կօֆէ

քեզանից երբևէ հարցրել ե՞ս՝ ինչի ենք մարդկանց կոշիկի նման վերաբերվում։ հա, հենց կոշիկի։ թեկուզ սպորտային։ է թող հարմար լինի։ թող չհոգնեցնի։ թող չցավացնի։ թող ժամանակակից լինի։ թող համապատասխանի էդ օրվա տրամադրությանս։

ու հենց փոխվում են եղանակները․․․մեզ միքիչ ավելի տաք կոշիկ է պետք։ մենք ուղղակի ու պարզապես դեն ենք նետում մյուսին․․․դե մրսում ենք։

դու երբևէ մտածել ե՞ս, որ կոշիկն էլ երևի զգում է։ չէ՞։ օկ։

հոգ տար քո մասին

մի հատ շատ երկար to do list ունեմ, բայց զգացի, որ մինչև միքիչ չգրեմ էստեղ, չեմ կարողանա մտքերս կենտրոնացնել անելիքներիս։

երեկ հասկացա «լիցքաթափվել» բառի իմաստը ամբողջությամբ։ ամենաառողջ տարբերակը չէինք ընտրել իհարկե, քանի որ լիցքաթափվել կարելի ա նաև սպորտի միջոցով, որը էս դեպքում լավագույն տարբերակը կլիներ․․․երեկ չէինք ընտրել լավագույն տարբերակը, ընտրել էինք հեշտագույն տարբերակը։ խմեցինք ու պարեցինք, ծիծաղեցինք ու ինչ֊որ պահի նույնիսկ լաց եղանք, որովհետև նախորդող շաբաթը լավագույնս չէր դրսևորել իրեն։

երբ փաբ մտանք, ես համոզված էի, որ մի քանի րոպեից կքնեմ, նույնիսկ չէի հասկանում՝ ինչ գործ ունեմ էնտեղ։ մի քիչ ալկոհոլից, մի քիչ աղմուկից հետո օրգանիզմս տարօրինակ կերպով հանգստացավ ու թեթևացավ։ առաջին անգամն էի զգում էս ամենը, դրա համար եմ էսքան մանրամասն նկարագրում։

ինչևէ, խորհուրդ չի տրվում ամեն անգամ հոգնելիս գնալ ու խմել, բայց երբեմն կարելի է ուղղակի արհամարհել ամեն ինչ ու ամենքին, կորցնել մտքերը, պարել կամ չպարել․․․․անել այն, ինչ իսկապես ուզում ես։

էսօր առանց գլխացավ եմ արթնացել, որովհետև այնուամենայնիվ երեկ չափս չէի անցել։ ու լրիվ պատրաստ եմ weekend-իս, որը (արդեն սովորություն դարձած) աշխատանքայինա լինելու։

քեզ արևոտ շաբաթ֊կիրակի։ քեզ լավ նայի ու հա՝

հոգ տար քո մասին

կյանքերը տարբեր են, ասելիքները թաքնված են ու բառերը պատմում են, բայց զգացածի շատ քիչը։ հայացքներն ու նայվածքները իրականում իրական չեն, խաբուսիկ են, բայց խաբող չեն, ինքնապաշտպանություն են կամ ուղղակի ուժեղ լինելու ապացույց։

մի պահ վերանալը բնական ա, բայց ցավոտ, երբ նորից հողի վրա ես։ վարորդը, երևի քաղաքավարի թվալու համար ժպտումա, երբ տանից անցել ես ու չես նկատել, բայց հասկանումա, որ երջանիկ մտքերից չէր, որ սեփական բակդ շփոթել ես։ մարդիկ կորում են իրանց սիրած տեղերում։ մարդիկ թաքնվում են իրենց հետևողներից, ստվերներից, անցյալից, հետապնդող ներկայից, շեֆերից։ մարդիկ թաքնվում են շենքերում՝ եկեղեցիներում, փաբերում, նկուղներում։ մարդիկ թաքնվում են չաթերում ու սոց կայքերում։

