք, թե ոչ։ Նա գիտեր միայն, որ ստեղծել է նոր բանականության ձև, որի էվոլյուցիային նա այլևս չէր խառնվում․․․Կլոնները որպես համակարգչային ծրագիր, իսկ Մովսեսը՝ կենսաբանական համակարգ, կապակցվել էին հավերժ միմյանց։ Սողոմոնյանը խոստացել էր՝ երբեք, ոչ մի պայմանով, ոչ ոքի չկլոնավորել, և Սողոմոնյանն իր խոստումը կատարում էր։ Առանձին-առանձին՝ կլոնները զուրկ էին կյանքից, սակայն նրանք բոլորը կարող էին դառնալ Մովսեսի մասնիկը, նրա ընդարձակման փոքրիկ ճյուղը, ճամփորդել և փորձել գտնել իրենց տեղը անծայրածիր տիեզերքում... Մովսեսը միակ կլոնն էր, ով կարող էր լինել առաջնորդ։ Ո՛չ Վատանաբեն, ո՛չ այլ կլոն, այլ միայն Մովսեսը, ով կառավարում էր թվով 101 Մովսեսների, հաղորդում նրանց սեփական կենսափորձը։ Մովսեսը գիտեր, որ նա առաջին ու վերջինն է իր տեսակի մեջ որպես նեյրոնային խուրձ՝ միացված համակարգչին։ Մովսեսը հասկանում էր, որ Սողոմոնյանը այն մարդն էր, ով կլոնավորումն իրականացրել է, թաքցրել է իրենից ճշմարտությունը, բայց Սողոմոնյանը մնում էր Մովսեսի բարեկամը։ Մովսեսը հիշում էր Սողոմոնյանին որպես լավ ընկերոջ՝ անկախ ամեն ինչից։ Եվ այժմ, Մովսեսի նեյրոնային ցանցը լորձով սուրճ է՝ ըմպելիք, որտեղ իրականությունը միախառնվում է երազի հետ՝ փոխելով իր գույնը։ Նա շարժվում է, անվերջ ճամփորդում, փորձելով գտնել իր տեղը արևի տակ, թեև արևը չի կարող ջերմացնել նրան. արևը այնքա՜ն հեռու է Մովսեսից....