կօֆէ

բլոգս միքիչ թիթզացրի։ մի օր հարցազրույց էի անցնում մի կազմակերպությունում (մինչև հոգուս խորքը չցանկանալով աշխատել իրանց մոտ), որ կայքեր դիզայն անելու սոֆթ ունեն, որ ԱԲ-ով ա աշխատում։ դե իրանք երևի սովոր են ձևավորած, սիրուն գույներով, բաժիններով կայքերին, բլոգներին։ ուսումնասիրել էին բլոգս ու տենց մի տեսակ երևի ձանձրացել էին իմ՝ սևով գրված սպիտակից ու տենց հարցրին՝ ինչի դիզայն չունեմ։ ես էլ (շատ անկեղծ) ասեցի, որ մինիմալիստ եմ, ինձ էդպես դուրա գալիս ու հատուկ եմ էդպես սարքել։ կամ ավելի ճիշտ չսարքել։

էսօր ուզեցի ինչ-որ նկարներ դնել հետևի ֆոնին, վերնագրերի ֆոնտը փոխեցի, կյանքումս առաջին անգամ css գրեցի մի երկու տող։ էլի բան էր։ անգլերեն բլոգս նույնիսկ favicon չուներ, էդ էլ ավելացրի։ հիմա ավելի հաճելիա նայվում։ աչքիս էլ մինիմալիստ չեմ։ ով գիտի ծույլ էի, ոչ թե մինիմալիստ։

անգլերեն բոլգս ակտիվացելա, բայց հազիվ թե մեկը կարդումա։ ակտիվացել ա էն առումով, որ ես ամեն օր գրում եմ էնտեղ։ առանց չափազանցնելու՝ ամեն օր։

ուղղակի որոշել էի տարին սկսելու հետ մեկտեղ ամեն օր յոգա անել։ ու էդ պահելու միակ ձևը, ինձ համոզելու միակ ձևը ամեն օր դա գրելն ու ձևացնել էր, թե մեկը կարդում ա ու ես էդ մեկի հանդեպ պատասխանատվություն ունեմ։ որովհետև նա սպասումա, որ տեսնի՝ էսօր յոգա արել եմ թե չէ։ կամ ես մի քանի օր անց կբացեմ կտեսնեմ, որ էդ մի օրվանից հետո չեմ արել յոգա, չեմ գրել, կամաչեմ ինձնից ու տենց...

ինչևէ, ստացվումա ամեն օր գրել։ ու անգլերեն եմ գրում էն պատճառով, որ յոգա-ն անգլերենա, ընթացքում մտքերը անգլերեն են գալիս (էս վերջերս բոլոր մտքերս են անգլերեն, էլի հետա եկել անգլերեն մտածելս, ինչը ինձ մի տեսակ դուր չի գալիս) ու դժվարա դրանից հետո թարգմանել էդ մտքերը ու նորմալ հայերեն նախադասություն կազմել։ ես էլ չեմ տանջվում, գրում եմ անգլերեն։

ի սկզբանե էդ բլոգը հաքինգ անելու մասին էր լինելու, անունը դրել էի sipping and hacking՝ կում անել ու հաքինգ անել, կամ նման մի բան։ զգացի, որ հեչ չի համապատասխանում վերնագիրը բովանդակությանը ու փոխեցի Lilith's everyday thoughts՝ Լիլիթի ամենօրյա մտքերը։ Իսկ հայերեն բլոգում «առցանց» բառը փոխեցի «անկապ»-ով, որովհետև....դե անկապա էլի։ չգիտեմ։ ինչպես ասումա մեր բրոկերը՝ եսիմ, չեմ իմանում։

հոգ տար քո մասին

հոգ տար քո մասին

շատ ձանձրալի եմ ու ձանձրացած։ եթե մի քանի օր առաջ գրեի, կասեի՝ կյանքից հոգնած։ առանց լուրջ պատճառների։ հիմա միքիչ ավելի կենդանացած, բայց դեռ կիսատ։