օֆլայն աշխարհը, իրական, հայելու միջից քեզ երկար նայող աշխարհը մեկ֊մեկ ու միշտ ավելի կոպիտա, իսկ դու փխրուն ես ու փախչող։ ու դու գնում ես։

տիեզերքի անծայրության մեջ դու ավելի չնչին ես, քան իրենից տասներկու անգամ ավել ծանրություն տեղափոխող մրջյունը կամ սենյակիդ անկյունում բույն հյուսող սարդը։ դու չնչին ես ու էդ գիտակցումը ավելիա ճնշում քեզ, քան շենքի պատերը, քան առանց պատուհան սենյակդ։ տիեզերքի անծայրության մեջ ավելի անտանելիա մենակության զգացումը, ավելի վախենալուա։ ու դու սկսում ես հավատալ ու համոզվել, գոնե հուսալ, որ հա, կան այլմոլորակայիններ, որ ինչ֊որ մոլորակում, որին ինչ֊որ պատահականությամբ նույն անունն ենք տալիս, ինչ մեր մանկության սիրած շոկոլադի սալիկին, կան էակներ, որ չեն սիրում իրենց առավոտները, որովհետև խցանումներ են, չեն սիրում մարդկանց, որ բողոքում են, բայց չեն անում ոչ մի բան էդ իրավիճակը փոխելու համար, որ կան իշխանություններ, որ չեն նայում իրենց շուրջը․․․որ կան մարդիկ, որ ամեն քայլի միակ նպատակը հետո էդ մասին աշխարհով մեկ գոռալնա, բոլորին իրենց արածի մասին պատմելնա։ դու հույս ունես, որ գոնե էդ շոկոլադի սալիկի անունով մոլորակում կա մեկը, որ գուցե չկարդա էլ քո գրածը, բայց կգրեր նույնը, որովհետև հասկանումա՝ ինչ ես մտածել էս ամեն ինչը էկրանին շարելիս։

ամեն տեղ չի, որ առանց հետ գնալ֊կարդալու կգրես ու կհրապարակես մտքերդ։ ամեն տեղ չի, որ կլինես ազատ ու կլինես դու։ մեկ֊մեկ մարդիկ թաքնվում են ուրիշ անունների տակ, ուրիշ դեմքերի տակ։ ու էդ էլ ճնշողա, եթե ունես ցանկություն լինել դու, ոչ թե ինչ֊որ հեղուկ կամ ֆիլմի ինչ֊որ հերոս։

ու էսքանը էստեղ գրելուց ու թեթևանալուց հետո նոր մտածում եմ, որ ես գնահատում եմ առնվազն էն, որ ես առանց վեր նայելու հրապարակելու եմ էս գրածը ու ներսից էլ ժպտալով քնելու եմ գնալու, որովհետև, ինչ խոսք, ավելի վատ էլա լինում։

դու էլ, գիտես, դու, որ կարդում ես հիմա

հոգ տար քո մասին

էսօր փողոցն էի ուզում անցնել, երբ տեսա, որ կանգնած եմ Հենրիկ Էդոյանի կողքին։ Ժամանակակից բանաստեղծա։ Հետաքրքիր գրողա։ Ժպտացի ու բարևեցի։ հարցրեց՝ ոնց եմ։ ես էլ իրեն հիշեցրի, որ երկու տարի առաջ հանդիպել ենք Աթենքի օդանավակայանում։ ուրախացա, քանի որ հիշեց ու հարցրեց՝ Գերմանիայից արդեն վերջնականապես եկա՞ր, աշխատում ե՞ս։ դե ես էլ պատմեցի իմ գործի մասին․․․հարցրեց, թե աշխատանքս դուրս գալիս է ու խնդրեց՝ անունս հիշեցնեմ։

