“А двое не спят, двое сидят у любви на игле Им хорошо, станем ли мы нарушать их покой?”
Արդեն երեք ժամ նրանք նստած են ջրի մոտ մի հին նստարանին ու զրուցում են։ Հինգ հոգուց մնացել են երկուսը։ Իմ բազմոցը ուղիղ պատուհանի մոտ է դրված, և ես, սկզբից ակամա իսկ հետո մեծագույն ուշադրությամբ, նայում եմ այս երկուսին ու փորձում իմ սենյակից պատկերացնել իրենց զրույցը։ Տղան ինչ-որ բան է պատմում Աղջկան, ու Աղջիկը անընհդատ ծիծաղում է։ Ոտքերի մոտ, նստարանի տակ գարեջրի շշեր են։ Մի քանիսը դատարկ ու մեկը՝ լիքը։ Բուռն ինչ-որ բան են քննարկում։ Ամեն կատակի ու ծիծաղի հետ մի քիչ ավելի մոտիկ են իրար նստում։ Տեսնես դիտավորյալ թե՞ հանկարծակի։ Իմ երևակայության մեջ Տղան սիրահարված է Աղջկան, բայց թաքցնում է իր սերը, ընկերության քողի հետևում։ Աղջիկը սիրում է Տղային՝ ինչպես ամենամոտիկ ընկերներն են սիրում իրար։ Աղջիկը լավ հասկանում է Տղայի զգացմունքները, բայց ձև է թափում որ ոչինչ չգիտի, քանի որ Տղայի սերը փոխադարձ չէ։ Տեսնես ինչի՞ մասին են խոսում։ Գուցե՞ Ապագայից, որը այս կորած, անտեր ու սառը երկրում կառուցել անհնար է։ Երկուսն էլ հասկանում են, որ պետք է գնալ, փախչել մի ուրիշ տեղ, զրոյին սկսել։ Բայց ո՞նց թողնեն միմյանց։ Չէ որ զրոյից սկսելիս օտար մի երկրում քեզ հետ ոչ մեկ մինչև ուշ գիշեր նստարանին չի նստի։ Գուցե՞ սիրուց են խոսում։ Պատմում են իրար ինչքան բարդ է սիրել ու սիրվել։ Երևի երկուսն էլ վախենում են, որ ճիշտ սիրել չգիտեն։ Իրար հետ կիսում են այդ վախերը ու լավ հասկանում իրար։ Գուցե՞ խոսում են իրենց լավ օրերից ու ընկնում հիշողությունների գիրկը։ Հիշում են ոնց էին նոր ծանոթացել ու դեռ չէին գիտակցում ինչքան մեծ դեր կխաղան միմյանց կյանքում։ Հիշում են իրենց հին ընկերներին՝ նրանց՝ ովքեր խիզախ են գտնվել ու փախչել, նրանց՝ ովքեր ավելի խիզախ են ու մնացել են։ Հիշում են գյուղում անցկացրած երեկոները, երբ բոլոր ընկերները հետ հավաքված մի փոքր սեղանի շուրջ կիսում էին վերջին գարեջրի շիշը, վերջին ծխախոտի տուփը ու ծիծաղում։ Ու՞ր կորան բոլոր այդ ընկերները, բոլոր անցած օրերը։ Գուցե՞ ուրիշ աչքերով են նայում իրենց գիշերային քաղաքին։ Խորը փիլիսոփայական խոսաքցություն վարում անվերջ փոխվող և զարգացող քաղաքի մասին։ Երկուսն էլ հաճախ չեն ճանաչում իրենց սիրելի քաղաքը, շատ բան է փոխվել։ Նոր սրճարաններ են բացվել, նոր բարձրահարկ շենքեր են կառուցվել և իրենց ծանոթ քաղաքից մնացել է միայն այս նստարանը՝ փողոցի միակ վառ լապտի տակ։ Գուցե՞ նայում են իրենց շուրջ կանգնած շենքերին ու մտածում պատուհանների հետևում վաղուց քնած մարդկանց մասին։ Գուցե՞ պատկերացնում են իրենց կյանքերը դատելով վարագույրների գույները ու ձևերը։ Երևի ժամանակ առ ժամանակ նայում են փողոցի միակ վառված լույսով պատուհանին ու մտածում են, ով է այն գիժը որ արթուն է այս ուժ ժամին։
Տեսնես գիտեն, որ վառված լույսով պատուհանի հետևում ես եմ նստած, մտածում եմ իրենց մասին։
Բացում են գարեջրի վերջին շիշը, իսկ ես թեյը ձեռքիս բացում եմ պատուհանը։ Նստում եմ պատուհանագոգին ու ականջ դնում իրենց խոսակցությանը։ Զգում եմ աշնանային սառը օդը՝ թեթև, սակայն ցուրտ քամին, որ կարծես շշնջում է, որ շուտով ձմեռ է գալու։ Ականջի ծայրով լսում եմ իրենց զրույցը։ Աղջիկը պատմում է իր ընկերուհիներից մեկի ընկերոջ մասին, որ հաշիվը չի պակել ժամադրությունից հետո։ Տղան ծիծաղում է ու պատմում տարբեր գարեջրերի մասին որ փորձել է ճանապարհորելու ժամանակ։ Երկար լսում եմ իրենց խոսակցությունը, փորձելով հասկանալ, ու՞ր են կյանքը հասկանալու փորձերը։ Արդյո՞ք իրենք բացահայտել են բոլոր կյանքի գաղտնիքները։ Արդյո՞ք իրենց ապագան իսկականից վառ է և անհամբեր իրենց է սպասում։ Արդյո՞ք իրենք չեն վախենում սիրուց։ Արդյոք չունեն հին ընկերներ որոնք հիմա միայն իրենց հիշողության մեջ են ապրում։ Ոնց կարող են չունանալ հիշողություններ՝ միառժամանակ ակամա արցունքներ և ժպիտ պարգևող։ Ոնց կարող են չնկատել որ, որ նույնիսկ իրենց այս նստարանը շուտով կանհետանա, ու իր փոխարեն կդրվի ուրիշ, անհարմար, օտար մի նստարան։ Ոնց չեն հասկանում, որ իրենց քաղաքը այլևս իրենցը չի։ Ոնց չեն տեսնում, որ լույսը վառ պատուհանի հետևում Ես կամ։
Իմ ցնորքն էր իրենց սերը։ Տղան չի սիրում Աղջկան։ Աղջիկը չի սիրում Տղային։ Վեր են կանգնում նստարանից դատարկում գարեջրի մնացորդը ու գնում են։ Հասարակ մի նստարան է սա։ Ու այս գիշերն էլ հասարակ մի գիշեր է։
Իսկ ես դեռ երկար կնստեմ պատուհանագոգին շնչելով օտար ու սառը օդը։ Կնստեմ, կնայեմ դատարկ նստարանին, կմտածեմ ապագայիս, սիրո, ընկերներիս, հիշողություններիս ու քաղաքիս մասին։
Հետո կփակեմ պատուհանս ու կգնամ քնելու, քաղաքում որտեղ փախչել եմ ու զրոյից սկսել։