Մենակ չլինելու կարևորության մասին
Ինձ այս կյանքում նվիրված ամենաարժեքավոր բաները ժամանակն ու էմոցիաներն են։ Դրանք ամենաշատը ես ստանում եմ ընտանիքից, ընկերներից ու Լեռից։ Իմ ամենաարդյունավետ ու ամնենաարտադրողաան ժամանակը ես ունեցել եմ իմ հանդեպ հավատի ու ունեցած գեղեցիկ էմոցիաների ժամանակ։ Ցավոք բացասական էմոցիաները աշխարհում ավելի շատ են, և չգիտես ինչու մարդիկ դրանց վրա ավելի հեշտ են կենտրոնանում ու ավելի երկար են մնում այդ վիճակում ։ Ինքս հաճախ եմ ասում՝ «հավես չունեմ»։ Ես վատ լուրերից շուտ եմ նեղվում, փոքր անախորժությունները ծանր եմ տանում, երբեմն սենյակիցս դուրս գալ չեմ ուզում, բայց հենց ինչ-որ մենկին հաջողվում է ինձ դուրս քաշել սենյակից, տանել դրական էմոցիաների դաշտ, ես սկսում եմ նոր էնտուզիազմով ապրել ու զգալ այս կյանքը։ Մի պահ ինձ թվում է՝ ինչը իրագործել ցանկացել եմ, բայց վախեցել, շատ սովորական է ու լրիվ իրականանալի։ Եվ այդ պահին ինձ իսկապես միայն այդ ոգևորությունն է անհրաժեշտ բոլոր երազանքները իրականացնելու համար։ Իմ կյանքում եղել են այդպիսի ոգևորության պահեր, որոնք բերել են հաջողության։ Այս ամենի պատճառը իմ կարծիքով այն փոքրիկ հաղթանակն է թուլության հանդեպ, որը մենք զգում ենք սենյակում փակված, և որին մենք անվանում ենք՝ «հավես չունեմ»։ Ես շնորհակալ եմ ինձ տրված ժամանակի և էմոցիաների համար, այդ թվում բացասական. դրանք լավ առիթ են սովորելու և փոքրիկ հաղթանակներ ունենալու։ Կարևոր է նաև չմոռանալ ուրիշներին ևս օգնել հաղթել «հավես չունեմ»-ին։