չեմ համեմատում, կամ էլ հա, համեմատում եմ։ ես պատկերացնում եմ, ու կարծում եմ՝ սխալ չեմ, որ հին ժամանակներում, երբ Թումանյանը, Շիրազը, Սահյանը, Իսահակյանը փողոցում քայլելիս են եղել, բոլորը նրանց ճանաչել են, բարևել են ու կարևորել են։ հիմա, երևի տեղեկատվության բազմազանությունից, հսկայական ծավալից, կամ արդեն չգիտեմ՝ հազար պատճառներ կլինեն,ժամանակակից գրողները չեն նկատվում, կամ նկատվում են շատ քչերի կողմից։

ես չեմ բարևում մենակ բարևելու համար։ ինձ իսկապես հետաքրքիր է էդ մարդու հետ զրուցել։ բայց նաև զգում եմ՝ ոնց է զարմանում֊ուրախանում, որ այո, ճանաչում են։ հարցրի՝ նոր գրքերի սպասե՞նք, լա՞վ են գրվածքները։ բազմանշանակ ժպտալով՝ գլխով հա֊ի նշան արեց։ երևի սպասենք էլի։

Աթենքի օդանավակայանում անտանելի մեծ ու անկանոն հերթ էր, իսկ թռիչքս 15 րոպեից էր։ ես պանիկել էի, քանի որ նախորդ օրն էլ թռիչքից ուշացել էի ու մի գիշեր անիմաստ մնացել էի Ֆրանկֆուրտի օդանավակայանում։ մինչև հերթս գար, նկատեցի, որ Էդոյանն էլ հանգիստ սպասում է իր հերթին։ սիրտս տեղն ընկավ։ դե հաստատ գիտեի՝ Երևան պիտի գնա։ եթե ինքը անհանգիստ չի, ես էլ անհանգիստ չպետք է լինեմ։ մոտեցա էլի, բարևեցի։ ու մինչև Երևան զրուցեցինք։ ես շատ կարոտած էի վերադառնում ու հաճելի էր հենց Էդոյանի հետ զրուցելով Հայաստան գալը։

էսօր էլի էդ օրը հիշեցի։ կյանքիս ամենավատ օրվան հաջորդած (էդ պահին էդպես էի կարծում) օր էր։

Տենց․․․իրականում անտանելի հոգնած օր էր։ արդեն երկրորդ շաբաթնա, որ շաբաթ օրը աշխատանքային ա։ դե բայց երբ արածդ դուրդ գալիսա, չես էլ նկատում։

իմ մասին էդքանը, դու՝

հոգ տար քո մասին

երեկ արդեն յոթանասուներկու ժամ առանց ընդմիջման գլխացավ ունենալուց հետո արձանագրեցինք, որ այո, նրանք վերադարձել են․․․

խցանումներ էին էլի․ կանաչ ոստիկանները սուլիչներով ու փայտերով նշաններ էին տալիս մեքենաներին՝ գնացեք, կանգ առեք, կանգ մի առեք․․․արագ գնացեք․․․․ սուլոցն անտանելի էր։ ընդհանրապես ամեն ինչ անտանելի է էս օրերին,բայց սուլոցը խառնվում էր գլխացավիս ու թվում էր՝ հիմա գլուխս վառված լուցկու նման կփշրվի, կթափվի․․․ չգիտեմ՝ ով պիտի հավաքեր․․․

մի խոսքով։ քայլում եմ աշխատանքի ու մտածում՝ հա ինչ վատ կլիներ՝ մենք էլ մի էդպիսի կանաչ ոստիկան ունենայինք մեր կյանքում։ որ խցանումների ժամանակ գար ու ասեր՝ առաջ անցի, մի կանգնի, մի մնա, հերիքա հետ նայես, չե՞ս տեսնում՝ հրում են, քայլիր վերջապես։

