դու ինձ չգիտես, չսովորեցիր։
ես պարզապես մեկն եմ, ում երեք վայրկյանից երկար չեն նայում։ ես չեմ երևում։ ես նույնիսկ լույսի տակ չեմ երևում։ ես չեմ երևում հայելիներում։ ես չկամ։
ես մեռել եմ։ արդեն մի քանի անգամ։ բայց մի կաթիլ կարմիր հեղուկ, որ իմ օրգանիզմում կար, որ թողել էր մի աներևույթ մեկը, ինձ նորից բերեց կյանք։
ես արթնացա մեռած։ ես ամեն օր արթնանում եմ մեռած։ ես ապրում եմ մարմնում, որը չի ծերանում։ ես ամեն օր նույնն եմ։ իսկ իմ վերքերը... ես վերքեր չունեմ։ ես նույնիսկ սպիներ չունեմ։ ես անմահ եմ։ ես վամպիր եմ։
դու իմ մասին գրքերում ես կարդացել, կամ էլ ֆիլմեր ես դիտել։ մի քանի սխալ բան կա պատմություններում, որ կուզեմ իմանաս։ ես չեմ զգում։ քո կարդացած գրքերում կամ դիտած ֆիլմերում, բոլոր գրված պատմություններում իմ տեսակը սիրահարվում է, իմ տեսակը փոխվում է, եթե չար է, սերը նրան բարի է դարձնում։ ես պետք է զարմացնեմ քեզ։ ամեն ինչ սուտ է պատմված։ ես չեմ զգում։ մենք չենք զգում։ մեր տեսակը չի զգում։ չենք էլ կարող։ մեռած ենք։ անհոգի։
ես սովորել եմ արդեն չզգալուն։ ես սովորել եմ, որ դու ինձ սիրում ես, իսկ ես քեզ... ես չեմ զգում։ ես չկամ։ չգիտեմ՝ ում ես սիրում։ երևի մարմնիս։ երևի մարմինս։
բայց ես հոգի չունեմ։ չունեմ զգալու... զգայարաններ։ ես այո, լսում եմ, տեսնում եմ, մի քանի անգամ ավելի լավ եմ զգում ու տեսնում, քան պատկերացնում ես։ ես լսում եմ, թե ինչպես է սիրտդ մի քանի անգամ արագ աղմկում, իսկապես աղմկում, երբ հանկարծ տեսնում ես ինձ։ ես տեսնում եմ, թե քանի միլիմետրով է մեծանում աչքերիդ տրամագիծը, երբ նայում ես ինձ։ դու ինքդ էլ չես զգում դա։ բայց դա քեզ մատնում է։ դու սիրահարվել ես։ դու... զգում ես։
ես երևի որոշեմ թողնել քեզ մի օր։ բայց մինչև այդ դու պետք է ինձ օգնես.... ձևացնել, թե կամ։