կօֆէ

աշխատողին վերաբերվելու մշակույթ տենց էլ չեղավ Հայաստանում։ կամ պարզապես իմ բախտը չի բերել։

եթե ես CEO լինեի, կնկատեի աշխատողի մեջ եղած տաղանդը, հոբիները ու ըստ դրա նրան թասքեր կտայի, կհարցնեի, թե ինչ կանի ավելի սիրով, ինչովա հետաքրքրված, սիրովա անում իր գործը թե չէ։ ի վերջո ոչ բոլորն են աշխատանքի ընդունվում, որովհետև ամբողջ կյանքում երազել են customer support agent լինել։

բացի դրանից կապահովեի աշխատանքային ազատ միջավայր, ստեղծագործ մթնոլորտ, ոչ թե կաղապարված, քառակուսի թասքերով օրեր։ եթե աշխատողը առաջարկներ ունի, եթե սեփական նախաձեռնությամբ ինչ-որ բանա անում կազմակերպության համար, ամեն ինչ կանեի, որ էդ նախաձեռնողականությունը չկոտրվեր։

հիմա լանչի ժամա, ոչ մի բան չունեմ անելու իրականում, ու նենց չի, որ անտանելի շատ գործ կա, անկախ ինձանից գնում էի համակարգչիս մոտ նստելու, բայց մի բան ինձ հետ պահեց ու ասեցի՝ ոչ մի դեպքում։ ու էլի եկա միջանցքում նստելու (այո, մեր օֆիսում նույնիսկ հանգստի սենյակ չկա) ու բլոգում եմ։ էս ինձ ավելի հաճելիա։ ես կազմակերպության կայքի համար էլ բլոգ գրեցի, բայց դա չգնահատվեց, չընդունվեց ոնց ակնկալում էի ու ես էլ էդ չեմ անում։ ինձ ոչ մի բան չի դրդում իմ մեյլերից ու զանգերից բացի այլ բան անել, չնայած որ ինչքան ժամանակ ա ամեն տեսակի թասքեր եմ ստանում իմ պարտականություններից դուրս։

մի տարի առաջ ես ոգևորությամբ ու ժպիտով էի տնից դուրս գալիս էս օֆիս գալու համար։ մի տարի շարունակ ոչ մի փոփոխություն չեղավ ոչ օֆիսում, ոչ աշխատանքային գործընթացում, մենակ հետընթացա ու ձանձրույթ։

մի խոսքով սա հավանաբար բլոգա, որը ենթադրումա շուտափույթ աշխատանքից դուրս գալ ու նոր բաներ գտնել։ ու իրականում հենց էն պահին, երբ մի քանի շաբաթ շարունակ չուզելով ես գնում աշխատանքի, պետք ա առանց հետևանքներին նայելու թողնել էդ աշխատանքը, որը ոչ մեկին արդեն օգուտ չի տալու։

հոգ տար քո մասին

հեյ մարդիկ,

օրագրում շատ վաղուց չէի գրել, քանի որ (անակնկալ) մոռացել էի գաղտնաբառս։

ինչևէ, մեկ-մեկ կգամ ստեղ, քանի որ կիսաանոնիմ գրելը շատ հաճելիա։

էս վերջերս ... երեկ էլ-փոստիս նամակ եկավ syuneci.am-ի ընթերցողից, ու ես տենց մի տեսակ ոգևորվել էի, քանի որ շատերը չեն կարդում, իսկ նամակներ երբեք չեմ ստանում։

բայց հետո սկսեցի մտածել՝ ինչքան շատ եմ գրում, ինչքան շատ մարդա կարդում, էդքան շատ մարդ գիտի՝ ինչա կատարվում մտքումս։ մի տեսակ «խանդոտ» եմ դարձել մտքերիս, կյանքիս, անձնականիս նկատմամբ, ոչ մի բան չեմ կարողանում պատմել, գրել կամ քննարկել։

բայց դե ստեղ դեռ քչերն են գալիս, ու կարող ես հազար տոկոս անկեղծ լինել։

made my point, will be back with a lot of disturbing and pointless news

հոգ տար քո մասին

Ուղղակի աներկրայինա՝ ոնցա երգը քեզ ֆիզիկապես կտրում քո աշխարհագրական դիրքից ու տանում էն տեղը, որի հետ երգը կապված ա։

Մեկ-մեկ մտածում եմ՝ պետք էր մնալ։ Մնալ էդ 12րդ դարի ամրոցի բակում, նայել հսկող ասպետներին, նկատել դատարկ դիտակետները, քայլել փոքրիկ գերեզմանաքարերին, քայլել աստիճաններով վեր ու վար ու մնալ...