հետո մտածում եմ՝ չէ, հաստատ էլի սուլելու էր ու նյարդայնացներ։ ու տենց էլի զարթուցիչ եմ միացնում ժամը հինգն անց հիսունութ։ երկու րոպեն հերիք է, որ հասկանամ՝ ով եմ ու վեր կենամ ժամանակ սպանելու։ ժամանակասպան ենք մենք։

էսօր երազումս մարդիկ կատու էին ուտում։ իսկ ես պետք է սպանեի էդ կատվին։ հրաժարվեցի։ ասացի, որ չեմ կարողանում։

երևի կարոտել եմ մեր կատվին, որ առանց մի օր առաջ զգուշացնելու մահացավ․․․ միակ դրական էակն էր էս օրերի․․․ երևի չէ։ հաստատ կարոտել եմ։ գրելիս լաց եմ լինում։ ուրեմն հաստատ կարոտել եմ։

էսօր օրս միքիչ ուշ եմ սկսում։ ժամանակ ունեի քեզ պատմելու՝ ինչ տեսակ խառը ու անիմաստ մտքեր են գլխումս։ երևի դրանից էլ գլխացավերն են՝ արդեն չորս օր։

ամեն ինչից զատ՝

հոգ տար քո մասին

Էլ չեմ կարողանում ցուրտը տանել։ գրում եմ կանգառից, գրում եմ մատներս սառելով, գրում եմ սառած մատներով ու չեմ կարողանում դիմանալ ցրտին այլևս։

տարօրինակ կերպով ոչ թե մրսում եմ ցրտից, այլ արդեն վախենում եմ։ իսկ 5-ը չկա։ նախորդին հայացքով ճանապարհեցի։ պետք էր կես րոպե շուտ դուրս գալ օֆիսից։

սպասելուց չեմ նեղվում. ականջակալներ ունեմ, մրսելուց չեմ նեղվում, պայուսակիս ծանրությունից չեմ նեղվում, բայց անտանելի ա վախը։

մի տեսակ անապահովության զգացում եմ ունենում, պանիկա, լարվածություն...

ու զարմանում են մարդիկ, երբ ասում եմ, որ Գերմանիայում չմնալուս գլխավոր պատճառը ցուրտն էր։

արև ու տաք եմ ուզում։ թեթև շապիկով ու պիջակով տնից դուրս գալու եղանակ։

դու չմրսես։ դու

հոգ տար քո մասին

ամեն օրվա հետ ու ամեն ծանոթության հետ համոզվում եմ, որ հասունությունը տարիքի հետ կապ չունի։

հեյ, մի քանի խառը մտքեր կան խառը շաբաթվանից հետո։ կիսվեմ քեզ հետ ու գնամ կիրակին վայելելու։

ուսանողներիս մեծ մասը ինձանից մոտ երկու անգամ տարիքով մեծ են, բայց շատ հաճախ վարվում են դպրոցական տարիքի փոքրիկների նման։ իսկ էն ուսանողներս, որ մոտ 20 տարեկան են, կամ հենց իմ տարիքի, ավելի հասուն են ու շատ ավելի հեշտ է իրենց հետ աշխատելը։

տիկին Հասմիկը (դասի ժամանակ տիկին֊պարոն֊ով չեմ դիմում, քանի որ էդ դեպքում տարիքային էդ տարբերությունը հաղթահարել ընդհանրապես չէր ստացվի) ամեն պահի տեղից հուշում/խանգարում է բոլորին։ դե փորձում եմ առանց վիրավորելու, ոչ կոպիտ բացատրել, որ տգեղ է, որ բոլորին էլ խոսելու հերթ կլինի, որ բոլորն էլ պատասխանելու իրավունք ունեն։ դեռ էդքան էլ չի ստացվում, մի հետաքրքիր մեթոդ եմ որոշել, որ փորձելու եմ երեքշաբթի օրը։ անպայման էդ մասին կգրեմ։

