Կատուների քաղաքն ու մանուկը
Եվ ներսիս մանուկը հրճվանքից թռչկոտում էր, իսկ ես ժպիտը դեմքիս արագ հեռախոսս էի հանում լուսանկարելու համար։ Չէ, ներսիս մանուկը այդ տեսարանը երբեք չի մոռանա, նկարը մեծահասակիս համար էր։ Այդ մանուկը ապրել է գյուղում, խաղաղ ու հասարակ ընտանիքում։ Այդ մանկության մեջ իմ երազանքներն ու նպատակները լրիվ այլ էին, դրանք սարսափելի պարզ էին, բայց միևնույն ժամանակ դժվարիրականանալի։ Մայրս ու հայրս չորս երեխա էին մեծացնում՝ մեծ սիրով ու խնամքով, նաև լուրջ դժվարություններով, որ այդ ժամանակ հատուկ էր գրեթե բոլոր գյուղական ընտանիքներին։ Այդ դժվարությունները սարսափելի չէին ինձ համար, ամենավատն էստեղ ծնողներիս սեփական անձը մոռանալն էր։ Ամռանը լիճ գնալուց ու ծննդյան տոնակատարություններից բացի բոլոր օրերը լցված էին ծանր աշխատանքով։ Հայրս արդեն մոտենում է 60-ին, ինձ համար դա վախեցնող է, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ։ Առհասարակ, ինձ համար մարդու բոլոր տարիքները յուրահատուկ հետաքրքրություն ու գեղեցկություն ունեն, իսկ մեծահասակ լինելը շքեղություն է, եթե հաջողել ես հասնել դրան։ Շատ շեղվեցի։ Ներսիս այդ մանուկը, որ սովոր էր մորս ու հորս տեսնել գյուղում, խաղաղ ու հասարակ միջավայրում, օրվա խնդիրները լուծելով, նայում էր նրանց, որ քայլում էին հին եվրոպական քաղաքով, որը հիմա պատկանում է ՌԴ-ին, ու հիանում լույսերով, գեղեցկությամբ ու էն չպահված երազանքի կատարմամբ։ Չպահված, որովհետև չես կարող պահել երազանք մի բանի մասին, որի գոյության մասին գաղափար անգամ չունես։ Այս ամենի մեջ, այդ մանուկի համար նույնն էր միայն երկինքը։ Բայց, եթե հարցնեմ ծնողներիս, այդ կադրը երևի չեն էլ հիշի։ Նրանք կհիշեն առաջին անգամ իրենց երեքամյա թոռնուհուն գրկելը ու նրա ջերմությունը զգալը, միջնեկ թոռնիկ Մարկի համար շատ շոկոլադ առնելը ու դրա դիմաց հարյուրներով պաչիկներ ստանալը ու Լյոնչի՝ որպես մեծ տղա, ուղեկցությամբ խանութ գնալը։ Սրանք րոպեների կամ վայրկյանների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններ են, բայց մի ողջ կյանք են փոխում, որակ ու սեր տալիս մեզ ու ուժ, որ ապրենք՝ հաջորդ հանդիպմանը սպասելով։