barer

անկապ բառեր

#հրաժեշտ օդանավակայանի գույնզգույն լուսամուտներից ներս հրաժեշտներն են։ մեզ սպասվող ամենաանգույն հրաժեշտը, որը կպոկի ինձնից մի մասնիկ էլ ու կտանի մեկ այլ ժամային գոտի, հազարավոր կիլոմետրեր այն կողմ ապրելու սեփական կյանքով, առանց իմ իմացության ու միջամտության։ այդ թվացյալ ավելի լավ կյանքը(գուցե սխալվեմ), որ սպասում է քեզ այնտեղ կստիպի մեզ ապրել անջատ սկզբում կարոտի անհաղթահարելի զգացումով, հետո կդառնա հերթական սովորականությունը ու կմոռացվի բոլոր մնացած այլ մասնիկների նման, որոնք ցրված են ամբողջ աշխարհով։

ինձ կմնա միայն արթուն մնալ մինչև ինքնաթիռդ վայրեջք կկատարի, մինչև քո այդ նոր ժամային գոտում սլաքները ցույց կտան ամանորը կամ ծննդյանդ օրը, բայց մի օր հոգնածությունը կհաղթի սպասմանը և դա էլ չի լինի։

եթե միայն իմանայիր թե ինչքան եմ հոգնել հրաժեշտներից, սիրելիներիս ինձնից խլող հրաժեշտներից ու դրանց հաջորդող իբր «կտեսնվենք շուտով»-ներից, բաժանումներից ու այդ անիծյալ ժամային գոտիներից։ ես իհարկե կօգնեմ քեզ գտնել փնտրածդ, հույսով, որ այդ նոր տարածության մեջ քեզ շատ ավելի երջանիկ կզգաս քան կարող էիր լինել իմ ներկայության հետ, իմ երբեմն նյարդայնացնող, երբեմն չհասկացող ու իրականությունդ չընդունող ներկայության հետ, բայց այդ օգնությունը առաջին ու միակ անգամ ի սրտե չի լինի, այն կլինի ճարահատյալ, անցանկալի, բայց և այնպես այն կլինի մեծ հասկացվածությամբ։

գիտեմ դու դեռ էստեղ ես ու երևի դեռ կլինես, բայց արդեն սկսել եմ զգալ բացակայությունդ։

իսկ վերջում բարի ճանապարհ, կամ մինչ հանդիպում, կտեսնվե՞նք շուտով

ասում են գրի քեզ ավելի թեթև կզգաս, էկել եմ գրեմ, բայց անկեղծ ասած չգիտեմ էլ, թե ասելու ինչ ունեմ: գիտեմ, որ, ինձ լավ չեմ զգում, անդադար տագնապի զգացում ունեմ, արագացված սրտի աշխատանք ու տրամադրության անկումներ: միշտ ինչ որ բան անելու ցանկություն ունեմ ու նաև ոչինչ չանելու, ինչի արդյունքում ինձ լիարժեք չեմ զգում: գիտեմ, որ ինձ գործա պետք, բայց դրա համար էլ ոչինչ չեմ անում: բըրն աու՞թ: կարծում եմ ես հիմա կյանքից եմ բըրն աութ: բայց ինչ անել երբ ամիսներն անցնում են, բայց էդ զգացումը մնումա, ինչ անել եթե անդադար քեզ խրենովը ես զգում: ներեցեք ուրիշ համարժեք բառ չունեմ:

չգիտեմ ինչի ինձ ամեն ինչ սենց մեկ դարձավ, եթե իհարկե միշտ չէր էսպես, ուղղակի ես եմ սկսել նոր նկատել: բայց էս միտքն էլ հերքվումա, թեկուզ նրանով, որ ես միշտ եմ ինչ որ ամբիցիաներ ու ձգտումներ ունեցել, որոնց հասնելը ինձ կարևորա էղել ու գուցե հիմա էլ կարևորա ուղղակի կապնա թուլացել իրենց հետ:

վերջ ի վերջո ես հիմա էլ ապրում եմ ու կարամ ասեմ էնքան էլ վատ չեմ ապրում, եթե հաշվի առնենք հայաստանյան իրականությունը: բայց ես ուզու՞մ եմ էսպես ապրել: իհարկե չեմ ուզում, բայց շարունակելու ուժ էլ չունեմ: ես զգում եմ, ոնց են օրերն անցնում առանց որևէ կարևորության ու էդ ինձ ճնշումա, ես միշտ մտածել եմ, որ իվիճակի եմ հետս կատարված ցանկացած բանի տակից ինքնուրույն դուրս գալ, բայց հիմա զգում եմ որ դրա համար անհրաժեշտ ուժ ու էներգիա չունեմ: մեկ-մեկ մտածում եմ, որ երևի միանգամից շատ բան թափվեց գլխիս ու չկարողացա տակից դուրս գալ, հա երևի, բայց դա ինչքանովա ինձ արդարացնում իմ առաջ, չեմ կարծում որ արդարացնումա: պետքա ուժ գտնել դուրս գալ էս ապատիայից, բայց որտե՞ղա էդ ուժը: գի՞տի ինչ որ մեկը: ես անընդհատ փնտրում եմ, բայց տենց էլ չեմ գտնում, իմ մեջ եմ փնտրում, գրքերում, պոդքաստերում, ցանկացած օգտակար թվացող միջավայրում: ստացվու՞մա մոտս, ոնց հասկացաք չէ, կամ եթե ստացվումելա կարճաժամկետ մենակ: բայց ամեն դեպքում պետքա շարունակել, մինչև կոմպրոմիսի կգան ոչինչ չանող եսս ու էն ձգտումներովը:

լավ, մի խոսքով, լավ էղեք

ինձ ամենևին մեկ չի թե ինչա կատարվում Արցախում, բայց էս անգամ ինձ թվումա մի քիչ ավելի խելոք եմ, որ չեմ տրվում ամբողջ օրը լուրեր կարդալու, շուրջս բոլորին մեղադրելու ու անզորությունից ինձ պատեպատ տալու գայթակղությանը։

չէի ասի թե էս անտարբերությունը ճիշտա, բայց ինքս իմ հանդեպ էլ արդար չէր լինի նորից ինձ թույլ տալ հասնել հետպատերազմյան վիճակներին, որոնց մասին գրեթե ոչ մի բան չեմ հիշում, որովհետև ոչ մի բանով էլ չեմ զբաղվել բացի հիմար ինտերվյուներ լսելը ու բոլոր դավադրության տեսություններին ծանոթանալը։

ամեն օր ես լուր էի փնտրում կորցրածս մարդկանցից հնարավոր բոլոր տարբերակներով, որովհետև չես կարա գրես բա եղբորիցդ/տղայիցդ/ընկերոջիցդ նորություն չկա՞, իսկ ոչինչ չիմանալն էլ ավելի ահավորա, մտնում էի հիմնադրամի 141 էջն ու ուրախանում որ ՛՛անհետ կորած՛՛-ը պահպանվելա դեռ.. բայց էդ մինչև էսօրա պահպանվում, իսկ շատ ուրիշ էջերում էլ մարդկանց անունների դիմաց ՛՛մահացած՛՛ ավելացավ, չեմ կարա ասեմ որնա ավելի ահավոր, իմանալ թե շարունակել անհայտության մեջ մնալ..

ու որ որոշումներիցս ամենաահավորն էր որոշեցի մինչև քարվաճառի հանձնումը գնալ Արցախ։ էդ մասին ոչ մեկ չիմացավ ոչ ընկերներս ոչ ընտանիքիս անդամները որոնք վստահորեն հետ էին պահելու, ուղղակի գրեցի ծանոթներիս ովքեր էդ ժամանակ մարդկանց էին օգնում տեղափոխվել ու գնացի հետները ու կյանքիս ամենատխուր մի օրն էնտեղ անցկացրի

հիշում եմ ճանապարհին ծառեր էին հատում ինչը բավականին նյարդայնացնող էր։ հայաստանի կողմից մարդիկ գալիս ծառեր էին կտրում տանում, որտև դե մեկա հանձնելու են, դեմն էլ ձմեռա ինչի չկտրեն, իսկ էնտեղ մարդիկ իրենց տներն էին վառում ամբողջ գույքով որտև տեղափոխելու ձև չունեին

ամեն տեղ ճանապարհին կրակած արկեր էին ու փլուզումներ երբեմն պայթյունի ձայներ էին լսվում, բայց էդ ամենն էլ վախենալու չէր, ես էլ կանգնել էի դադիվանքի ամենավերևը ու մայրամուտի հետ տներից դուրս էկող ծխին էի նայում.

