Կյանքը լավագույն ու վատագույն բանն է, որ կարող էր պատահել մեզ հետ
Իմ կյանքում հաճախ են եղել պահեր, որ ասել եմ՝ վերջ չեմ դիմանում, լսել, տեսնել, զգալ անկարող եմ, ապրել չեմ ուզում։ Բայց դրանից շատ ավելի շատ դեպքերում փոշմանել եմ ասածիս համար։ Եթե հայ ես ծնվել՝ այս աշխարհի մաղձը հաստատ գոնե 3-4 անգամ զգացած կաս, ու եթե անկախ քո կամքից ապրումակցում ես ուրիշին, ապա շատ ավելի վատ։ Բայց այսօր ես ուզում եմ խոսել կյանքի գեղեցիկը վերագտնելու ու իմ պատկերացրած հավերժության մաասին։ Դպրոցում պաստառ ունեինք, որը վերնագրված էր՝ «Գեղեցիկը կփրկի աշխարհը», ես լիովին հավատում էի դրան դպրոցահասակ ժամանակ, հիմա մոտենում եմ վերապահումով, աշխարհին չէ, բայց անհատին հաստատ փրկել կարող է, միայն թե կարողանաս ուժ գտնել գեղեցիկին գնալուն ու ընկալես։ Վերջին ժամանակներում ինձ արվեստը փրկում է, իսկ այսօր դրան միացավ բնությունը ու փոթորիկը խաղաղվեց՝ հուսամ երկարատև։ Չեխիայի ամրոցներից մեկում էինք, որը բացի գեղեցիկ լինելուց, ուներ իրեն պատկանող հսկայական հողատարածք՝ փոքրիկ անտառով։ Ու ես այսօր առաջին անգամ հասկացա թե ինչու են պատկերասրահներում հաճախ նկարների դիմաց նստարաններ դրված, ես այսօր առաջին անգամ նայում էի մի նկարի ու ոչ մի կերպ կտրվել չէի կարողանում, հետո երկար քայլեցի ամրոցին հարակից անտառով, ու ինձ մի պահ թվաց` նայում եմ նույն նկարին, ուղղակի մի քիչ փոխված, ու քանի, որ անտառում ի տարբերություն ամրոցի էքսկուրսավարը ինձ չէր սպասում ու շտապեցնում երկար մնացի էնտեղ։ Մի պահ միայն զգացի, որ բնության մեջ մենակ մնալիս ես սարսափելի վախկոտ եմ դառնում, որովհետև ես բնության տարր լինելով սարսափելի կտրվել եմ դրանից, ու ես իմ տարածքում չեմ զգում ինձ (սարսափելի է մտածել՝ քո չվախենալու տարածքը սմարտֆոնն է)։ Գուցե ձեզ հետ էլ պատահած լինի, որ ասած լինեք՝ կյանքիցս մեկ տարի կտայի միայն տեսնեի կամ իմանայի ինչ որ x բան, բայց երբևէ ինքներդ ձեզ հարցրած կաք՝ ինձ արդյոք մի տարի դեռ մնացել է այս երկրի վրա։ Ու, երբ այսօր կանգնած էի նկարի առաջ, մի պահ մտքովս անցավ՝ ինչու ենք մենք այդքան երկար մտածում հավերժության ու ժամանակի մասին, անվերջ վախենում ենք չհասցնելուց, ժամանակի թանկարժեքությունից։ Մի պահ մտածեցի՝ իսկ ինչ է հավերժությունը առհասարակ, չէ, դրա ձևակերպման մասին չեմ ասում, դա բոլորս էլ գիտենք, մեր զգացած հավերժության մասին եմ հարցնում։ Ինձ համար հավերժությունը մի ակնթարդ է, որը ես հնարավորություն ու ուժ կունենամ զգալու մարմնիս բոլոր բջիջներով։ Հավերժության զգացումը ուղղակի չի գալիս, դրան որևէ բան պիտի դրդի ու դա շատ հաճախ արվեստն է։