սպասելիքներս շատ շատ են կյանքից։ ես կյանքը միքիչ ավելի ուրիշ էի պատկերացրել։ հետո ինքը դարձավ աշխատել-ուտել-քնել-աշխատել։ անտանելի։ հետո աշխատել-ուտել-քնել-ու մեջտեղը խցկեցի մի երկու բան գրել, մի երկու բան նկարել։ կարծեցի ինձնից բան եմ ներկայացնում։

ու որ հետ եմ նայում կամ թեկուզ առաջ եմ նայում, ուր էլ որ նայում եմ՝ ընկերներ, մարդիկ, շփումներ, կոֆեներ. էդա կյանքի իմաստը։

էսօր սիրուն օր էր։ առավոտյան ընկերների հետ սուրճ խմել, աշխատել, ձեռքերի ցավից բողոքել ամբողջ օրը ու տենց։ երեկոյան խնամքը դարձրել եմ օրվա կարևոր մի մաս։ օրը վերլուծելու հրաշալի պահա։ խոնավեցնող կրեմը (հայերեն քսու՞կ) դեմքին տարածելիս օրվա իրադարձությունները ինքդ քեզ պատմելը ինստագրամի սթորի ա հիշեցնում։ բայց դե մի տարբերությամբ՝ ես դրա նկարելու իմաստը չեմ տեսնում։ մարդիկ կնայեն, իհարկե, մի երկու փայլուն միտք էլ ասեմ, հազարավոր դիտումներ կլինեն, կդառնամ ինֆլուենսըր։ թե ինչի չեմ նկարում։

ձեռքերս շատ լուրջ են ցավում, այ էս գրելը նույնիսկ հենց հիմա ցավոտա։ բայց դե մի տեղ պետք է դատարկվեի, որ քնել կարողանայի։

նա իրա մոտիկ ընկերուհուն վիրավորողի հետ շփվումա։ իրականում սա շատ խառը պատմությունա, շատ օֆիսային զզվելի հարաբերությունների մասին։ իրար հետևից խոսելու մասին։ բայց մոտիկ ընկերուհուն վիրավորած, խաբած մարդու հետ շփվելը չեմ հասկանում։ իմ մոտ մի տեսակ իմ բարեկամի թշնամին իմ թշնամինա վիճակնա։ իսկ մարդիկ կան որ կարողանում են ամենքի հետ ու ամեն տեղ լինել։

ես նույնիսկ վատ եմ զգում այլ սրճարան գնալուց, քանի որ սիրած սրճարաններ ունեմ։ ես երևի շատ եմ մտածում։

մենթիս ասումա թիմ լիդը հետը կոպիտա։ ինչ պատասխանես, որ ոչ թիմ լիդին վիրավորես, ոչ էլ ինքը մտածի, որ չեմ հասկանում իրեն, կամ չեմ արժևորում իր զգացմունքները։ մանկապարտեզ։ թիմ լիդը ինձանից չորս տարի փոքր երեխայա, դեռ չի հասցրել ինքնահաստատվել, դեռ փորձումա։ էդ ասե՞լ էդ աղջկան։ չասացի։ ասացի կխոսեմ իր հետ, ասացի, որ իմ հետ էլ ա տենց, կոպիտ չի, էդ իր տեսակնա։ բայց կասեմ, որ քեզ կարևորա, որ քեզ «ապրես» ասեն։ թիմ լիդի հետ ես չխոսեցի, այլ մենեջերը, որովհետև ես հետը գլուխ չդրեցի։ մենեջերն էլ մերսի ասեց։ դարձել եմ մի տեսակ գործ տվող էս օֆիսում։

