ի վերջո մենք բաժանվեցինք, օդանավակայանի գույնզգույն պատուհաններից դուրս, մենք բաժանվեցինք, իմ բոլոր վախերն ու տագնապները միանգամից կենդանացան ու դու ինձ մենակ թողեցիր։ ոչ այնպես, ինչպես ես կանխատեսել էի, ոչ գեղեցիկ հրաժեշտով ու կտեսնվենք շուտով-ով, դու ինձ ուղղակի թողեցիր կես ճանապարհին, ինձ փշրեցիր, ջարդեցիր ու հաջողություն մաղթեցիր։ իմ քեզ հետ պահելու բոլոր փորձերը իզուր էին դու հաստատակամ էիր , ինչպիսին միշտ ես եղել քո որոշումներում, ու դու գնացիր, առանց ինձ որևէ շանս թողնելու։ դու ուղղակի գնացիր։ դու չէիր գնում երկրից ինչպես զգուշացրել էիր ամիսներ առաջ, այլ վերադառնում էինք հանգստից, մեր երկար սպասված ու պլանավորված հանգստից։ քեզ վերջին անգամ գրկելիս ու հրաժեշտ տալիս իմ մտքի ծայրով էլ չէր անցնի որ դա վերջինն է, բայց ավաղ

հիմա ես քեզ եմ թողել մեր բոլոր սիրելի սրճարանները, բոլոր վայրերը որտեղ հնարավոր է քեզ հանդիպել, բոլոր մարդկանց, որոնք ինչ որ կերպ քեզ են հիշեցնում, բոլորին ու ամեն ինչ ես քեզ եմ թողել, որ դատարկությունն ավելի դատարկ լինի ու չնկատեմ բացակայությունդ։ ես քեզ հեռացրել եմ այնքան որքանով դա հնարավոր էր այս փոքրիկ քաղաքում ու բաժանել եմ փողոցները իմ ու քո միջև, դու չգիտես այդ մասին, երբեք չես իմանա, թե ես որքան եմ ինձ հեռացրել իմ քաղաքից, որ անթիվ պատահականությունների բերումով հանկարծ ստիպված չլինեմ նորից զգալ օտարությունդ։ քեզնից ինձ մնացել են այն մի քանի նվերները որոնք ես պահել եմ մեկ այլ մութ անկյունում, աչքից հեռու, բայց գլխիս վերևում շարունակում է կախված մնալ քո նվիրած նկարը, պատուհանագոգին՝ ծաղկամանը, տուփում՝ մատանին, որոնց նայել խուսափում եմ ինչպես խուսափում եմ մեր անթիվ անհամար հիշողություններից, քեզ հետ պատահական հանդիպումներից ու էլի շատ ու շատ պատահականություններից, չգիտեմ երբ կվերջանա այս ամենն ինձ համար, կվերջա՞նա արդյոք, բայց ես սպասում եմ այդ օրվան, երբ ստիպված չեմ լինի փոխել ճանապարհս քեզ հանդիպելու ու իրար նորից ցավեցնելու վախից,

գուցե ամեն ինչ այսքան անտանելի չլիներ, եթե ինձ էլ պատրաստած լիներ հիասթափությունների հաջորդականությունը, որը կարծես թե պատրաստել էր քեզ սրան, գուցե ավելի հեշտ լիներ, եթե քեզնից որևէ անհամաձայնություն զգացած լինեի, գուցե, բայց ոչ, քո հեռանալը նման էր անսպասելի ամպրոպի պայծառ օրվա վերջում, դու գնացիր հանկարծակի, ինչպես հայտնվել էիր ու դա էր ամենասարսափելին:

էլ չեմ սպասում քո վերադարձին, բայց դեռ չեմ կարող անունդ տալ, չեմ կարող քո մասին առանց արցունքների խոսել ու չեմ կարող տեսնել քեզ, այսքան ժամանակ անց դեռ չեմ կարող

#հրաժեշտ 09.24-ից