Գիտես, միշտ ուզում էի էս քաղաքից գնայի։ Գնեի առաջիկա ամենաէժան ինքնաթիռի տոմսը, հավաքեի մի երկու շոր, սիրած կոշիկներս, դեղին շառֆս ու գնայի։ Մեկ էլ հետս բոլոր ունեցածս ականջակալները կվերցնեի, որ ոչ մի րոպե առանց երաժշտության չմնայի։ Երևի հետս մի քանի հատ էլ գիրք կհավաքեյի՝ էն գրքերից, որոնք տարիներով փոշի են հավաքում պահարաններում։ Վերջապես առիթ կլինի դրանք կարդալ։ Էդ բոլորը կլցնեի շառֆիս հետ սազող դեղին ճամպրուկի մեջ ու կգնայի։ Մենակ ընտանիքիս կասեի, որ գնում եմ՝ էն էլ մենակ նրա համար, որ անհանգստությունից չխելագառվեին։ Գնալուց առաջ կմտնեյի տատիկիս տուն, կթեյեի իր հետ, նույնիսկ ծխախոտ կվառեի՝ իր երկար ու բարակ, մենթոլով ծխախոտներից մեկը։ Չեմ կարծում նա կզարմանար իմ այս նոր սովորությանը, երևի ուղակի մի քիչ կփնովեր։ Այդպես կնստեինք տատիկիս հետ, կխոսեինք մի քիչ ամեն ինչից, ինքը ինձ կպատմեր Культура-ով թաղրկվող նոր հաղորդման մասին, ու կասեր որ անպայման նայեի; երկար բացատրելով ում մասին է խոսքը կպատմեր իր ընկերուհիներից մեկի թոռան մասին մի հետաքրքիր փաստ, ու անպայման մի համով բան կտար որ հետս տանեմ։ Այդպես կնստեի մինչև չգար ժամանակը վազելու օդանավակայան։ Պինդ կգրկեի տատիկիս ու աստիճաններով դուրս կվազեի փողոց։ Իմ սիրելի փողոց, որը ուր որ է թողնելու եմ ու փախչեմ։ Ինչքան բան եմ կթողնեմ այս քաղաքում, ինչքան անկեղծ պատմություն, անհավանական պատահար ու ինչքան պաղ հիշողություն։ Պուշկին-Պռոսպեկտ խաչմերուկին կթողնեի ընկերներից հետ գինովցած, բարձր ու բաղաձայն երգվող երգերը; Հրապարակի շատրվանների մոտ՝ ամբողջ մանկությունս; Սարյանի շենքերի ետնամասում՝ առաջին համբույրս սիրածս տղայի հետ։ Իրեն էլ չեմ ասի, որ գնում եմ։ Ուղղակի մի օր կանհետանամ բոլորի կյանքից։ Երևի այսպես ավելի հեշտ կլինի։ Ավելի հեշտ կլինի իմանալ, որ Նա ինձանից հիասթափվել է, ինչպես արեց և նախորդը։ հեշտ կլինի եթե Նա չսիրի, չհիշի ու շարունակի քայլել մեր քաղաքով ուրիշ մեկի հետ գրկախառնված։ Նենց լավ եմ պատկերացնում օդանավակայան հասնելը։ Ես եմ, դեղին ճամպրուկս, սիրածս տղայի վերարկուն։ Անցնում եմ այդ գույնզգույն ամբոխի միջով։ Իրար հավերժ հրաժեշտ տվող ընտանիքներ, զույգեր՝ որոնք խոսք են տալիս իրար անպայման հանդիպել, հիասքանչ իմանալով որ ստում են, հանգստանալու շտապող երեխաներ։ Այդ սիրո ամբոխի միջով ես անցնում եմ մենակ ու անհետանում նարնջագույն դռների հետևոում։ Հենց սենց էլ պատկերացնում եմ գնալս՝ միայնակ, թախծոտ ու ուրիշների համար ցավալի։ Բայց գիտես չէ՞ վաղը աշխատանքի եմ, փոստում չվերցրած ծանրոց ունեմ, սրճարանում էլ՝ չփակած պարտք մեկ բաժակ սուրճի համար։ Հետաքրքիր է՝ միշտ կարծում էի որ ես կգնամ, բոլորին կցավեցնեմ ու կգնամ, իսկ ստացվեց հակառակը։ Ստքացվեց այնպես որ ևս մեկը անհետացավ նարջագույն դռների հետևում իսկ ես մնացի կանգնած, իսկ ես նստեցի առաջիկա տաքսին, ականջակալներից մեջ միացրեցի մերը դարձած երգերից մեկը ու գնացի հետ իմ կյանք, իմ փողոց, իմ քաղաք։