#հրաժեշտ օդանավակայանի գույնզգույն լուսամուտներից ներս հրաժեշտներն են։ մեզ սպասվող ամենաանգույն հրաժեշտը, որը կպոկի ինձնից մի մասնիկ էլ ու կտանի մեկ այլ ժամային գոտի, հազարավոր կիլոմետրեր այն կողմ ապրելու սեփական կյանքով, առանց իմ իմացության ու միջամտության։ այդ թվացյալ ավելի լավ կյանքը(գուցե սխալվեմ), որ սպասում է քեզ այնտեղ կստիպի մեզ ապրել անջատ սկզբում կարոտի անհաղթահարելի զգացումով, հետո կդառնա հերթական սովորականությունը ու կմոռացվի բոլոր մնացած այլ մասնիկների նման, որոնք ցրված են ամբողջ աշխարհով։

ինձ կմնա միայն արթուն մնալ մինչև ինքնաթիռդ վայրեջք կկատարի, մինչև քո այդ նոր ժամային գոտում սլաքները ցույց կտան ամանորը կամ ծննդյանդ օրը, բայց մի օր հոգնածությունը կհաղթի սպասմանը և դա էլ չի լինի։

եթե միայն իմանայիր թե ինչքան եմ հոգնել հրաժեշտներից, սիրելիներիս ինձնից խլող հրաժեշտներից ու դրանց հաջորդող իբր «կտեսնվենք շուտով»-ներից, բաժանումներից ու այդ անիծյալ ժամային գոտիներից։ ես իհարկե կօգնեմ քեզ գտնել փնտրածդ, հույսով, որ այդ նոր տարածության մեջ քեզ շատ ավելի երջանիկ կզգաս քան կարող էիր լինել իմ ներկայության հետ, իմ երբեմն նյարդայնացնող, երբեմն չհասկացող ու իրականությունդ չընդունող ներկայության հետ, բայց այդ օգնությունը առաջին ու միակ անգամ ի սրտե չի լինի, այն կլինի ճարահատյալ, անցանկալի, բայց և այնպես այն կլինի մեծ հասկացվածությամբ։

գիտեմ դու դեռ էստեղ ես ու երևի դեռ կլինես, բայց արդեն սկսել եմ զգալ բացակայությունդ։

իսկ վերջում բարի ճանապարհ, կամ մինչ հանդիպում, կտեսնվե՞նք շուտով