Էդ ամրոցից դուրս գալուց հետո ամեն ինչ գլխի վրա փոխվեց։ Գերմանիայում ես էլ զբոսաշրջիկ չէի, ես աշխատում էի, ես կարոտում էի, ես գնալ էի ուզում։

Հիմա լսում եմ Annenmaykantereit-ի Barfuß am Klavier, գնում եմ, նստում էդ ամրոցի բակում, բացում եմ օրագիրս ու կանաչ գրիչով պատմում եմ ինձ, որ այո, ես հիմա աշխարհի ամենասիրուն տեղերից մեկում եմ ու էդ ինձ արժեցելա 5 եվրո, քանի որ ես ուսանող էի համարվում։ ես ոչ մի փաստաթուղթ չունեի՝ ապացուցելու, որ ուսանող եմ, իսկ վաճառողը պարզապես հավատաց։ Հարցրեց ու հավատաց պատասխանիս։

Երևի էդ օրվանից հետո սկսեցի ես ինձ նույնիսկ չհավատալ։

հոգ տար քո մասին

հիասթափված հաջողողության մասին․․․․

երբեք չեմ սիրել ու մեղադրել եմ, երբ էջերը սոց կայքերում գովազդի ու հավանումների ավելացման նպատակով օգտագործել են զգացմունքներն ու պաթոսը։

մի էջ կա, որից չեմ կարողանում դեռ ազատվել։ ու դեռ իսկապես չուզելով, ստիպված ու իմ տեսակի ամենավատ կողմի՝ խղճալու պատճառով SMM եմ անում, կամ որ ավելի ճիշտ կհնչի՝ ձևացնում եմ, թե անում եմ։ անտանելի ա դա։

բայց միևնույն ժամանակ չեմ ուզում անիմաստ գործ անել, փորձում եմ այնուամենայնիվ էդ էջի լսարանին գոնե մի օգուտ տալ՝ ծնողավարության խորհուրդներ, երեխայի օրը հետաքրքիր դարձնելու միջոցներ, երեխային ազատություն տալու կարևորության, երեխային կյանքի իմաստ ու ինքնահաստատվելու միջոց չդարձնելու մասին նյութեր․․․

երբ ինձ հարազատ ինչ֊որ հրապարկում եմ անում, գրեթե հավանումներ չկան։ էսօր փորձարկում արեցի՝ պաթոսային ինչ֊որ տողեր գրեցի։

օրվա վերջում նայեցի, որ սովորական նյութերից երեք անգամ ավելի շատ դիտում, հավանում ու տարածում ունի։ Տնօրենս էլ ինձանից գոհ էր, քանի որ նյութը իր ճաշակով էլ էր։

ու հիմա, երբ նայում եմ էդ հավանումների թվին, չգիտեմ ինձ ոնց զգալ։ ես անարդար եմ իմ տեսակի հետ։ ես իմ դեմ եմ աշխատում, իմ չսիրած ոճով եմ գրել․․․ ես մի օր մեղադրել եմ էդ նույն կերպ գրողին ու էսօր ես մեղադրում եմ ինձ։

ինչևէ, փորձարկումս հաջողություն ունեցավ․ մարդիկ, դե գոնե ֆեյսբուքահայությունը, դե մեծ մասը սպասում են պաթոս, սպասում են անիմաստ իրար կողք շարված բառեր։ հույզերի մեռած ենք․․․հույզերի հույսով ենք․․․

