Նամակ Ամստերդամին։
երբ գալիս է ամառը, իր հետ միասին քեզ մոտ է ժամանում տաք արևը։ Այդ արևի հետ մեկտեղ՝ խոնավ, քրտնեցնող շոգը։ Հեծանիվիս ղեկը այնքան է տաքանում որ քշելը դժվար է, իսկ ամեն կարմիր լույին կանգելիս քո շոգը ծանր վերմակի պես ընկնում է վրաս։ Գալիս են երկար, շատ երկար օրեր, և տեղ տալիս երկար, շատ երկար զրույցների։ Այդ զրույցների մեջ ընկած մենք քեզ հետ արթուն ենք մնում ամբողջ կարճ ու աննկատ անցնող գիշերվա ընթացքում։ Ու երբ թվում է թե ասելու այլևս ոչինչ չկա, հանկարծ նայում ենք դուրս ու տեսնում որ դու արդեն բացել ես լույսը, ու մեզ պատրաստում ես նոր օրվա։ Երկար, շատ երկար մի օրվա։ Ամռանը քո քամին չի սառեցնում ոսկերները՝ ինչպես անում է ձմռանը, այն միայն մեղմ գրկում է և հովացնում անցորդներին։ Քամու հետ միասին էլ դու հաճախ բերում ես, ինձ այդքան սիրելի ու անսովոր ծովի հոտը։ Երբ քեզ մոտ է գալիս ամառը, սկսում եմ մտածել որ գուցե իրոք կարող եմ քեզ սիրել։ Սիրել քո գեղեցկագույն և հին փողոցներին, ծուռ-ծռտիկ շենքերին, պատուհանիս տակ հոսող ջրանցքին։ Սկսում եմ նորովի սիրել մարդկանց, որ ջրանցքի մյուս կողմի բառում նստում եմ մինչև ուշ գիշեր, խոսում և ծիծաղում։ Նրանք այնքան բարձր են ծիծաղում որ իմ փոքրիկ սենյակն էլ է լցվում իրենց ուրախությամբ։ Ես էլ մենակ նստած նայում եմ նրանց ու մտածում թե ինչքան ազատ են այս մարդիկ։ Ինչքան ազատ ես դու, ու ինչքան ազատ ես դարձնում ինձ։ Երկար մտածում էի թե ինչի եմ սկսում սիրել քեզ։ Ու հասկացա որ սիրում եմ այս ազատությունը որ ինձ պարգևել ես։ Այսքան հասարակ ազատությունը լինելու։ Ուղակի լինելու։ Ազատություն չմտածելու թե ինչպես ինձ վրա կնայեն մադրիկ, թե ինչ կասեն անծանոթ անցորդները իմ հագած տարօրինակ ու իրար հետ երբեք չսազող հագուստի մասին։ Ազատություն դուրս գալ և քայլել երկար արդեն ծանոթ քո փողոցներով։ Օրեցոր ավելի ու ավելի լավ եմ սկսում քեզ ճանաչել, ու ավելի հեռու եմ սկսում քայլել, մեկ անգամ նույնիսկ քարտեզին չնայելով։ Ինձ պարգևել ես նաև ազատություն անկեղծ լինելու։ Ինչս իմ և ինձ շրջապատող մարդկանց հետ։ Այդ անկեղծության մեջ, ես հասկացված եմ, ես կարող եմ խոսել, քանի որ գիտեմ որ ինձ լսում են։ Կարող եմ նաև չխոսել, և կորել ինքս իմ մենակության մեջ։ Այսօր, երևի հոգնել էիր տապ շոգից ու անձրև սկսեցիր։ Ամառային, ուժեղ, փողոցները մաքրող մի անձրև։ Հետն էլ՝ վախեցնող ու քաղաքը մեկ ակընթարթով լուսավորող մի ամպրոպ։ Մենակ նստած իմ պատուհանագոգին ես նայում եմ դուրս ու խորը շունչ քաշում։ Հիշում եմ, անցյալ ամառ, երբ դեռ քեզ ընդհանրապես դեռ չէի սիրում, նման մի անձրև էր գալիս։ Ու ես էլի մենակ կանգնած պատուհանից մոտ մտածում էի թե ինչքան նման է քո անձրևից հետո լվացված քաղաքի հոտը, իմ հարազատ քաղաքի հոտին։ Գուցե հորինել էի այդ նմանությունը, որովհետև այս տարվա անձրև նման է միայն անցյալ տարվանին։ Միայն քոնն է այս անձրևի հոտը այսուհետ։ Երևի սկսեցի քեզ սիրել երբ տեսա քեզ ինչպես որ կաս։ Դադարեցի այդքան հաճախ համեմատել քեզ իմ հարազատ քաղաքի հետ։ Դադարեցի նմանություններ փնտրել, վերստեղծել իմ քաղաքի պատկերը քեզ մոտ։ Այս ամառ առաջին անգամ տեսա քո դեմքը։ Դու էլ ինձ հրավիրեցիր քո այգիներ՝ ծառի տակ միասին գիրք կարդալու, գետերիդ մոտ՝ սառը սուրճ վայելելու։ Դու ինձ ժպտացիր, ես էլ ժպտացի ի պատասխան քեզ։ Իսկ գուցե ես առաջինը ժպտացի քեզ ու դու ինձ պատասխանեցիր հասկացող և հրավիրող ժպիտով։ Չէ, ինձ հարազատ դու չես դարձել։ քեզ իմը անվանել չեմ կարողանում, դժվար երբևիցե կարողանամ։ Ես գիտեմ, որ ես քոնը չեմ, դու էլ իմը չես։ քո պատմության մեջ ես չկամ և եթե վեր կենամ ու որոշեմ անհետանալ քեզնից, դու դա չես էլ նկատի։ Դու ինձ սիրահարված չես ու ես գիտեմ դա։ Բայց այնուամենայնիվ, ես երևի այլևս չեմ վախենում քեզ սիրել։ Իմ հարազատ քաղաքին՝ հին ընկերոջ պես եմ սիրում։ Մենք հեռվացել ենք իրարից, բայց միևնույն է սիրում ենք իրար՝ ոչ տոնական այլ իսկապես։ Մենք գիտենք, որ միևնույն է իրար մոտ ենք վերադառնալու, որ իրար սպասելու ենք ու նորից ու նորից գտնենք միմյանց։ Իսկ քեզ (երևի) սիրում եմ նորովի, այնպես ինչպես գուցե առաջին հայացքից սիրում են անծանոթ մեկի։ Այն Ես-ը, որ քեզ սիրում է, մի նոր Ես է, որ միայն քեզ համար և քո շնորհիվ եմ ստեղծել։ Սիրում եմ քեզ, առանց պահանջ զգալու քեզ պատմել իմ ամբողջ անցյալը։ Դու էլ, ինձ բարիորեն թույլ ես տալիս լինել նոր, և չես հարցնում այդ անցյալի մասին։ Ես սիրում եմ քեզ ժամանակավոր, քանի որ գիտեմ, որ այնուամենայնիվ, մեր սերը ժամանակավոր է։ Բայց, գիտես, ամեն տաք ամառային օրվա հետ որ կիսում ենք իրար հետ, ես քեզ սիրում եմ մի քիչ ավելի ուժեղ, մի քիչ ավելի իսկական։