տիգրան

tigransimonyan.com

Մարդիկ մեզանից ակնկալում են, որ մենք լինենք մեզ նման։ Հարց է առաջանում, թե որտեղից նրանք գիտեն մեզ եւ ինչպէս են ձեւաւորել իրենց պահանջը։

Օրինակ ընկերներիցս մէկը, որը հետաքրքրուած էր աստղագուշակութեամբ, ակնկալում էր, որ մենք համապատասխան լինենք մեր կենդանակերպին։ Դա ինձ հանդիպած ամենա ուղիղ եւ անկեղծ ակնկալիքն էր, որը ունէր յստակ սահմանում եւ անաչառ էր բոլորի համար։

Աւելի անձնաւորուած եւ չսահմանուած ակնկալիքներ սակայն մեզ հանդիպում են ամէն օր։ Ինչպէս եւ աստղագուշակութեան պարագայում, այստեղ էլ մարդիկ ունեն իրենց անձնական համակարգերը, որոնցում ամէն մարդ ունի իր տեղը։

Ըստ էութեան դժուար կը լինէր առանց այդ՝ չխմբաւորելով մարդկանց անհատական յարաբերութիւն կառուցել իւրաքանչիւրի հետ։ Նման խմբեր ունեն սահմանած բոլորը, նոյնիսկ նրանք, ովքեր ճնշուած են դրա արդիւնքում։

Դիցուք, եթե դու ունես կարծրատիպ ծրագրաւորողների մասին, ապա դու քեզ յարմար կը զգաս, եթե քո իմացած բոլոր ծրագրաւորողները իրար նման լինեն (առնուազն այն յատկանիշներով, որոնք դու կարեւոր ես համարում)։

Այսպիսով բոլոր մարդիկ ակնկալում են, որ բոլոր մարդ նման լինի իրենք իրենց այն յատկանիշներով, որոնք ակնկալողի համար կարեւոր են։

Միեւնոյն ժամանակ ոչ ոք չի կարող համապատասխանել բոլորի ակնկալիքներին եւ ընդմիշտ դատապարտուած է անհամապատասխան լինելու։

Տաքսու վարորդին ցածր էի գնահատել (էս ե՞րբ աշխարհը սէնց փոխուեց ։Ճ), սպասարկման բաժնից զանգեցին ճշտելու թե ինչ դժգոհութիւն ունեմ։ Զրոյցի վերջում խնդրեցին, որ միշտ գնահատեմ երթը՝ ծառայութեան որակը բարելաւելու համար։ Դրան ի պատասխան ասացի, որ բոլոր այն երթերը որոնք չեմ գնահատել գոհացրել են։

Ասեցի ու զգացի որքան չգնահատուած ա որակեալ աշխատանքը։ Բայց դրանում աւելի շատ արդարութիւն կայ քան անարդարութիւն։ Մենք սահմանել ենք, որ ընդունում ենք լաւ մարդկանց, բարոյականութիւնը, որակեալ աշխատանքը ու հոգատար վերաբերմունքը։ Ապա այլ կերպ լինել չէր կարող, այլ կերպ մարդիկ աշխատանք են կորցնում, ընկերներ, ազատութիւն, յարգանք եւն։

Էն ինչը բացասական չի գնահատուել լռելեան դրական ա գնահատուած։ Ու եթե դու քեզ գնահատուած չես զգում ապա դու դրական իմաստով գնահատուած ես։

Մի յուսահատուի՜ր։

Յ.Գ. Մէկ այլ միտք այն մասին, որ երբ ինքդ բացասականը չես գնահատում վատ արարքը լռելեան անցնում ա դրականի տակ։

Երբ փոքր էի, այն ժամանակ մի (ինձ համար) յայտնի կազմակերպութեան տնօրէն, ում լրիւ պատահաբար էի հանդիպել ու ծանօթացել, ասաց՝ «Մի սպասի որ մարդիկ կը մտածեն քո մասին, բզի բոլորին ու ասա թե քեզ ինչ ա պէտք։ Հակառակ դէպքում ոչ ոք չի իմանայ»։

Իր ասածը էն ժամանակ էդքան էլ ակնյայտ չէր ինձ համար, զի ես խուսափում էի մարդկանց բզել, մինչդեռ մարդիկ չէին խուսափում իրենց պէտք եղած ժամանակ ինձ նեղութիւն տալ։

Ապա իրօք պէտք ա բոլորին բզել ու թքած ունենալ իրենց յարմարաւէտութեան վրայ։ Դա միջոց ա յարաբերութիւնները իլուստրացնելու, միջոց ա կապ պահելու կամ խզելու, միջոց ա հասկանալու թե ում համար ես պատրաստ ջանք թափել ու թե ով ա պատրաստ նոյնը քեզ համար անել։