չի անում գործ էդ աղջիկը (սա ուրիշ աղջիկա) ու էդ չարած գործը իմ գլխինա ջարդվում։ ու ես ամեն անգամ լռում եմ։ էս անգամ չլռեցի։ ու քննարկեցի տղերքից մեկի հետ։ ինքն էլ էր նկատել։ երկուսով որոշեցինք շեֆին ասել։ ես ասեցի, ինձ մերսի ասեց։ տղան ասեց, տղային կշտամբեց՝ ասումա ինչի շուտ չէիր ասել։ է բա ինչի համարա քո թիմ լիդը, որ չնայի՝ ովա աշխատում, ով չէ, որ մենք պետք է գանք ասենք։

հիմա էսօր էդ աղջիկը էլի ահավոր վատ աշխատեց։ էսօր լռեցի։ չէ, հարևաններս լսեցին իմ նյարդային պոռթկումը, բայց շեֆիս չասեցի։ թող հետևեն, բա որնա՞ իրանց գործը։

էս էն մտքերս։ ասում եմ չէ՞՝ ձանձրալի եմ։

հոգ տար քո մասին

Հեյ,

մե՞նք ենք մեր մտքերի ղեկավարը, թե՞ մտքերը մեր: Ես հաճախ նկատում եմ՝ ինչպես եմ մի անցանկալի միտք հանում ուղեղիցս, դե օրինակ կենտրոնանում եմ ուրիշի վրա ու ձևացնում եմ, թե էդ ավելի կարևորա էդ պահին: Որովհետև գիտեմ, որ էն՝ անցանկալի մտածմունքը ինձ կկոտրի, կգցի տրամադրությունս: Բայց էն պահին, երբ անցանկալի մտքերը խրձով են գալիս, անզոր եմ դառնում: Ու միանգամից մոռանում եմ ամեն դրական բան իմ կյանքում, մտածում են միայն էդ բացասականների մասին ու կորցնում ինձ: Էդ պահին կուզեի էդ մտքերը դարձնել ապակե ջահ կամ բաժակ կամ ծաղկաման ու 11րդ հարկից շպրտել դուրս, որ վերջնականապես կոտրվեին իրենք, ոչ թե ես, բայց դե հըմ, էդ անհնարա: Ասում են գնա գրի էդ վատ մտքերը, որ էդպես նյութականացնես ու հանես գլխիցդ, ինչ խոսք, չստացվեց: Դուրս չեկան, էլի հետս են: Մի տեսակ իմ մի մասն են դարձել: Դե արի ու քեզնից հրաժարվի: Անգլերենում բառ կա՝ overthinker, հայերեն երևի լինի՝ չափից շատ մտածող, քանի որ ինչքան էլ, որ over-ը թարգմանում ենք «գեր»-ով, գերմտածողը էս պահի հետ կապ չունի: Գերմտածողը վեհ գաղափարների շուրջա ծախսում ժամանակն ու էներգիան, իսկ ինձ էնքան էժան մարդիկ ու մտքեր են խանգարում, որ աչքիցս ընկնում եմ մի տեսակ: Փորձենք լինել գերմտածողներ, ոչ թե կրծենք մեզ էժան մտքերի ձեռը: Կամ էլ էնքան կրծենք մեզ, վերջնականապես չլինենք էլ: Էնքան ցածր եմ իջել իմ ուղեղում, որ բարձրանալը անհնարա, ոչ դե դժվար: Ավելի շատ անկումա, մինչև էլ իջնելու տեղ չլինի:

հոգ տար քո մասին

մի շոկոլադի պատմություն

հեյ,

ով գիտի հազար անգամ ասել եմ, որ շաբաթվա ընթացքում ժամանակ չեմ ունենում նույնիսկ դուրս գալ ու պարզապես քայլել։ երեկ նկատեցի, որ մի տեսակ երազանքա դարձել քայլելն ու երգ լսելը։ ես իմ ամբողջ կյանքում արթնացել եմ ամենաուշը 7ին, մարզվել եմ, զբոսնել եմ, օրվա մեջ էնքան էի քայլում, որ կենտրոնի բոլոր փողոցներում լինում էի։ ու էդ էն դեպքում, որ ապրում էի կենտրոնից շատ հեռու։ իսկ հիմա, երբ իմ ամենասիրած փողոցում եմ ապրում, ոչ գիտեմ ինչա կատարվում էդ փողոցում, ոչ էլ տեսնում եմ իմ ամենասիրած շենքերը։