էդ շատ տխուր իրականություննա, որը ես մերժում էի։ ես համոզված էի, որ եթե հրապարակես ուսուցողական նյութեր, մարդիկ կկարդան ու կտարածեն։ սպասում էի, որ ես կկարողանամ էդ մի էջի միջոցով մարդկանց կարդալ սովորեցնել։ իսկ ֆեյսբուքահայը եկավ կանգնեց իմ դիմաց ու ասաց՝ ոչ, ես չեմ ուզում քո հազար ժամ նստած, փորփրած, գտած, թարգմանած նյութերը, որտեղ սովորում եմ՝ ինչպես խոսել երեխայիս հետ, երբ նա վիճել է իր ընկերոջ հետ, ինչպես պետք է սնվի երեխան որոշակի տարիքում, ինձ հետաքրքիր չէ, թե ինչ խաղեր պիտի խաղա նա զարգանալու համար, ինձ տուր լացելու մի քանի տող, որ ես տարածեմ, քանի որ իմ ընկերներին էլ է միայն դա հետաքրքրում, իսկ բոլորս ապրում ենք այսօր հավանումների համար։

հոգ տար քո մասին

անտանելի օր էր․․․ ու ամեն ինչի հիմքում ճիշտ հաղորդակցության պակասն ա։

նախ բոլորը արձակուրդ են գնացել։ իհարկե, կարող էին արձակուդի օրերը որոշելիս հաշվի առնել մյուսներին, քննարկել և այլն․․․բայց արդյուքնում հինգ աշխատողներից մնացել ենք երկուսով ու զանգերն ու չաթերը չափազանց շատ էին, որ նյարդերը տեղի չտար ու չվիճեի գերմանիայի գործընկերներիս հետ, որ առանց էդ էլ դժվար օրը իրենց ինքնահաստատվելու խնդրով ավելի դժվարացնում էին։

դրանից զատ մուննաթեցի (կեցցեմ ես) ստեղի օֆիսի ժողովրդի վրա, որ բարձր մյուզիք էին միացրել էն JBL-ով, որ իմ ձեռքի տակ չի ու ես ամեն պահ չեմ կարող երաժշտության ձայնն անջատել զանգին պատասխանելու համար։ դե երկու անգամ խնդրել էի դրանով երգ չմիացնել․․․

հետո Գևորգը․․․Գևորգի հետ անգլերեն խոսակցականի վրա ենք աշխատում։ իսկ նա ինտրովերտա, խոսել չի սիրում։ զգում ե՞ք հեգնանքը։ հոգնած ու նյարդային պարապող ու չխոսկան Գևորգ, որ ամեն հարցիդ հա ու չէ մենակ կասի։ հրաշալի էր, ինչ խոսք․․․

էս պահին ամեն ինչից շատ աշխարհում լռություն եմ ուզում ու պաղպաղակ։ չէ, մենակ լռություն․․․

հիմա վերև եմ նայում, բոլորը հիմար խնդիրներ են, դրանց վրա ուշադրություն դարձնելն ու տրամադրություն գցելն էլ ավելի մեծ հիմարությունա։ ընդամենը պետք էր խոսել, ամենասկզբից՝ արձակուրդի օրերը որոշելիս, երաժշտություն միացնելիս, Գևորգի հետ պարապմունքի ժամանակ ու վերջ։

երևի մյուս անգամ ավելի շատ կխոսենք, երևի ամեն օրվա հետ, ամեն դժվարության ու խնդրի հետ մի օր կդառնանք անթերի կամ էլ կմեռնենք․․․․

հոգ տար քո մասին

Հեյ...