չգիտեմ երբ կարողացա դուրս գալ էդ ամենի տակից, կամ գուցե չեմ էլ էկել, բայց էլ պատրաստ չեմ նորից անցնել դրա միջով:

վաղուց ունեի էս մտքերը, բայց ուշադրութձուն չէի դարձնում, ուղղակի էսօր Տարոնչիկի ծնունդնա, երեկ էլ Արցախում առաջին սովամահության դեպքնա գրանցվել (չգիտեմ ինչքանովա ճիշտ) ու չգիտեմ, թե ինչ եմ զգում էդ ամենի ֆոնին

վերջերս նկատում եմ, որ երբ ինչ որ բանով ինձ հարազատ մեկին ուզում եմ հոգեբանորեն օգնած լինել ու մոտս չի ստացվում դրանից տրամս էնքան ա ընկնում, որ քիչ չի չեմ օգնում որևէ կերպ մի հատ էլ տպավորությունա ստեղծվում, թե ես եմ նեղացած: մի խոսքով լավ բան չէ դիմացինի էմոցիաները էդքան ուժեղ զգալը

հոգնել եմ

ժամանակ առ ժամանակ հայտնվումա մարդկանց մի խումբ, որ որոշումա թե իրավունք ունի մեղադրելու մարդկանց, ովքեր համարձակվում են շարունակել ապրել, թե բա անհոգ եք, քանի որ ձեզ թույլ եք տալիս սուրճ խմել, էն էլ որտե՞ղ երևանի կենտրոնում։ ընկերներով եք հավաքվում, լավ ժամանակ եք անցկացնում, իսկ արցախցին էնտեղ սովածա։ ու տենց էլ չես հասկանում, թե քեզնից ինչ են ակնկալում, լավ իմ մեղքի զգացումը ձեզ ի՞նչ ա տալու։ էլ ավելի հոգեպես ոչ առողջ հասարակությու՞ն, դրա՞ն ենք ձգտում։ եթե ամբողջ օրը չենք խոսում մի բանի մասին, որի վրա չենք կարա ազդել ոչ մի բանով ուրեմն մոռացել ենք, անհոգ ենք ու թքած ունենք, բայց չեմ պատկերացնում որ հայաստանում գտնվի մեկը ում պատերազմը խնայելա։ հայաստանում շատ վաղուց ոչ մեկ անհոգ չի, բայց չգիտես խի անընդհատ մեր ապրել շարունակելու փորձերը ճնշվում են ինչ որ զանգվածների կողմից, ովքեր գործելու իմիտացիա են ստեղծում. «օյ ես էն թուղթը ստորագրել եմ ես արցախի կողքին եմ, իսկ դու չես ստորագրել ուրեմն արցախը քո մեղքովա հանձնվում», տենց ձեզ խաբեք, բայց ես չեմ պատրաստվում մեղավոր լինել նրանում ինչում ես մեղք չունեմ։

մի խոսքով նեղվում եմ, ջղայնանում եմ, բայց ես էլ չեմ վստահում փողոցի մարդկանց, ովքեր միշտ գոռում են, որ կօգնեն, որ կփրկեն, որ ամեն բան լավ կլինի, բայց ոչ մեկ երբեք չի ասում, թե ո՞նց, ի՞նչ միջոցներով, կամ երբ

Չգիտեմ էստեղ ոնց ա ընդունված գրել, ու ինչի մասին, բայց ես պատրաստվում եմ պատմել ամենօրյա խնդիրներիս ու դրանց համար պատկերացրածս լուծումների մասին:

Համ էլ սա ինձ կօգնի սովորել մտքերս հստակ արտահայտել ու վերջապես կսովորեմ մաքի վրա հայատար թայփ անել: Ու քանի որ սովորելու մասին եմ խոսում նաև ասեմ որ ուզում եմ խոսքիցս հանեմ ոչ հայերեն բառերը, օրինակ բավական երկար ժամանակա ներդնում եմ «շնորհակալություն»-ը, ստացվում ա բավականին բարդ:

Մեկ էլ պետք ա սովորեմ ժամանակս անիմաստ չվատնել, օրինակ տարբեր սոցիալական հարթակներ թերթելուց, պառկել առաստաղին նայելուց ու տարբեր իրավիճակների համար գլխումս անիմաստ սցենարներ կազմելուց:

Ու պետքա վերհիշել հայերենի կետադրությունը, նաև վատ չէր լինի վերսկսել գործ փնտրելու պրոցեսը:

էսօր թերևս էսքանը, լավ եղեք :)

ողջույն, սա իմ առաջին գրառումն է օրագրում։

տակ վոտ, բարև սիրելի օրագիր… է ասում եմ

վաղուց էի ուզում գրանցվեի մոռանում էի, շնորհակալություն Անդրանիկին հիշեցնելու համար, կհանդիպենք, երևի ։)