երեկ որոշեցի, որ ինչքան էլ դժվար լինի, ելնելու եմ քայլելու։ ընկերներիցս մեկը խոստացավ նույնսիկ էդ ժամին ինձ գրել ու համոզվել, որ արթնանալուց հետո դուրս եմ եկել անկողնուց, որովհետև էդ ա ամենադժվար փուլը։ ու իմ համար փոքր, բայց շատ կարևոր մոտիվացիա որոշեցի՝ գնալու եմ իմ սիրած շոկոլադը գնելու, որը միայն մի խանութում կա։

Մաշտոցի պողոտայի ներքևում (հասցե չգիտեմ) կա ԱյգիՄարկետը, որտեղ վեգան շոկոլադներ, կաթեր, ու լիքը համով բաներ կան։ բայց դե ինձ շոկոլադն էր պետք։ հասնում եմ խանութ, պարզվումա, որ չկա սպիտակ շոկոլադ։ ընտրում եմ սև, պնդուկովը, համոզվում եմ, որ վրան գրվածա vegan product, ու վճարելու ընթացքում աշխատողը ասումա՝ էս ինչքան ուրախացաք, որ ունեինք շոկոլադը։ ու կողքինին էլ ասումա՝ սիրում եմ, որ մարդիկ փոքր բաներից ուրախանում են։ ու ես՝ ես էսօր էս շոկոլադի համար եմ արթնացել։ իրենց երևի թվաց, որ կատակ եմ անում։ ինչևէ։

էլի քայլեցի իմ սիրած փողոցներով, մի տեսակ ցուրտ էր, բայց մայթեր կային, որտեղ արև էր ընկնում։ ու քանի որ ակնոցս արևից մգանումա, ինձ դրել էի երազածս աղջկա տեղը, որին կարելիա կրել արևային ակնոց։ ու վայելում էի էդ մի ժամը, որ ոչ մի բան չունեմ անելու, ուղղակի դուրս եմ եկել երգ լսելու ու քայլելու։ էդքան անհոգ կյանքում ինձ չեմ գզացել։ շատ հաճելիա ոչ մի տեղ չշտապելը։

հիմա իմ համով շոկոլադով վայելում եմ կօֆէս ու առավոտվա լռությունը։ կարդում եմ Մուրակամիի “What I talk about when I talk about running”-ը, որ ինչ-որ չափով իմ էսօրվա մասինա։ նա ամեն օր դուրսա գալիս վազելու, ու նպատակը Նյու Յորքի մարաթոնին վազելնա։ իսկ ես կփորձեմ ամեն օր քայլելու գնալ, իսկ նպատակ չունեմ։ ինձ էդ մի ժամվա աննպատակ լինելնա դուր գալիս։

հոգ տար քո մասին

Սա կորցրած օր էր... ափսոս

հոգ տար քո մասին

հեյ,

ամիսը մի անգամ կամպանիայի ամբողջ կազմով միթինգ ենք ունենում։ ու միթինգի սկզբում մոտ տասնհինգ րոպե երաժշտություն ենք լսում։ ցանկացած աշխատող, որ ուզումա դառնա էդ ամսվա “դիջեյը”, կարող է նախապես ասել ու ինքն ընտրել երգերը։

շատերս չենք էլ խոսում, մի մասը չաթում ակտիվ զրուցում են, մի մասը լուռ լսում են, ընդամենը էդ ամսվա թարմացումների մասին են քննարկում։

ես չեմ սիրում միթինգներ, բայց էս սկզբի մասը դուրս գալիսա, մի տեսակ քեզ մեծ թիմի անդամ ես զգում։ էդ մարդկանց երբեք չեմ տեսել, չեմ էլ տեսնի երևի, բայց հաճելի ա իմանալ, որ աշխարհի գրեթե բոլոր անկյուններում թիմի անդամներ ունես, որ քո նույն սկզբունքն ունեն, որ համացանցը միքիչ ավելի ապահով դարձնելու համար են աշխատում։

