[ան]իմաստ

պատերազմից յետոյ չափազանց յաճախ էի մտածում կեանքի իմաստի մասին, ու էդ մտքերից խախտւում էի արդէն։ ոնց որ բռնածս ամեն գործին խանգարեր էդ հարցը։ յետոյ մտածեցի՝ իրականում երեւի ոչ մի առանձնայատուկ բան էլ չկայ, զուտ էս մեծ տիեզերքի ինչ-որ պստիկ բայց կարեւոր մաս ենք։ հիւգո ֆիլմը որ կայ՝ դրանից միշտ էդ հատուածն եմ յիշել, որ ասում ա՝ աշխարհը որպէս մի մեծ մեքենայ էի պատկերացնում։ իսկ մեքենաները երբեք աւելորդ մասեր չունեն, ու եթէ ես էդ մեծ մեքենայի մաս եմ՝ ուրեմն ինչ-որ կարեւոր գործառոյթ ունեմ։ մտածեցի՝ երեւի մենք կանք, զի մեծ տիեզերքի մասն ենք, ու պիտի լինենք, որ տիեզերքն էլ լինի։ բայց թէ ինչով կզբաղուենք պարապ ժամանակ՝ երեւի հեչ կարեւոր չի։ ի՞նչ են անում կենդանիները պարապ ժամանակ։ մերն էլ երեւի դրա մի քիչ աւելի ֆէնսի տարբերակն ա. նկարում ենք, ծրագրեր ու երգեր գրում, դրոններ սարքում, պատերազմներ վարում, սպանութիւններ կամ առեւտուր անում։ բայց նաեւ ուզում եմ հաւատալ, որ երբ խաղաղ ու անվնաս ես ապրում՝ ոնց որ փափուկ, սահուն աշխատող, իւղած մաս լինես մեքենայի։ ու ուզում եմ մտածել, որ պէտք ա պահպանել եւ պաշտպանել բոլորի՝ խաղաղ ապրելու հնարաւորութիւնը։ զի երբ քեզ լաւ ա՝ գործդ էլ լաւ կանէս։
ու մտածում էի՝ երեւի ոնց որ սարդը սարդոստայն ա հիւսում՝ մենք էլ ռոբոտներ ենք սարքում, ծրագրեր գրում։ ու շատ սիրուն ա, օրինակ, ծառի եւ մարդու համեմատութիւնը, զի մենք յաճախ ենք մոռանում որ բնութեան մաս ենք, բնութեան մէջ ու բնութեան համար ենք։ դրանից ահագին հանգստացայ։ աւելի հանդարտ եմ ապրում, երբ մտածում եմ, որ մենք էլ մի օր գնալու ենք, ոնց որ ասենք դինոզաուրներն են գնացել, ու մեզնից յետոյ երեւի ինչ-որ ուրիշ էակներ են գալու, յետոյ իրանք էլ գնան, ու էդպես տիեզերքի կեանքը պահենք էնքան, ինչքան որ պէտք ա։ աւելի հանգիստ եմ նայում ամեն ինչին՝ ապագայիս, պատերազմին, մահին, պետութեանը, աղէտներին, կլիմայի փոփոխութեանը։ զուտ ուզում եմ ապրեմ պաշտպանելով բոլոր մեծ ու փոքր բօլտ ու գայկաների՝ խաղաղ ապրելու ու գործելու հնարաւորութիւնը։

շատ հաւես ա, որ էս մեծ ու երկար կեանքի էս փոքր պահի մէջ հենց մեզ ա տրուած էսքան բան միանգամից վայելելու հնարաւորութիւնը։ էն, որ մենք էսքան տարբեր ուտելիքներ ունենք, էսքան տարբեր հագուստ, արուեստներ ու արհեստներ, մասնագիտութիւններ, մազերի ներկեր, խմիչքներ։ հիմա կեանքը միաժամանակ շատ աւելի անկարեւոր բայց նաեւ շատ աւելի կարեւոր ա դարձել, ու էլ չեմ տանջւում էդ հարցերից։ հպարտանում եմ մեզնով, որ ինքներս մեզ էդքան լաւ ենք զբաղեցնում, որ ինքներս մեր համար էդքան հաւես խաղեր ենք մտածում։ էդպէս։

յ.գ. երբ դաշնեզերքում առաջին անգամ կիսուեցի էս մտքերով՝ կողմնակին գրեց հետեւեալը.

ռիչարդ ֆէյնմանը վարկած ունէր, որ գեղեցիկը ունիվերսալ գաղափար ա։ ես հակւում եմ նման մտքի։

ու չեմ բացառում որ կոդը որ գրում ենք՝ այլ չափողականութեան էակների համար սիրուն այգու պէս ա։ մի քիչ անիմաստ՝ բայց սիրուն։ եթէ լաւ ա գրած։ (:

ու մտածում եմ որ այսօր մշակութային պայթիւնի, ծաղկման ժամանակաշրջան ա, իսկ պատերազմներ գրեթէ չեն լինում, մերը՝ բացառութիւն էր, ու որ այդ ամէն ստեղծուող իւթիւբ վիդեօները, երգերը, պոդքաստները, ծրագրերը, բլոգերը, գրառումները՝ շատ սիրուն են։ ու նախանձելի ժամանակում ենք ապրում։

դեռ երբեք մարդկութիւնն այդպիսի նախանձելի ժամանակաշրջան չի ունեցել։

ես, միանշանակ, համաձայն եմ. նախանձելի ժամանակում ենք ապրում։