Եթե դու պատրաստ չես ինձ օգնել ապա ես պէտք ա իմանամ դրա մասին։ Ես պէտք ա լսեմ ու տեսնեմ, պէտք ա քեզ ցոյց տամ, որ դու պատրաստ չես ինձ համար անել այն ինչ գուցէ վաղը ինձնից կը խնդրես։

Թող ինձ բզողը միշտ իմանայ իմ բզուելու գինը ու թող ես իմանամ նրանը։

Մարդիկ, որոնք պատրաստ չեն իրենց ծանօթների հետ քննարկել օրուայ հարցը, քննադատում են բռնութիւնը։ Համացանցի հայկական համայնքներում ծաւալուած քննարկումների զգալի մասը կը վերջանայ՝ «այս քննարկումն անիմաստ է զի երկուսս էլ չենք փոխելու մեր կարծիքը» գրութեամբ։

Արդեօ՞ք կարելի է հաւատալ բռնութիւնը քննադատող մարդու անկեղծութեանը, ում պատասխանը ակնյայտօրէն կը վկայի, որ նա չի հաւատում քննարկումներով համաձայնութեան հասնելու հնարաւորութեանը։

Ժապաւէնը նախկինում երբեք լոյս չտեսած, էութեամբ զգայուն բայց ամուր մարմնով մենք ենք, որ կը բացուենք գիշերուայ մթութեան մէջ եւ կը ջանանք յիշել միայն գեղեցիկը։

Ժապաւէնը մեզ հասած հին Երեւանն է, դրա կառուցման ու քանդման պատմութիւնը։

Ժապաւէնը մեր մաշուած ու հնացած երկիրն է, որ կը շարունակի ապրել նոր աշխարհում։

Ժապաւէնը մենք ենք։ Ազնիւ խօսք։

Գրասենեակից դուրս գալուց տաքսի կանչեցի եւ սկսեցի համոզել կատուին, որ գնայ։ Դէ կատուն յամառ կենդանի է, նրան համոզել չի ստացուի։

Մինչ կը փակէի դուռը եւ կը մօտենայի մեքենային, վարորդը որոշեց դուրս գալ ծխելու։ Մտածում եմ՝ ի՜նչ լաւ է, մեքենայի օդը չի կեղտոտուի։

Երբ նա տեսաւ որ մօտենում եմ, բերանից հանեց ծխախոտը։ Սիրալիր առաջարկեցի, որ շարունակի, սակայն նա հպարտօրէն մերժեց։ Ծխախոտը գցեց գետնին, յետոյ ոտքով տրորեց այն եւ նստեց մեքենան։ Նա շատ հպարտ էր, որ ինձ սպասել չտուեց իսկ ես շատ դժգոհ, որ մեր գրասենեակի դիմաց եւս մէկ տրորուած գլանակ յայտնուեց։

Ինստագրամ սոց. ցանցում բովանդակութիւն ստեղծելու մի եղանակ կայ, որ «պատմութիւն» կը կոչուի։ Ըստ էութեան դա մարդու մէկ օրը նկարագրող պատկերների շարք է կամ տեսանիւթ։

Տարիներ առաջ երբ ինքս էլ հաշիւ ունէի ինստագրամում, յաճախ կը հետեւէի այդ բովանդակութեանը։ Ինձ համար յատկանշականն այն էր, որ տարբեր մարդիկ նոյն քաղաքում, իրար շատ նման միջոցառումների ժամանակ, նոյն սրճարաններում ու խորտկարաններում նկարում էին լրիւ տարբեր բարեր։

Ընդհանրացնելով միտքս՝ մարդիկ օրուայ ընթացքում լինում են նոյն տեղերում, բայց նկարում տարբեր նկարներ։

Եթե անտեսենք ճաշակի ու հմտութեան գործօնը, ապա նայելով այդ բովանդակութեանը կարելի էր հասկանալ մարդկանց արժեհամակարգը։ Կարելի էր տեսնել, թե նոյն կեանքից ով ինչ է վերցնում եւ ինչն է կարեւոր համարում ցուցադրել։

Հիմա կասէք, որ առանց այդ էլ իրական կեանքում մարդկանց հետ շփուելիս կարելի է տեսնել նրանց արժէքները, բայց այստեղ ձեզ հետ չեմ համաձայնի։

Երբեմն նոյն մարդու հետ հրաւիրուած լինելով միջոցառման, ասենք՝ մեծ չաղ հայկական հարսանիքի, ես բնաւ չեմ ցանկանայ կիսուել տեսածովս կամ եթե լինենք նոյն սրճարանում դա դեռ չի վկայի, որ նոյն ցանկութեամբ ենք եկել։