դե ինձ դուրա գալիս ինձ թիմի անդամ զգալը, բայց հեռվից։ եթե էդ ամենամսյա հանդիպումները օֆլայն լինեին, դժվար գնայի, էլ էդքան շփվող չեմ։

ինչևէ, էսօրվա երգերը ինչ-որ փոփ երգեր են, մի տեսակ երևի տրամադրություն հաղորդելու համար ընտրված։ մեծ մասը չեմ էլ լսել իրականում։

էսքան ասածիս իմաստն էն էր, որ երբ աշխատողը չի զգում իրեն թիմի անդամ, նա գալիսա, գործը անում, իրեն մենակ զգալով, ինչը շատ հեշտա, երբ տնից ես աշխատում, նա էդքան հաճույքով չի աշխատի։

էդ մենակ չզգալու համար հաճախ ուղղակի գրում եմ թիմի անդամներին, իմանամ՝ ոնց են, ինչ են արել ազատ օրերին, ինչից են բողոքում։ օրինակ հիմա բոլոր բողոքում ենք, որ սլաքից դուրս ենք գալիս, գնանք թիմս, քանի որ դե մայքրոսոֆթնա տենց ուզել։ ոչ մեկիս դա դուր չի գալիս, բայց չունենք հնարավորություն չանելու։ էդ դուր չի գալիս ինձ։

տենց բաներ էսօրվա աշխատանքայինից

հոգ տար քո մասին

էս հնդիկ գործընկերս ասումա՝ հոգնած մեռնում եմ, բայց նորա արձակուրդից եկել։ ասում եմ՝ չհասցրի՞ր հանգստանալ միքիչ, ասումա ընտանիքով ճամփորդության էինք գնացել ու ես եմ վարել մեքենան, չեմ հասցրել հանգստանալ։ ու պատմումա, որ քանի որ շատ կրոնական ընտանիք են, սրբավայրեր են գնացել, ուխտ են արել։ ասում եմ՝ դե մտածի ընտանիքդ քո շնորհիվ սիրուն տեղերա տեսել, տենց գոնե միքիչ ուրախացի։ սա էլ ջղայնացած՝ ա դե ինչքան կարելիա ընտանիքին ուրախացնելու համար իմ հանգիստը զոհել, իբր մի քանի օր պիտի հանգստանայի, էնքան եմ հոգնել, որոշել եմ մի քանի ամսից թողել-գնալ։ նա երազումա մի օր մենակ մնալու մասին։ ու ասումա՝ դե դա մեր մշակույթնա, մինչև կյանքի վերջին օրը պիտի ծնողների հետ մնաս, նույնսիկ ամուսնանալուց հետո։ դե չեմ զարմանում, իբր նույն իրականությունն էլ մենք ունենք էլի։ ու շատ եմ նեղվում էդ իրականությունից։ քանի որ չի կայանում ինքնուրույն ու ազատ անձ։ նա պիտի օրը կազմակեպի՝ հաշվի առնելով մի հազար հոգու կարծիք ու պայման։ նա չի կարող ուշ քնել, շուտ արթնանալ, նույնսիկ ընթրիքի ժամն են ուրիշները որոշում։ նա չի կարող չդիտել չսիրած հաղորդումը, կամ չլսել չսիրած երաժշտությունը։ էդ էլ չեմ հասկանում, չնայած․․․․․․հասկանում եմ, միգուցե ավելի էժանա կյանքը էդ դեպքում, գումար են խնայում, ավել վարձ չեն տալիս։ այլ կերպ ասած՝ վաճառում են ազատությունը։ ու խոսում ենք անիմաստ հարսանեկան արարողությունից ու ծախսերից ու նա պատմումա, որ քրոջ հարսանիքին 2500-ից ավել հյուր կար։ ու ես՝ ո՞նց եք էդքանին կերակրել։ ասումա էդ հեչ խնդիր չի։ Չգիտեմ, նա նաև ասումա, որ նոր սերունդը չի ընդունում էդ նորմերը ու դանդաղ սկսում են անցնել առանձին ապրելուն, ազատությունը կարևորելուն։ դա ինձ ուրախացնումա։

