չեմ վստահի քեզ նախաճաշս։ վախենում եմ, այն պատրաստես ճիշտ այն ձևով որով գիտես սիրում եմ
գիտես՝ գազի վրա տաքացրած հաց, կարագի շատ բարակ շերտ պինդ, եփած ձու թեյ՝ երկուս ու կես գդալ շաքարավազով
վախենում եմ խմել քո պատրաստած թեյը որովհետև դրա մեջ միշտ ճիշտ քանակության շաքար կա նույսիսկ ես երբեք չեմ գուշակում շաքարի ավազիկների հարկավոր քանակը
վախենում եմ նստել քո կողքին սեղանի շուրջ, քանի որ գիտեմ որ սեղանի տակ, բոլորի աչքերից աննկատ քո ձեռքը որսում է ու գտնում է իմը միշտ գտնում է
ու եթե վստահեմ քեզ նախաճաշս՝ ուրեմն վստահել եմ քեզ քունս ուրեմն է դու սպասել ես, որ քնեմ ու աչքի ծայրով նայել ինձ լսել ես կիսարթուն մրմնջոցս, ծածկել ես երբ ուսս բացվել է վերմակի տակից ուրեմն գրկել ես ինձ մի քիչ ավելի պինդ, իսկ ես չեմ էլ նկատել, քանի որ քնած էի քո ապահով ձեռքերում
վախենում եմ զարթնել առավոտյան, պինդ ծածկված և հանկարծ տեսնել որ դու արդեն այստեղ չես որ քո օրը սկսվել է և շարունակվում է առանց ինձ բայց վախենում եմ նաև, երբ տեսնում եմ որ դու ընդհամենը գնացել էիր ջրի հետևից՝ մեկ բաժակ քեզ համար, մեկ՝ իմ։
վախենում եմ քո շուրթերից, որոնք հպվում են ամենաճիշտ տեղերին ու ծաղկամանների վերածում ցանկացած սպի քո հայացքից, որը երաշժտության է վերածում մտքիս անլռելի խշշոցը վախենում եմ քո լռությունից՝ որը հասկանում է բոլոր իմ լռությունները։
չէ, չեմ վստահի քեզ նախաճաշս որովհետև վախենում եմ, որ կհարցնես քանի գդալ շաքար եմ ուզում որ կքնես ինձից շուտ որ չես լռի ու չես թողնի որ ես լռեմ։