Մէկ այլ բայց, որ ցանկանում եմ նշել՝ իրական կեանքում ես երբեք չեմ կենտրոնանայ մարդու վատ կողմերի վրայ, բայց ահա՝ երբ այստեղ մարդը ինքն է կարեւոր համարում ցուցադրել իր «վատ» կողմը, ինձ ուրիշ բան չի մնում քան տեսնել այն։

Կէսգիշերից յետոյ դարձածս մարդը խնդրում ա, որ մի-քիչ էլ իր համար ապրեմ։ Մերժել չեմ կարող։

Նա իմ ցերեկուայ չարածն ա արել, իմ ընդունուած համալսարանը՝ աւարտել, իմ վերցրած նախագծերը՝ յանձնել։

Ես նրա սկսած գրքերը կարդալով եմ գիրք սիրել, նրա գտած մարդկանց հետ շփուելով եմ մարդ սիրել, նրա թողած մտքերը յիշելով եմ ինձ հասկացել։

Կէսգիշերից յետոյ դարձածս մարդը, լուսաբացից յետոյ ապրածս կեանքի համար ա վիզ դրել։

Թող հիմա արթուն մնայ ու իր սիրած երգերը լսի, նա արժանի ա։

Երբեք քնից չյագեցած, կեանքի ողբերգութիւնը ապրելով վեր կացայ մահճակալից։

Փականագործ քեռիս կասեր՝ «գործիդ անունը ի՞նչ ա, որ յոգնած ես»։ Դէ արի ու բացատրի, որ ես էլ իմ գործի բանուորն եմ։

Բանուորութեան մէջ լաւ բան չկայ, մարդկանց յարմարաւէտութիւն է պէտք բանուորին փող։ Մտաւոր փոշուց ու անորոշութեան ծանրութիւնից յոգնած, ամէն անգամ բահին հենուելով մտածում եմ՝ ափսոս որ գրող չդարձայ։

Յետոյ գալիս է հերթական յաճախորդը։ Ինքնաթիռի գծագիրը թեւի տակ, գալիս է ու խնդրում, որ աթոռ պատրաստենք։ Աթոռ պատրաստելը ի՞նչ է որ։ Պատուէրը վերցնում ենք, ինքնաթիռի գծագիրը տալս են ձեռքս ու գնում տներով։

Գործի տեղից գրանցուեցի ու տանը ծածկագիրս մոռացայ։ Տեսնեմ եթե հնարաւոր լինի կը փոխեմ, եթե՝ չէ, իմացեք որ օրագիրս կորցրել եմ։

Կարեւոր բաներ չեմ կարող գրել զի չգիտեմ։ Գրասեղանիս մօտ պատուհան կայ, բայց երբեք դուրս չեմ նայում։ Եթե չլիներ կը նայէի։ Պատուհանի հետեւում ճաղեր կայ, որ գող չմտնի։ Ճաղերը գողին կը յիշեցնի բանտ ընկնելու մասին, բայց մինչ նրա գալը ես կը յիշեմ։

Բանտը հասարակութեան մասին ա։ Մարդիկ հաւաքուել միասին որոշել են, թե ով պէտք ա մեկուսացուած լինի։ Էսօր էլ մէկ-մէկ հաւաքւում նման բաներ են որոշում։

Սեղանիս խառը բաներ կայ, եթե իմ սեղանը չլիներ կը նայէի թե ինչ կայ, բայց որ իմն ա՝ գիտեմ։

Երբ գործ եմ անում հեռախօսս լուռ ա, ձայն չի հանում որ չխանգարի, բայց յաճախ գործից դուրս էլ ա լռում։ Ուզում ա հասկացնի, որ առանց բզել կապ չկայ։ Ասում ա՝ «վերցրու մի բան արա, մէկին գրի, միւսին կարդայ, պատասխանի, որ կապ լինի»։

Հիմա գործ չեմ անում: #միշտ։ Սպասում եմ, որ ժամը 3-ը գայ, որ քոլ անեմ։ Քոլը դա մի բան ա, որը գործ կը համարուի։ Եթե հայերէն ասենք զանգ գործ չի համարուի (։

Նոյնն էլ միթինգը, որ գործ կը համարուի եւ բնաւ միտինգը չի։ Միտինգն էլ հանդիպումը չի ու քաղաքական ա։

Վերջին երկու տարում դասականով եմ գրում բայց դեռ չեմ կողմնորոշուել ձայնաւորից առաջ, վ-ի փոխարէն «ու» գրեմ թե «ւ»։ Սկզբում միշտ «ու» էի գրում բայց հիմամ, որ գրականութեան մէջ շատ եմ «ւ»-ի հանդիպում երկմտում եմ։

Եթե շատ երկմտեմ կարող ա երկատուեմ։ Յետոյ նորից կորցնեմ մի կէսիս ու տէնց շարունակ։