հոգ տար քո մասին

ուրբաթ օրերը հաճախ շատ թեթևա լինում գործը, երևի սկամերներն էլ են հանգիստ ուզում։ մի հազար տեղ գրել եմ, որ էդ մարդկանց ես մի տեսակ չեմ հասկանում, ընդհանրապես շատ բան էս վերջերս չեմ հասկանում։ կամ ուղղակի չեմ ուզում ընդունել իրականությունը։ մի քանի օր առաջ մի ստենդ-ափից կտոր էի նայում, ասումա 25-ից հետո տարիքը ամենադեպրեսիոն տարիքնա։ իսկ որնա պատճառը՝ սկսում ես իրականությունը տեսնել, որը էդքան էլ լավը չի, ու դե նորմալա դառնում դեպրեսված ու տխուր լինելը։ երևի 30-ոտ սկսում ես հաշտվել էդ իրականության հետ, ու էդ արդեն դեպրեսիա չի կոչվում, կոչվումա կյանք։

չեմ հասկանում ոնցա մարդը գողություն կամ չարություն անում, ոնցա դիմացինին անիմաստ տեղը վիրավորում։ երևի կան մարդիկ, որ դրանից լավ են զգում իրենց։ սկամերը, որ էդքան գիտելիք ունի նոր կայք սարքելու, ուրիշի հեռախոսահամարով զանգելու, կկարողանար հաստատ մի նորմալ աշխատանք գտնել ու չվնասել սրան-նրան։

նա, որ ամեն պատճառ մանա գալիս, որ վիրավորի դիմացինին, ցածրացնի, ասի, որ սխալա անում, նա միգուցե դրանից էլ ավելի լավ զգաց, միգուցե ինքն իր մեջ ասաց՝ ճիշտ արեցի, որ ասացի, թող իմանա, որ էդքան էլ լավ մարդ չի, ինչքան ինքնա մտածում, հիմա հոգիս խաղաղ կքնեմ։

ու չեն մտածում, չեն էլ ուզում պատկերացնել՝ քանի հոգի խաբվեց իրենց ստեղծած թակարդներից ու ինչքան գումարներ կորցրեց, դիմացինը էդ վատ խոսքը լսեց ու մոռացավ, թե վիրավորվեց շատ ծանր ու չկարողացավ քնել, ինչ-որ տրավմաներ արթնացան թե չէ։

ես սկամերների դեմ մի կերպ էլի պայքարում եմ, բայց էդ վատը ասողներին դեռ չեմ կարողանում պատասխանել, ինձ դաստիարակել են համեստ ու խոնարհ լինել, ես չեմ կարողանում նրանց ասել, որ միգուցե քո կարծիքով շատ թեթև բան ասեցիր, բայց դա ինձ նեղացրեց, ես քեզ քո թերությունները չեմ ասում, մենք էդ հարաբերությունների մեջ չենք ու չենք էլ կարող լինել, քանզի տարբեր ենք շատ։

մնումա գրելը, որ էդ նեղվածությունը շարում եմ էկրանին, միքիչ ավելի թեթև եմ զգում ինձ։ ահա, հիմա հասկացա նրանց, նրանց համար էլ ես եմ էդ էկրանը։ մի տարբերությամբ՝ էկրանը էդքան էլ չի զգում, նեղվում, ոնց ես։ նա նույնիսկ չգիտի՝ ինչ եմ իրեն ասում, նրա համար սրանք պարզապես զրոներ ու մեկեր են։