Անուշը, որ գրեթե Հասմիկի տարիքին է, ուշ երեկոյան ինձ հաղորդագրություն է թողնում, որ Հասմիկին զգուշացնեմ, որ չհուշի բոլորին ։Դ

դե ես երկար ծիծաղում եմ, ժպիտ եմ ուղարկում Անուշին ու չեմ ծավալում թեման։ չեմ ուզում բամբասել։ հաջորդ դասին Հասմիկը բացակայում էր ու նրանք, ինչ խոսք, բամբասեցին՝ մինչ ես կարգիչս էի միացնում ու պատրաստվում էի դասին։ ։Դ

մեր կյանքում մարդիկ կան, որ պետք է լինեին։ հիմա որ մտածում եմ՝ այդ կամ այս մարդը բացակայեր իմ մտքերից, հասկանում եմ, որ տեղը դատարկ կլիներ։ դե դուք կասեք, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես էլ ասում եմ, որ հա, համաձայն եմ, բայց կան անփոխարինելի տեսակներ։ մտածում եմ, որ ուրույն են բոլորը։

«կներես, բայց չէ» արտահայտությունը դարձելա ակտիվ բառապաշարիս մի մաս։ ես միշտ ասում էի՝ կփորձեմ։ հիմա չեմ հասցնում։ հիմա ավելի շատ «չէ» եմ ասում, քան «կփորձեմ»։ ու ես ուրախ եմ դրա համար։ ես ուրախ եմ ինքս որոշել, թե որ ժամս ում եմ ուզում տրամադրել։ դե կարող է դուք զարմանաք, քանի որ դա լռելյայն էդպես պետք է լիներ։ ինձ մոտ հակառակն էր շատ երկար ժամանակ։ դե հա, ամբողջ կյանքում ։Ճ

էսօրվա երազս շատ տարօրինակ էր, պետք է գրեմ էստեղ։ եթե արդեն հոգնել ես տափակ մտքերս կարդալուց, չեմ նեղվի։

Ինչ֊որ սրճարանում նստած էինք ու մեր կողքի սեղանին աղջիկներ կային նստած։ նրանցից մեկը հնդկուհի էր։ ես զգացի, որ մյուս աղջիկները ուզում են էդ հնդկուհուն «խաբել» ու ավել գումար վերցնել՝ 450 դրամ ։Դ ու ինձ խնդրեցին, որ թարգմանեմ իր համար, որ 450 դրամ տա իրենց։ ես թարգմանեցի, բայց միաժամանակ նկատեցի, որ սեղանին կա 1400 դրամ, իսկ իրենց հաշիվը հաստատ 1400 էր, ես լսել էի։ ես ջղայնացա՝ թե ինչու են էդ աղջկանից ավել գումար վերցնում, ու վերադարձրի 450֊ը։

խնդրում եմ, ուղեղ, եթե դու ունես հնարավորություն, ինձ բացատրիր՝ ինչի պետք է ես նման երազներ տեսնեմ ։Դ

մեկ այլ երազում մամայիս ֆբ֊յան ստատուսն էին թերթում տպել ։Դ էդ ավելի մոտա իրականությանը։

քեզ լավ կիրակի, շնորհակալ եմ, որ կարդացիր էս անմիտ գրվածքը։ չմոռանաս՝

հոգ տար քո մասին

Տխրելու իրավունքը

Երբ էսօր ուսանողներս դուրս եկան ու ես ամբողջ ընթացքում կանգնած ու հումորներով անգլերեն բացատրելուց հետո վերջապես նստեցի (նստած չեմ կարողանում ինչ-որ բան սովորեցնել), հասկացա, թե իրականում ինչքան տխուր էի ու իննսուն րոպե ոնց եմ ձևացրել, թե շատ ուրախ եմ։

Նույն կերպ երեկոյան անհատական պարապող ուսանողը ասեց, որ գիտի, որ աշխատանքից եմ ու հոգնած, բայց հեչ չզգացվեց։

