Գիտես իմ մոտ ամեն ինչ նույնն է։ Դու շատ կուրախանայիր, որ իմանայիր տեղափոխվել եմ Ամստերդամ։ Կուզեի քեզ պատմել որ թեզս Երևանի մասին եմ գրում։ Մեր Երևանի։ Շատ կծիծաղեիր իմ վրա, որ իմանայիր սկսել եմ գործել։ Կասեիր տատիկական բաներ եմ անում ինչպես միշտ։ Կգայիր մի օր իմ մոտ, միասին թանգարաններով կքայլեինք իսկ հետո կգնայինք վարդագույն գինի խմելու։ Կնստեինք մի տեղ, ջրանցքի մոտ ու երկար կզրուցեինք։ Լավ բաներից մենակ կխոսեինք՝ ապագայից, երկրներից որտեղ կուզեինք լինել, գրքերից որ կուզեինք կարդալ։ Մի տեղ անպայման իրար հետ կպարեինք։ Մի երեկո, երբ դու, չնայած երկար չեմ ու չում անելուց հետո մեկա եկար մեր կոլլեգաների հետ Նոր Տարվա հավաքույթի, ես՝ արդեն բավականին գինովցած տեսա քեզ հեռվում ու արագ վազեցի որ գրկեմ։ Իսկ դու՝ ընդհատելով խոսակցությունդ ինչոր մեկի հետ ինձ գրկեցիր։ Շատ պինդ գրկեցիր։ իսկ հետո մենք երկար պարում էինք իրար հետ ու դու ինձ պտտում էիր ու գրկում։ Դու երևի չգիտես, որ ինձ փրկել ես։ Կիրակի օր էր ու բացի ինձնից աշխատասենյակում ոչ մեկ չկար։ Նեղացար ինձնից, որ քեզ չէի ասել որ գալու եմ։ Իսկ ես չէի ուզում, որ դու ինձ տեսնես տխուր ու քանդված։ Իսկ դու եկար ու ինձ հրավիրեցիր թեյ խմելու ու հաց ուտելու։ Ես ուտել չէի ուզում ու ասում էի որ շատ գործ ունեմ անելու, իսկ դու բերեցիր երկու բաժակ թեյ, անջատեցիր համակարգիչս ու նստեցիր հետս։ Երկար նստեցինք, ու ոչ ես ոչ դու այդպես էլ գործ չարեցինք։ Երբ դուրս էի գալիս գործից, չկարողացա բացատրել որ գնում եմ, որովհետև ամեն ինչ այստեղ քեզ է հիշեցնում։ Չգիտեմ ոնց հետ եկա գործի, այդ սենյակ, որտտեղ ստացա քո մահի մասին լուրը։ Չգիտեմ ոնց նորից ոտք դրեցի սենյակ որտեղ հեկեկալով լացում էի ու գոռալով ասում, որ լուրը սուտ է։ Դու չկայիր, իսկ ես մեկա սպասում էի, որ կիրակի օրը կգաս ու ինձ թեյ կբերես։ Չդիմացա ու դուրս եկա գործից։ Մեր տեղում, որտեղ բոլորից թակում ծխում էինք, այլևս երբեք չեմ նստել։ Ու ոչ մեկին չեմ պատմել այդ տեղի մասին։ Մենակ քեզ իմացող մադրիկ գիտեն այդ գողտրիկ տեղի մասին։ Քոնն էր այդ տեղը, մենք ուղակի հրավիրված հյուրեր էինք այդտեղ։ Երևանում՝ հենց մեր կողքի շենքի պատին քո մեծ պատկերն է։ Ամեն անգամ որ անցնում եմ քո մեծ դիմանկարի կողքով, ժպտում եմ ու բարևում քեզ։ Հույսով եմ լսում ես բարևներս։ Ներիր ինձ որ քեզ սկսել եմ քիչ նամակներ գրել։ Ներիր ինձ, որ վերջին պահին չկարողացա գալ քո ծննդյան խնջույքին։ Ներիր ինձ, որ մոռացել եմ ծիծաղդ ու ձայնդ։ Ներիր ինձ, որ այս անգամ Երևան եկա ու քեզ ծաղիկ չբերեցի։ Չնայած դու երևի կասեիր որ քեզ հիմա ծաղիկ պետք էլ չի։ Իմ մոտ ամեն ինչ նույնն է։ Հոգու խորքում ավելի տխուր եմ դարձել, երևի կարոտից է։ Այստեղ պատերազմից ոչ մեկի հետ չեմ խոսում։ Ինչ պիտի հասկանան։ Սկսել եմ ծխել։ Հետս Հայաստանից ծխախոտ եմ բերում, ու օրը մեկ հատիկ ծխում, պատուհանիս մոտ նստած։ Դեռ սպասում եմ քեզ Ամստերդամում։ Սպասում եմ գաս, որ գնանք Վան Գոգի նկարներին նայենք։ Սպասում եմ գաս, որ գնանք պարենք ու ապագայից խոսենք։ Սպասում եմ քեզ հետ հանդիպմանը, որ ավելի մոտիկ ընկերներ դառնանք։ Հիմա մենակ երևակայութանս մեջ ես, ընկեր։ Ինչևէ։ Քո դիմանկարից հեռու եմ, բայց ամեն դեպքում, բարև, արի, ես էս անգամ կբերեմ թեյը։