էլի շատ բաներ չեմ հասկանում, կպատմեմ։ միգուցե պատասխաններ ունես։

հոգ տար քո մասին

հեյ,

մի քանի տասնյակ մեյլերից հետո վերջապես մի հարցազրույցի հնարավորություն եմ ստացել։

ու թե ինչքան եմ ուզում սա ֆեյլ չանել, գիտեմ մենակ ես։

բայց էնքան էլ վստահ եմ, որ հարցազրույցին հետևելուա՝ մենք շատ ուրախ էինք քեզ հետ ծանոթանալու համար, սակայն բազմաթիվ շատ լավ թեկնածուներից (ինչպես դու) ընտրեցինք ուրիշին բլահ բլահ բլահ տեքստ, էնքան վատատես եմ դարձել, որ մի կերպ եմ ինձ համոզում գնալ էդ հարցազրույցին։

մի խոսքով է, պետք է որ լավ լինի

հոգ տար քո մասին

սա շատ երկար ու ձանձրալի պատմությունա, որի վերջում ես քեզ հարցնելու եմ՝ աշխատել տնի՞ց, թե՞ գնալ օֆիս

երբ Գերմանիայում էի ու իմ կարծիքով արդեն պատրաստ էի ինչ-որ նորմալ աշխատանք ունենալ, ի վերջո սովորել էի երկրորդ օտար լեզուն, սովորել էի կյանքը, ինչ-որ պայքարներ էի ունեցել, որոնց տակից պատվով դուրս էի եկել, ձախողումներ էի ունեցել, որոնցից կարևոր դասեր էի քաղել, հպարտորեն գրել էի cv-իս մեջ, որ ունեմ աշխատանքային փորձ Գերմանիայում, երազում էի վերջապես հասնել Հայաստան, գտնել երազանքներիս օֆիսը, ամեն առավոտ գնալ աշխատանքի, որտեղ կգտնեմ հետաքրքիր ու զարգացած գործընկերներ, որոնց հետ կխոսեմ ամենատարբեր թեմաներից, կքննարկեմ ժամանակի ինձ հուզող խնդիրները, ականջակալներով իմ ուզած երգերը կմիացնեմ ու կստեղծագործեմ։ (դե ես համոզված էի, որ լեզվաբանի մասնագիտությունս ինձ ինչ-որ բան չէր տալու ու հույսս դրել էի ինչ-որ content writer-ի աշխատանք գտնելու վրա)։ ու տենց էլ եղավ (գրեթե)։

եկա Հայաստան ու մոտ վեց ամիս ամենատարբեր կազմակերպություններում, եթե իհարկե շատերին կարելի էր էդպես կոչել, տարբեր ոլորտներում փորձեցի ինձ ու քանի որ քովիդն էր ու դեռ է (ես միշտ քովիդին եմ մեղադրում), մեծ դժվարությամբ գտա մի «շատ հավես թիմ, շատ հետաքրքիր մարդիկ», որոնք փնտրում էին գերմաներենի իմացությամբ հաճախորդների սպասարկման կենտրոնի աշխատակից։ կազմակերպությունը վաճառում էր Microsoft ու ոչ միայն license-ներ։

ամեն ինչ հրաշալի էր, մինչև էն պահը, երբ մոտավորապես վեց ամիս անց ես նկատեցի, որ ոչ միայն չեմ աճում այլևս, չեմ սովորում ոչ մի նոր բան, այլ նաև մոռանում եմ ինձ էլ, հոբիներս էլ, ու դարձել եմ կոմֆորտ զոնայի զոհ։ ինձ ուղղակի հեշտ էր։ ես օրական ութ ժամ պատասխանում էի ջղային ու միևնույն ժամանակ քաղաքավարի գերմանացիների հարցերին, խնդիրներին լուծումներ առաջարկում։

եթե հիշեմ ինձ էդ աշխատավայրումս եղած առաջին օրը ու համեմատեմ էսօրվա հետ, ինքնագնահատականս կհասնի էվերեստին երևի։ բայց քանի որ ռեալիստ եմ ու եղածը մի քանի հիմնական հարցի պատասխանել էր, ես դեռ կմնամ իմ միջինից ցածր ինքնագնահատականով, քանի դեռ էդ օֆիսում եմ։

