ամեն օրվա հետ ու ամեն ծանոթության հետ համոզվում եմ, որ հասունությունը տարիքի հետ կապ չունի։

հեյ, մի քանի խառը մտքեր կան խառը շաբաթվանից հետո։ կիսվեմ քեզ հետ ու գնամ կիրակին վայելելու։

ուսանողներիս մեծ մասը ինձանից մոտ երկու անգամ տարիքով մեծ են, բայց շատ հաճախ վարվում են դպրոցական տարիքի փոքրիկների նման։ իսկ էն ուսանողներս, որ մոտ 20 տարեկան են, կամ հենց իմ տարիքի, ավելի հասուն են ու շատ ավելի հեշտ է իրենց հետ աշխատելը։

տիկին Հասմիկը (դասի ժամանակ տիկին֊պարոն֊ով չեմ դիմում, քանի որ էդ դեպքում տարիքային էդ տարբերությունը հաղթահարել ընդհանրապես չէր ստացվի) ամեն պահի տեղից հուշում/խանգարում է բոլորին։ դե փորձում եմ առանց վիրավորելու, ոչ կոպիտ բացատրել, որ տգեղ է, որ բոլորին էլ խոսելու հերթ կլինի, որ բոլորն էլ պատասխանելու իրավունք ունեն։ դեռ էդքան էլ չի ստացվում, մի հետաքրքիր մեթոդ եմ որոշել, որ փորձելու եմ երեքշաբթի օրը։ անպայման էդ մասին կգրեմ։

Անուշը, որ գրեթե Հասմիկի տարիքին է, ուշ երեկոյան ինձ հաղորդագրություն է թողնում, որ Հասմիկին զգուշացնեմ, որ չհուշի բոլորին ։Դ

դե ես երկար ծիծաղում եմ, ժպիտ եմ ուղարկում Անուշին ու չեմ ծավալում թեման։ չեմ ուզում բամբասել։ հաջորդ դասին Հասմիկը բացակայում էր ու նրանք, ինչ խոսք, բամբասեցին՝ մինչ ես կարգիչս էի միացնում ու պատրաստվում էի դասին։ ։Դ

մեր կյանքում մարդիկ կան, որ պետք է լինեին։ հիմա որ մտածում եմ՝ այդ կամ այս մարդը բացակայեր իմ մտքերից, հասկանում եմ, որ տեղը դատարկ կլիներ։ դե դուք կասեք, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես էլ ասում եմ, որ հա, համաձայն եմ, բայց կան անփոխարինելի տեսակներ։ մտածում եմ, որ ուրույն են բոլորը։

«կներես, բայց չէ» արտահայտությունը դարձելա ակտիվ բառապաշարիս մի մաս։ ես միշտ ասում էի՝ կփորձեմ։ հիմա չեմ հասցնում։ հիմա ավելի շատ «չէ» եմ ասում, քան «կփորձեմ»։ ու ես ուրախ եմ դրա համար։ ես ուրախ եմ ինքս որոշել, թե որ ժամս ում եմ ուզում տրամադրել։ դե կարող է դուք զարմանաք, քանի որ դա լռելյայն էդպես պետք է լիներ։ ինձ մոտ հակառակն էր շատ երկար ժամանակ։ դե հա, ամբողջ կյանքում ։Ճ

էսօրվա երազս շատ տարօրինակ էր, պետք է գրեմ էստեղ։ եթե արդեն հոգնել ես տափակ մտքերս կարդալուց, չեմ նեղվի։

Ինչ֊որ սրճարանում նստած էինք ու մեր կողքի սեղանին աղջիկներ կային նստած։ նրանցից մեկը հնդկուհի էր։ ես զգացի, որ մյուս աղջիկները ուզում են էդ հնդկուհուն «խաբել» ու ավել գումար վերցնել՝ 450 դրամ ։Դ ու ինձ խնդրեցին, որ թարգմանեմ իր համար, որ 450 դրամ տա իրենց։ ես թարգմանեցի, բայց միաժամանակ նկատեցի, որ սեղանին կա 1400 դրամ, իսկ իրենց հաշիվը հաստատ 1400 էր, ես լսել էի։ ես ջղայնացա՝ թե ինչու են էդ աղջկանից ավել գումար վերցնում, ու վերադարձրի 450֊ը։

խնդրում եմ, ուղեղ, եթե դու ունես հնարավորություն, ինձ բացատրիր՝ ինչի պետք է ես նման երազներ տեսնեմ ։Դ

մեկ այլ երազում մամայիս ֆբ֊յան ստատուսն էին թերթում տպել ։Դ էդ ավելի մոտա իրականությանը։

քեզ լավ կիրակի, շնորհակալ եմ, որ կարդացիր էս անմիտ գրվածքը։ չմոռանաս՝

հոգ տար քո մասին