Իսկ աշխատանքը հաճախորդների սպասարկում է՝ Customer care specialist, տխուր լինելու ոչ մի շանս, քանի որ հաճախորդը հեչ մեղավոր չի քո անձնական խնդիրների համար։

Անգլերենից աշխատանք ճանապարհին ունեի տխրելու հնարավորություն, էն էլ մի տղա էնքան հավես էր մի շան հետ խաղում, որ չժպտալ չէր լինի։

Չգիտեմ՝ ես էլ խառնեցի իրար՝ ուզում եմ տխրել, թե չէ, տխուր եմ, թե չէ։ Զբաղ լինելը քեզ քեզանից տանումա, դու դառնում ես ոչ թե զգացող, այլ մտածող ու գործող անձ։

Ձյունոտ ա քաղաքը, տաք հագի ու

հոգ տար քո մասին

Քանի դեռ հույս չկա, թե էս միկրոավտոբուսը կհասցնի ինձ անգլերենի դասին, ես ուղղակի կտրվեմ հայ իրականությունից ու գրեմ՝ ինչեր են պտտվում գլխումս ամբողջ շաբաթ։

Գնա տուն, շուտ քնիր, որովհետև շուտ ես արթնանում։

Գիտեմ, որ մի տեսակ ձանձրալի ու տխուրա հնչում, բայց գոնե գլխացավերն են պակասել։

Չորս օր մենակ ապրելուց հետո ես հազարերորդ անգամ համոզվեցի, որ այո, ես մենակ պետք է ապրեմ։ Ես պետք է վերադառնամ լուռ տուն, ես պետք է մի հատ թեյ պատրաստեմ, անջատեմ լույսերը, միացնեմ ինչ-որ սերիալից ինչ-որ էպիզոդ, պատրաստեմ հաջորդ օրվա ճաշը, մտածեմ դասի պլանն ու ավարտեմ օրը ամենասիրած երգերի ցանկը ծայրից ծայր լսելով։

Ես պետք է արթնանամ լուռ տանը, մի հատ սուրճ պատրաստեմ, միացնեմ սիրած երգացանկը նորից ու նորից (մեկ-մեկ երգեր են ավելանում), ստուգեմ էլ փոստն ու սոց ցանցերը ու դուրս գամ գժանոց, խցանումների ու պանիկայի աշխարհ։

Ինչևէ՝ ամեն ինչ պետք է անել, որ մենակ ապրելը որքան հնարավոր է, շուտ իրականություն դառնա։

Որովհետև մարդիկ շատ են՝ միկրոավտոբուսում, մայթերին, շենքերում, աշխատանքում, մտքերում... Գոնե տանը պետք է մարդ չլինի։

Ինչևէ՝

հոգ տար քո մասին

Չգիտեմ՝ ովա առաջինը նկատել, որ ինչ-որ բան չունենալիս կամ քիչ ունենալիս ենք գնահատում միայն դրա առկայությունը/կարևորությունը, բայց դա իսկապես ճշմարտություն ա, նույնիսկ՝ անքննարկելի։

Երբ ամռանը ժամանակ ունեի ու չունեի աշխատանք, հասցնում էի ինչ-որ բան պատրաստել, յոգա, մեկ-մեկ ընկերների հետ հանդիպել (թե ուր էր քեզ ընկեր) ու հա, կարդում էի քիչ, ինչ-որ բաներ էի փորձում սովորել։

Նույնը անում եմ հիմա full time աշխատանքին ու չորս Nebenjob-ին զուգահեռ։

Բացի դրանից հիմա ավելի հաճախ եմ բլոգում ու ավելի հաճախ եմ ծանոթ/ընկերներիս հանդիպում։

Ինչքան քիչ ժամանակ ունես (տրամադրության տակ) էնքան շատ ժամանակ ունես (քոնը դարձրած):

Տենց...

հոգ տար քո մասին