էս ամեն ինչը գրելուս հիմնական պատճառը էսօրվա աչքերիս ցավն ա մեր աշխատասենյակի ոչ ճիշտ լուսավորությունից։ բանն այն է, որ օֆիսի միակ ու անկրկնելի sys admin/developer/nothing actually-ն մթություն է սիրում աշխատանքում։ մեր աշխատասեղանները շատ մոտ են ու ամեն անգամ, երբ ես առաջարկում եմ երեկոյան ժամերին միքիչ ավելի լուսավորել սենյակը, ինքը շատ բարի ու հանգիստ տոնով չի ասում՝ չէ էլի, ես մութ եմ սիրում, այլ նեղանումա քեզանից։ իսկ ես մի տեսակ շատ անտրամաբանական բարի եմ։

չգիտեմ քեզ ասել եմ թե չէ, բայց արդեն տեղեկացրել եմ ceo-ին, որ մեկ ամսից դուրս եմ գալիս աշխատանքից, քանի որ երազանքի մասնագիտությանս մոտենալու մեծ հանրավորություն ունեմ ու նաև քանի որ նրանք մեկ տարվա մեջ ոչ մի քայլ չարեցին (ինչքան էլ որ խոստացան) հաստիքիս վերանայման համար։ հիմա միքիչ տականք եմ։ աշխատանքի ժամին ես սովորում եմ իմ ապագա մասնագիտությունը։ դե էդքան էլ տականք չեմ, քանի որ ինչքան էլ այլ գործով զբաղ լինեմ, հաճախորդների հարցերը էնքան են միմյանց նման, որ նույնիսկ զանգողի ձայնի տոնայնությունից ես գիտեմ նրա խնդիրը ու ասում եմ նույն, արդեն անգիր արած բառերը։ գործը չի տուժում մի խոսքով։ բայց դե իրենց իհարկե դուր չի գալիս, որ իրենց համակարգիչը օգտագործում եմ անձնական կարիքներիս համար։ դե համենայն դեպս էդպիսի տպավորություն կա։ ես գտել եմ լուծումը. տադաաաամ, աշխատանքի եմ գնում իմ լափթոփով։

եկա տուն ու շարունակեցի դասս՝ չնայած աչքերիս ցավին։ ամբողջ երեկո, (աշխատանքս վերջանումա ժամը 8-ին) մութ սենյակում էկրանին լարված նայելը հետևանքներ ունի։ տանը ես եմ ընտրում իմ լուսավորությունը, ես եմ ընտրում՝ աշխատել լռության մեջ, թե երաժշտություն լսել, ես եմ որոշում երբ կարդալ, երբ հոլովակ նայել։ ես եմ որոշում երբ կտրվել էկրանից ու չմտածել ոչ մի զանգի ու չաթի կամ էլ փոստի մասին։

հիմա իմ կարծիքով ճիշտ ուղղու վրա եմ ու չնայած որ ինձ համար բարդ մասնագիտություն եմ ընտրել, որը ինձանից անընդհատ սովորել ու կարդալ ու առաջ գնալա պահանջում, ես սիրում եմ էդ։ ու մտածում եմ, որ սա նաև մասնագիտությունա, որը ինձ չի ստիպելու գնալ օֆիս, նստել միգուցե իրենց գործը էդքան էլ չսիրող մարդկանց մեջ ու խնդրել, որ լույսը միացնեն։ ես կնախընտրեմ աշխատել տնից կամ փողոցից, կամ սիրած սրճարանից։ ու երևի էդա երջանկությունը։ երբ կարող ես լույսը վառել երբ ուզում ես։

հիմա դու ինձ ասա՝ ինչ եմ կորցնելու տնից աշխատելու իմ էս որոշումով։

հոգ տար քո մասին