Սերը պառակտում է մեզ,
անփոխադարձ Սերը, գալիս է ամենասխալ պահերին։ երբ Մեկը չափից դուրս սիրում է Մյուսին, իսկ Մյուսը չափից դուրս՝ իր ազատությունը։
անփոխադարձ Սերը Մյուսին վերածում է երազանքների մի բույլի, դարձնելով նրան անհասանելի մի աստղ՝ բյուրավոր աստղերից տարբերվող, ամբողջ տիեզերքից հարազատ։
անփոխադարձ Սերը թաքցնում է Մյուսի բոլոր թերությունները, դրանք վերածում է գեղեցիկ սպիերի, դրանք լցնում է ու զարդարում է ոսկով։
անփոխադարձ Սերը գերում է Մեկին իր երևակայած երազանքների գրկում, ստիպում է ննջել երազների այդ լաբիրինթում մինչև Մեկը չի կորչում անվերադարձ, կամ մինչև Ուրիշը չի գտնում նրան։
Սերը պառակտում է մեզ,
փոխադարձ Սերը Մեկին և Մյուսին լցնում է լույսով նրանց հոգիները կապում է միմյանց գույնզգույն թելերով նրանց աչքերի համար բացում է նոր ծիածաններ, նոր տիեզերքներ, նոր աշխարհներ,
բայց նույնիսկ փոխադարձ Սերը լքում է Մեկին ու Մյուսին, ու նրանք լաց են լինում, ու գործիքներ չեն գտնում հոգիների դատարկությունը լցնելու համար։ Մեկը փորձում է խմիչք, Մյուսը՝ թմրանյութ, Մեկը փորձում է Ուրիշին, Մյուսը՝ փախչում է ամենից, Մեկը թրջում է տան բարձերը ու խոռտակում է սենյակները իր արցունքների մեջ, Մյուսը՝ լուռ նստում է ու չի նկատում ինչպես բացվեց առավոտը։
Սերը պառակտում է մեզ,
բայց մենք ամեն անգամ հրավիրում ենք իրեն ներս։