Վաղուց չեմ օրագրել։ հասցրել էի նույնիսկ կարոտել։

Կյանքումս հազար ու մի նոր բան կա։ ու մտքերս էլ խառն են մի տեսակ։ դարակները թափթփված են։ իսկ ես սիրում եմ կարգ ու կանոն։

(բրիտանացի) գիտնականներն ասում են, որ տղաների ուղեղնա դարակներով, իսկ մեզ մոտ ամեն ինչ խառնա՝ իրար գլխի լցված։ չգիտեմ իրենք ոնց են էդ եզրակացրել, ես սիրում եմ, երբ մտքերս իրար չեն խանգարում։ ես սիրում եմ, երբ մի խնդրի համար բացում եմ մի դարակ, մտածում այդ մասին, փնտրում պատասխաններ, հետո նորից հետ եմ դնում դարակում, փակում ու անցնում հաջորդին։

Իսկ երբ ամենաերջանիկն եմ էդ պահին, ոչ մի դարակ բաց չի՝

-ի՞նչ ես մտածում։ -ոչ մի բան։

մեր ամեն օրը սկսում ա մի ու ամենակարևոր մտքով։ ուշադրություն դարձրեք, թե ում կամ ինչի մասին եք մտածում ամենաառաջինը։ ամեն ինչ արեք, որ օրվա առաջին միտքը լինի դրականի մասին, սիրո մասին, կարևորի մասին։

պատրաատեք ձեր առավոտյան սուրճը ամենահաճելի երգով ու կարևորեք էն մանրուքները, որոնք ձևավորում են ձեր առավոտը, ձեր օրը ու ի վերջո ձեզ։

Էլ չեմ կորի։ կգրեմ ամեն օր (կփորձեմ գրել ամեն օր)

հոգ տար քո մասին

ավելի քան քսան օր անց օրագրում եմ։

խաղաղ էր օրը։ մի քանի բարդ դեպքեր հաճախորդների սպասարկման մեջ, մի քանի windows license-ի սխալ, բայց եվրոպացին վերջում միշտ ուրախ շաբաթ-կիրակի կմաղթի։

հետո վայելել եմ ուրբաթ իրիկունը ականջակալներով կենտրոնով շաաատ դանդաղ ու անդարդ քայլելով։ աղմկոտ էր քաղաքը, բայց ես իմ երգերի մեջ էի։

իրականում ամենաբարդը երևի անցել եմ։ հասկացել եմ ու որոշել եմ, որ չէ, իմ կյանքը պայքար չի։ ուրիշները թող պայքարեն, ես խաղաղ եմ մնալու։ ես նույնիսկ իմ հետ չեմ մրցելու։ ես ինձ օգնելու եմ, չեմ հակառակվելու։

անձնական տարածքիս սահմանները արդեն բավականին ամուր են, ներս թողող չկա, նույնիսկ դրա համար էլ չեմ պայքարում։ զինադադար։

գարունը սիրունա բուրում Կոմիտասի պուրակում։ ես միքիչ ալերգիա ունեմ, բայց գարնան հոտը շնչելու համար արժե (:

բարի ու ներդաշնակ եղեք։ իսկ դու

հոգ տար քո մասին

Խառնված, շփոթ, հուզված, մի տեսակ կարմրած, ամաչկոտ, չմտածված, չորոշած, հանկարծ, խլվլացող, վախեցնող, նոր, անսովոր, անհանգիստ... սեր, սիրահարվել դեռ կա՞։ թե՞ ժամանակների հետ անցավ։ թէ՞ մեծ ենք դրա համար, զբաղ ենք։ թե՞ հպարտ ենք չափազանց ու խիստ։ Ես սիրել գիտեի։ քավ լիցի, չեմ մեղադրում կյանքին, բայց գոնե նեղանալու իրավունք ունեմ, որ սովորեցնելու փոխարեն մոռացրեց։ Ես գիտեի սիրահարվել՝ անջատված, անհեթեթ, խենթ, անխնա։ Ես լրջացել եմ ու հաշվարկում եմ ամեն մի քայլս, ես գումարում-հանում եմ ամեն քայլիս հետ։ Թողնել ամեն ինչ հանուն նրա, նույնիսկ ամենամեծ եդազանքդ զոհել, ես դա գիտեի, ես դա արել եմ, հիմա ամեն արարքից առաջ պետք է երկար ու մանրամասն խորհել։

Կրակ, կայծ, վախ, հանկարծ... Բառերը դարձել են մտածված, հանգիստ, հանդարտ, կշռադատված։

