Զրույցի մասին։
Ես այն մարդկանցից եմ, որ հոգնած ժամանակ, սպառված ու դատարկված պահերին, լցվում, բուժվում ինքս ինչ օգնում եմ զրույցով։ Դե լավագույն զրույցները տեղի են ունենում հարազատ մարդկանց հետ, մի բաժակ թեյի շուրջ, գիշերվա հազարին։
Երբ այդ մարդիկ ինչ-ինչ պատճառներով չկան, ես ուղղակի կարդում եմ բլոգներ։ Դրանք էլ են զրույց, որովհետև ես ուղղակի չեմ կարդում, այլ համաձայնում, քննարկում, հակադարձում եմ այն բոլոր մտքերի հետ, որ արտահայտվում են դրանցում։
Հիմա այնպիսի երկրում եմ, որտեղ լեզուն չեմ հասկանում, իրենք էլ հետաքրքիր ձևով հրաժարվում են խոսել ցանկացած այլ լեզվովչնայած հասկանալուն (մի օր սրա մասին առանձին կպատմեմ), իհարկե սա իր հետաքրքրություններն ունի, արկածային ու ծիծաղելի դրվագները, բայց խոստովանենք
մարդ էակի համար խոսելը կենսական նշանակություն ունի։ Ու այն տականք պահերին, երբ երկար ժամանակ մեխանիկական աշխատանք եմ կատարում, ուղեղիս բջիջները մահից փրկելու ու տրամադրության անտանելի անկումները հաղթահարելու համար, ուղղակի միացնում եմ հարցազրույցներ, պոդկաստներ ու վայելում ուրիշի զրույցները։ Ներսում սկսվում է խաղաղվելու գործընթացը, հանգստանում եմ ու սկսում ամենակարևոր մտքերը գողանալ, գրել ներսում մի տեղ, մինչև ձեռքերս մի քանի րոպեով կազատվեն, ու կհասցնեմ դրանք զետեղել հեռախոսի կամ բլոկնոտի մեջ։
Ինձ համար կյանքը սովորելու լավագույն մեթոդներից մեկը զրուցելն ու լսելն է, եթե հաշվի չառնենք այդ կյանքի յուրաքանչյուր վայրկյանը զգալն ու ներկա լինելը։
Հ.գ. Անունիս հետ կապված. ես քամու ժամանակ ներկա չլինել չեմ կարողանում, ինքը թույլ չի տալիս, որ մտքերի մեջ ընկնեմ ու վերանամ տվյալ պահից։