Պատշգամբ բառը առաջին անգամ լսել եմ տատիկիցս։ Ռուսախոս ընտանիքում տատիկը եզակիներից էր ով անընդմեջ խոսում էր միայն մաքուր, գրական հայերենով։ Հենց իրենից էլ սովորել եմ “պատշգամբ” բառը՝ որպես “բալկոն” բառի փոխարինիչ։ Տատիկս ու պապիկս ապրում էին Սարյան փողոցի հետմասյա շենքերից մեկում՝ վեցերորդ հարկում։ Խոհանոցի պատշգամբը, նեղ ու երկար, նայում էր դեպի բակ։ Երբ փոքր էինք ու գնում էինք տուն տատիկի տնից, միշտ նայում էինք վերև ու տեսնում էինք ոնց է տատիկը պատշգամբից մինչև ամենավերջին վարկյան հետևում մեր մեքենային ու ձեռքով անում։ Երբ մնում էինք գիշերելու տատիկի տանը, երկար երեկոներ էինք անցկացնում այդ պատշգամբում։ Մի գիշեր, պապիկի հետ նստած էինք պատշգամբի ցածր, վաղուց ներկած, երկնագույն աթոռներին ու սև հաց էինք ուտում։ Սև հաց՝ կարագով ու շագարով։ Սև հաց չէի սիրում, հիմա էլ չեմ սիրում, բայց պապիկի պատրաստածը միշտ ուրիշ էր։ Այդ գիշերվա ամեն անկարևոր թվացող մասնիկ դաջված է հիշողությանս մեջ։ Թրթրացող լուսամփոփը, զով հունիսյան քամին, բակից արձագանքող նարդի խաղացողների ձայները, նույնիսկ աթոռի կոշտությունը ու հացի չորությունը՝ ամենը կարծես փորագրված է իմ մտքի քարասալիկների մեջ։ Տատիկս ու պապիկս շուտով տեղափոխվեցին նոր տուն։ Պրոսպեկտի վրա, նորակառույցում։ Տեղափոխեցին գրքերը, սերնդե սերունդ փոխանցվող սպասքը, պապիկիս խաչերի անհաշվելի հավաքածուն, որոշ կահույք։ Մի խոսքով, ամենակարևորը ու օգտակարը։ Տատիկիս խնդրանքով նոր տանը կառուցվեցին պատշգամբներ։ Մեկը խոհանոցի մասում, մյուսը՝ իր ննջասենյակի։ Իր ննջասենյակի պատշգամբ տատիկը տարավ մի հին սեղան, սփռոց, կախեց մի լուսամփոփ՝ այս անգամ չթրթրացող և ավելի վառ։ Տատիկը սպասում է երբ է տաքանալու եղանակը, որպեսզի սուրճ խմելը վերջապես տեղափոխվի պատշգամբ։ Ամեն ամառային երեկո, տատիկը նստում է իր պատշգամբում, վառում է իր երկար բարակ ծխախոտը, ու առանց ոչ մի տեղ շտապելու վայելում է իր սև դառը սուրճը։ Պատշգամբը նորից նայում է բակ՝ փողոցի անցուդարձը և աղմուկը չի հասնում իրեն։ Հաճախ երբ դիմացի շենքի բնակիչները անզգուշաբար մոռանում են ծածկել վարագույրները, պատշգամբից երևում է իրենց կյանքից մի ակնթարթ։ Երևում են ուրիշ պատշգամբներ, ուրիշ ծխախոտներ վայելող ուրիշ մարդկանց տատիկներ, ուրիշ լվածք, ուրիշ իրեր, ուրիշ կյանքեր։ Այնքան ուրիշ, անծանոթ բաներ, այնքան ծանոթ մի պատշգամբից։ Հստակ որոշել եմ, երբ մեծանամ տուն կառնեմ Երևանի կենտրոնական փողոցների՝ լուռ բակերից մեկում։ Հավանաբար սովետական մի շենքի, ոչ շատ բարձր հարկում։ Հավանաբար մեկ կամ, եթե բախտս շատ բերի, երկու սենյականոց մի բնակարան։ Բնակարանի ներսը շատ էակին չի՝ լինի մի անկողին, խոհանոց ու գրապահարան ինձ հերիք է։ Բնականարում ամենակարևորը պատշգամբն է։ Պատշգամբը, մի փոքրիկ սեղան, ու նույնիսկ թրթրացող մի լուսամփոփ։