Ու յոթը չափիր-ը տասնյոթ է դարձել։ տեղից վեր թռչել գիշերվա կեսին ու վազել միայն նրան տեսնելու ոչ ոգի կա ոչ սեր ոչ պատճառ ոչ հավես։

Սերունդներին պետք է խնդրել սիրահարվելու շեմը բարձր պահել։

հոգ տար քո մասին

որոշել էի ապրիլից էլ չդասավանդել, որովհետև ուզում եմ լողի գնալ․․․ մեհ․․․երանի օրը քսանութ ժամ լիներ։ էլի Բալզակին հիշեցի՝ ցանկանալը ապրեցնում է, իսկ կարողանալը՝ սպանում։ դե ավելի շատ չկարողանալն է սպանում։ եթե մի ժամանակ նյարդայնանում էի՝ «ինչի միս չես ուտում»֊ներից, հիմա ավելի նյարդայնեցնող են՝ «կհոգնես», «մտածի քո մասին միքիչ», «հանգստացի միքիչ»֊ները, իսկ «բա հիմա ոնց ես»֊ից ընդհանրապես փախչել եմ ուզում։

էս վերջերս միտքս անընդհատ կրծումա ինչ֊որ մարզ գնալ ու էնտեղ մնալ֊աշխատելու միտքը։ ավելի շատ Վանաձոր֊Դիլիջան եմ ուզում գնալ մի քանի ամսով։ ուղղակի բայց֊երը շատ են։ նախ՝ նույնիսկ չեմ էլ նայել՝ կա՞ աշխատանք թե չէ։ հետո՝ ասենք վեց ամիս էնտեղ մնացի, աշխատեցի ու ուզեցի վերադառնալ․ գտնելու՞ եմ աշխատանք նորից, թե՞ էլի մի վեց ամիս փնտրելու եմ։ մի խոսքով։ ես երևի չափազանցնում եմ էդ «փախչելու» միտքը։

ես ինձ պետք է խոստովանեմ ի վերջո, որ հիմա կյանքիս երևի լավագույն օրերն եմ ապրում։ որ անտանելի գնահատում եմ էն մի ժամը, որ գրին բինում նստում ու աշխատում֊գրում֊համակարգում եմ մի աշխատանքից հետո մյուս աշխատանքից առաջ ընկած ժամանակահատվածում։ կողքից հազար ու մի հետաքրքիր քննարկումներ եմ լսում, մեկ֊մեկ շեղվում եմ գործից, հետո ավելի լավ կենտրոնանում։ որ արդեն առանց հարցնելու ինձ իմ ամերիկանոն են բերում ու ինձ չեն հարցնում՝ մենակ ե՞ք լինելու։ (լսի չգիտեմ, բոլորին հարցնում են, ինձ՝ չէ ։Դ)

հա, ինչ էի ասում՝ որոշել էի չդասավանդել, բայց էսօր էնքան լավ անցավ դասս ու էնքան էներգիա ստացա, որ երևի էդքան քաջություն չունենամ թողնելու։ պետք է օրս համակարգելու այլ ձև գտնեմ, կամ ուղղակի այլ դպրոցա պետք գտնել։

էս էն մտքերս էս մի քանի շաբաթվա։ շատ պարզա ամեն ինչ ու շատ խառը։

հոգ տար քո մասին

քեզանից երբևէ հարցրել ե՞ս՝ ինչի ենք մարդկանց կոշիկի նման վերաբերվում։ հա, հենց կոշիկի։ թեկուզ սպորտային։ է թող հարմար լինի։ թող չհոգնեցնի։ թող չցավացնի։ թող ժամանակակից լինի։ թող համապատասխանի էդ օրվա տրամադրությանս։

ու հենց փոխվում են եղանակները․․․մեզ միքիչ ավելի տաք կոշիկ է պետք։ մենք ուղղակի ու պարզապես դեն ենք նետում մյուսին․․․դե մրսում ենք։

դու երբևէ մտածել ե՞ս, որ կոշիկն էլ երևի զգում է։ չէ՞։ օկ։

հոգ տար քո մասին